Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԳՈԴՖՐԻ ՌԵՋՋՈ. «ԵՍ ՖԻԼՄԵՐԸ ՉԵՄ ՍՏԵՂԾՈՒՄ, ՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԱՎԱՆԻ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Գոդֆրի Ռեջջոն, որը հայտնի է կինոաշխարհում իր «Կացի» եռերգությամբ` տեսողական պատկերահնչյունային էսսեների շարքով, հետաքրքրական մի ձեռագիր ունիՙ նրա ֆիլմերը մեծ ազդեցություն է ունենում մարդու վրա:

1940-ին Նյու Օռլեանում ծնված եւ Լուիզիանայում մեծացած Ռեջջոն 14 տարի է անցկացրել Քրիստոնյա Եղբայրների հռոմեադավան կաթոլիկական ուխտի մենաստանումՙ ապրելով աղոթքին եւ ուսմանը նվիրված կյանք: 1960-ականների հաստատվելով Նյու Մեքսիկոյում` Ռեջջոն դասավանդել է դպրոցում, դասախոսել, դարձել է պատանիների փողոցային հրոսակախմբերով զբաղվող «Գործունակ երիտասարդ քաղաքացիներ» համայնքային կազմակերպչական նախագծի համահիմնադիրը: Այնուհետեւ դարձել է նաեւ Սանտա Ֆեի «La Clinica de la Gente» համայնքային բժշկական կենտրոնի եւ Նյու Մեքսիկոյի հյուսիսային թաղամասերում իրագործվող «La gente» համայնքային նախագծի համահիմնադիրը: 1972-ին Ռեջջոն Սանտա Ֆեի շրջանային կրթության ինստիտուտի համահիմնադիրներից էր. շահույթ չհետապնդող այս հիմնադրամը հետամուտ էր լրատվամիջոցների զարգացմանը, արվեստին, համայնքի կազմակերպչական խնդիրներին եւ հետազոտություններին:

«Կոյանիսկացին»` կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Ռեջջոյի առաջին աշխատանքն է. «Կացի» եռերգության անդրանիկ ֆիլմը: Այն պատկերում է 1975-ից մինչեւ 1982-ն ընկած ժամանակահատվածում երկու տարբեր աշխարհների` քաղաքային կյանքի, տեխնիկայի եւ շրջակա միջավայրի աղետալի բախումը: Իսկ կինոնկարի երաժշտությունը հեղինակել է Ֆիլիպ Գլասը:

«Ազգ»-ը զրուցեց ռեժիսոր Գոդֆրի Ռեջջոյի հետ.

– Վարպետության դաս անցկացնելու ընթացքում հին ու նոր աշխարհների բնութագրումներն էիք տալիս` իրենց դրական ու բացասական կողմերով: Ի՞նչը կփոխվեր Ձեր ֆիլմերում, եթե ապրեիք հին աշխարհում:

– Անկեղծ ասած չեմ կարող ասել, պիտի ապրեի այդ շրջանում ու տեսնեի:

Ամենակարեւորըՙ լինել այդ վայրում, շփվել բնության հետ, որից հետո էլ նոր կարող եմ ասել, թե ինչ ազդեցություն կունենա: Սակայն այժմ, տեխնոլոգիայի զարգացումը մեզ կախվածության մեջ է պահում, սակայն անհրաժեշտ է օգտվել ժամանակակից նոր միտումներից, բայց չդառնալ դրանց գերին:

– Դիտելով Ձեր «Այցելուները» ֆիլմի առաջին հատվածը, տեսա հոգեկան ծանր վիճակ, ցավ, տառապանք, դառնություն: Արդյոք ֆիլմը նկարահանելու ժամանակ դուք հոգական այդ վիճակո՞ւմ էիք գտնվում ու դա պորթկում էր:

– Ոչ, նման ապրումներ ունենում եմ ֆիլմը նկարահանելուց հետո: Ես գիտեի, որ դա տեղի է ունենալու ու դրան էի նախապատրաստվում: Նկարահանման գործընթացի ժամանակ միայն հետեւում եմ լույսին, տեխնիկական մասին: Այդ ամբողջ ապրումները` ցավը, տառապանքը, դառնությունը ես ունեցա, երբ ֆիլմը նայեցի վերջնական տարբերակով:

– Երբ նայում եմ Սալվադոր Դալիի նկարները եւ Ձեր ֆիլմը, նույն անբացատրելի զգացողությունն եմ ունենում: Արդյոք Դալին Ձեր վրա մեծ ազդեցություն է ունեցել:

– Ոչ, իրականում ես Սալվադոր Դալիի արվեստի երկրպագուն չեմ, այլ` Լուիս Բունուելի ու Պաբլո Պիկասոյի: Նրանք ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել, իսկ Դալիի ստեղծագործությունները` ոչ:

– Ձեր նկարահանած ֆիլմերը դիտելիս հիպնոսի ես ենթարկվում ու անջատվում է ուղեղդ: Ինչպես եք այդ հնարքը կիրառում եւ կա արդյոք ինչ-որ բան, որից ոգեշնչվում եք:

– Ֆիլմը հիպնոզի է ենթարկում, քանի որ ֆիլմի կադրերը շատ դանդաղ են: Մենք սովոր չենք դանդաղ տեսարաններ տեսնել նաեւ առօրեայում: Ընդհանրապես կադրի միջին տեւողությունը 2 վայրկյան է, իսկ իմ ֆիլմերում յուրաքանչյուր կադրի միջին տեւողությունը 70 վայրկյան է: Մենք սովոր չենք նման բաներ տեսնելու, իսկ երբ տեսնում ենք, այն մեզ հիպնոզի է ենթարկում:

– Տասը տարի եք աշխատել «Այցելուները» ֆիլմի վրա: Այդ ընթացքում չի՞ եկել մի ժամանակ, որ հոգնեք այդ գործընթացից:

– Նման ֆիլմեր ստեղծելու կարեւորությունը կայանում է նրանում, որ երբեք չես հրաժարվում նրանից: Դա նման է երկար տարածություն վազող մարզիկի, որը ճանապարհի կեսին որոշի նստել ու հանգստանալ: Այդ դեպքում նա չի հասնի այն արդյունքին, ինչին ցանկանում է: Իմ համբերատարության շնորհիվ է, որ հասել եմ այս ամենին: Գիտեմ, որ պետք է համբերել, որ վերջում ստացվի:

– Ձեր ֆիլմերը սիրվում են հանդիսատեսի կողից, իսկ քննադատություններին ուշադրություն դարձնո՞ւմ եք:

– Միշտ ստեղծում եմ առիթներ, որ հանդիսատեսի հետ երկխոսությունս կայանա, շփվեմ նրա հետ, քանի որ նրա կարծիքն ինձ համար շատ կարեւոր են: Սակայն նշեմ, որ իմ ֆիլմերը բոլորի համար չեն ստեղծված, դրանք հոլիվուդյան ֆիլմերի նման չեն, որ սիրվեն բոլորի կողմից: Իմ ֆիլմերն ստեղծված են հատուկ մարդկանց համար:

– Քննադատությունները ազդո՞ւմ են ֆիլմի կոմերցիոն հաջողության վրա:

– Ես ֆիլմերը չեմ ստեղծում, որ հանդիսատեսը հավանի, այլ ես եմ իմ ֆիլմերի առաջին հանդիսատեսը ու ես հավատում եմ իմ ստեղծածին: Նկարիչը, երբ նկարում է, գույները չի համադրում այնպես, որ մշակութասերին դուր գա, այլ անում է ինքն իր համար, որ իրեն հաճելի լինի:

– Ըստ Ձեզ, որպես ռեժիսոր` կոմերցիոն ֆիլմի համար ո՞րն է ամենակարեւորը` դերասանական աստղային խո՞ւմբը, լավ սցենա՞րը, թե՞ ֆինանսական կողմը:

– Նման ֆիլմերի համար, այս երեքն էլ կարեւոր են, բայց ամենակարեւորը դերասաններն են: Եթե, օրինակ, Շվացնեգերն է խաղում, ապա բոլորը գնում են ֆիլմը դիտելու, սակայն դա չի նշանակում, որ ֆիլմը լավն է: Այդ իսկ պատճառով էլ դերասանները շատ գումար են վաստակում, ի տարբերություն ռեժիսորների ու սցենարիստենրի:

– Ձեր ֆիլմերում, սակայն, հայտնի դերասաններ չեն խաղում, այլ հասարակ մարդիկ: Արդյոք չկար վախ, որ դրանք հանրության շրջանում այդքան հայտնի ու սիրելի չեն դառնա:

– Ես չեմ ընկնում կոմերցիայի հետեւից, այլ իմ ֆիլմերում ներառում եմ հասարակ մարդկանց, որոնց միջոցով հաղորդակցությունն ավելի հեշտ է ստացվում:

Ներկայումս Գոդֆրի Ռեջջոն հաճախակի է դասախոսություններ կարդում փիլիսոփայության, տեխնոլոգիաների եւ կինոյի մասին: