Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԻՆՉԻ՞ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՇԽԱՐՀՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ

Ի. Պ.

Ամեն տարի օգոստոսի 19-ին ՄԱԿ-ը նշում է մարդասիրության համաշխարհային օրըՙ ի պատիվ մարդասիրական օգնության ոլորտում աշխատած այն մարդկանց, որոնք իրենց կյանքն են կորցրել ծառայողական պարտքը կատարելիս: Այս տարի լրանում է Բաղդադում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի ռմբակոծման 10 տարին, որտեղ մահացան ՄԱԿ-ի եւ մարդասիրական ոլորտի 22 աշխատակից, այդ թվումՙ այն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Իրաքում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նույնպես հիշատակում է նրանց զոհաբերությունը եւ վերահաստատում իր նվիրվածությունը մարդկանց կյանքեր փրկող այն գործին, որը կատարում են մարդասիրական ոլորտի աշխատողները ողջ աշխարհում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ` իրենք նույնպես միացել են մարդասիրության օրվա միջոցառումներին. երեկ ավելի քան 40 երեխաներ եւ երիտասարդներ մասնակցեցին մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Սեւանի Վինդսերֆինգի ակումբում:

Իսկ միջոցառման նպատակն էր ոգեշնչել երիտասարդությանը, որպեսզի մարդասիրական գործում լինեն ավելի ակտիվ: ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները երիտասարդների հետ քննարկել են մարդասիրական ոլորտում ՄԱԿ-ի գործունեությունը, նրանց բաժանել ՄԱԿ-ի համապատասխան գրականություն: Երեկ վինդսերֆինգի մրցույթի յոթ հաղթողներ նաեւ պարգեւատրվեցին ՄԱԿ-ի խրախուսական նյութերով:

Մարդասիրական օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ասել է. «Այս տարի մարդասիրության համաշխարհային օրվա մեր քարոզարշավը կոչ է անում մարդկանց պատասխանել մեկ հարցի` ի՞նչ եք կարծում` աշխարհն ամենից շատ ինչի՞ կարիք ունի: Ես ամենուր կոչ եմ անում մարդկանց այցելել www.worldhumanitarianday.org կայքէջը եւ մի բառով հայտնել մեզ իրենց կարծիքը: Իմ բառն էՙ թիմային աշխատանք: Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում մարդիկ եւ երկրները պետք է աշխատեն միասինՙ հանուն խաղաղության, արդարության, արժանապատվության եւ զարգացման ընդհանուր գործի: Դա է ՄԱԿ-ի մարդասիրական հրամայականը»: