Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆԵՆ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿԸ

Թբիլիսիում պատրաստվում են վերանվանել «Վարդերի հեղափոխության» հրապարակը: Այդ մասին հայտարարել է քաղաքային ժողովի անդամ Կախա Կուկավան:

«Грузия Online» կայքէջը մեջբերում է Կուկավայի այն պնդումը, որ տվյալ հարցը քննարկվելու է առաջնային կարգով: Հրապարակը կստանա «որեւէ ավանդական եւ պատմական» անուն: Կուկավայի խոսքերով, արդեն առկա է մի քանի տարբերակ:

Վարդերի հեղափոխության հրապարակը Թբիլիսիի կենտրոնում էՙ Ռուսթավելու պողոտայի ծայրին: Ներկայիս անվանումը ստացել է 2005-ինՙ «վարդերի հեղափոխությունից» երկու տարի անց: Այդ հեղափոխության շնորհիվ իշխանության գլուխ անցան Միխայիլ Սաակաշվիլին եւ նրա կողմնակիցները:

Դրանից առաջ հրապարակը կոչվում էր Հանրապետության հրապարակ:

Անցյալ տարեվերջին Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում: Իշխանության գլուխ անցավ «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան միլիարդեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ: Կազմվեց նոր կառավարություն: Սաակաշվիլին դեռ նախագահ է, բայց նրա ազդեցությունն էապես թուլացել է: