Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՎԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 12-ին կարկտահարությունից տուժեցին գյուղացիները, եւ «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերանայում է կարկտահարությունից տուժած բոլոր հաճախորդների վարկերի պայմանները:

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց «Կամուրջ» ՈւՎԿ ընկերության նախագահ Արա Աղայանը, կարկուտից հետո «Կամուրջ» ՈւՎԿ ընկերությունում ձեւավորվեց աշխատանքային խումբ, որ մեկնեց մարզեր, հանդիպեց տուժած գյուղացիների հետ: Իսկ վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ Արմավիրի մարզի 77 վարկառուներից 26-ն ստացել են վնասներ, տուժած գյուղացիների թիվը գերազանցում է 1000-ը:

Ընկերությունը, լսելով գյուղացիների առաջարկները, բողոքներն ու դիտողությունները, հանգել է հետեւյալ որոշման. վարկերի մարման ժամկետները երկարաձգվել են 1-2 տարով` կախված վարկառուների կողմից մշակվող մշակաբույսերի եւ ծառերի վերականգնման ժամկետներից եւ այլընտրանքային եկամտի աղբյուրների առկայությունից:

Վարկերի տոկոսադրույքները էապես նվազեցվել են` հաշվի առնելով տվյալ գյուղական համայնքում կարկուտից վարկառուների տուժելու աստիճանը եւ հետեւանքները:

Ի դեպ, վարկերի գործողության ամբողջ ժամանակահատվածում չեն գանձվելու միջնորդավճարներ, ինչպես նաեւ վարկերի սպասարկման վճարներ:

Որոշ դեպքերում մի քանի ամսով հետաձգվել են տոկոսների վճարումները` հաշվի առնելով վարկառուների ծանր սոցիալական պայմանները եւ տվյալ պահին մարումներ կատարելու անհնարինությունը:

Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաեւ մյուս տարվա գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի ժամանակ կրկին լրացուցիչ վարկավորել այն վարկառուներին, որոնք կկատարեն վերակառուցված վարկային պարտավորությունները:

Ի դեպ, «Կամուրջ» ՈւՎԿ ընկերությունը միացել է նաեւ «Ջրից դեպի շուկա» ծրագրին: