Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՆՓՈՒՅԹ ԽԱՂԻ ՏԽՈՒՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Միկային» չհաջողվեց ռեւանշի հասնել առաջին խաղում Չեռնոգորիայի «Ռուդարից» կրած պարտության դիմաց եւ մտնել հաջորդ փուլ, թեեւ հայկական ակումբը հիանալի հնարավորություն ուներ իրականացնելու թիմի երկրպագուների սպասելիքները: Հանդիպման սկիզբը շատ խոստումնալից էր «Միկայի» ֆուտբոլիստների համար, որոնք արդեն առաջին րոպեին կարող էին հավասարեցնել երկու խաղերի ընդհանուր արդյունքը: Սակայն թիմի երիտասարդ հարձակվող Արման Հակոբյանը մեն մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, աններելիորեն վրիպեց: Քիչ անց նա կրկին հայտնվեց հարմար դիրքում, սակայն այս անգամ էլ չկարողացավ իրացնել գոլային պահը: 16-րդ րոպեին էլ Վարդան Մովսիսյանը ձեռքից բաց թողեց գոլ խփելու հիանալի հնարավորությունը: Այսպես «Միկան» դեռեւս առաջին 15 րոպեներին կարող էր վճռել «Ռուդարի» հետ դիմակայության ելքը:

Ցավոք, մեր ֆուտբոլիստները հետագայում դադարեցրին պայքարը, զգալիորեն գցեցին խաղի տեմպը, որը ձեռնտու էր մրցակցին: Ճիշտ է, առաջին խաղակեսի վերջին րոպեին «Միկային» վերջապես հաջողվեց բացել հաշիվը: Ձախ թեւից ստացած փոխանցումից հետո Ռաֆայել Ղազարյանն ընթացքից գնդակն ուղարկեց դարպասը:

Զգացվում էր թիմերի խաղամակարդակների տարբերությունը: Եվ ցավալին այն է, որ խաղամակարդակով գերազանցելով մրցակցին, «Միկային» այդպես էլ չհաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը: Դրանում առաջին հերթին մեղավոր էին հենց «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք այս խաղում չցուցադրեցին իրենց իրական խաղային հնարավորությունները: Հատկապես հիասթափեցրեց թիմի փորձառու ավագ Աղվան Մկրտչյանի անպատասխանատու խաղը: Վերջինիս թույլ տված երկու կոպիտ սխալների պատճառով «Ռուդարը» ողջ հանդիպման ընթացքում ընդամենը երկու վտանգավոր պահ ստեղծեց, որոնցից մեկն էլ խաղավարտից 5 րոպե առաջ իրացրեց: Աղվանը դաշտի կենտրոնում անփույթ խաղաց եւ կորցրեց գնդակը, որից օգտվելով հյուրերը արագ գրոհ կազմակերպեցին եւ Դեյան Բանանովիչը գրավեց դարպասը: Այսպես «Միկան» ողջ խաղի ընթացքում ունենալով առավելություն եւ ստեղծելով գոլային մի շարք պահեր, դուրս մնաց հետագա պայքարից: Սա պետք է դաս լինի «Միկայի» եւ ընդհանրապես հայկական ակումբների համար, որոնք եվրոգավաթներում մրցելով նույնիսկ իրենցից ցածր կարգ ունեցող թիմերի հետ, չեն կարողանում դրական արդյունքի հասնել:

Խաղից հետո թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին:

Արամ Ոսկանյան («Միկա») – Ինքներդ տեսաք, թե խաղն ինչպիսի սցենարով անցավ: Առաջին խաղակեսը բավական լավ սկսեցինք, հիանալի գոլային պահեր ունեցանք, սակայն չկարողացանք իրացնել դրանք: Երկրորդ խաղակեսում թիմը համեմատաբար դանդաղ սկսեց խաղալ: Իսկ խաղավերջում էլ կոպիտ սխալ գործեց մեր փորձառու ֆուտբոլիստը: Աղվանը չպետք է շրջվեր, երբ դեմքով դեպի մեր դարպասն էր: Ես խաղացողներին զգուշացրել էի, որ նման իրավիճակներում ռիսկի չդիմեն: Սակայն հնարավոր է, որ Մկրտչյանը չափից դուրս ինքնավստահ գործեց: Դա կարգապահական սխալ էր: Մեզ մնում է լավ նախապատրաստվել առաջնությանը եւ փորձել յուրաքանչյուր խաղում հաղթել:

Միրկո Մարիչ («Ռուդար») – Գիտեինք, որ ծանր խաղ է լինելու: Հանդիպումը մի փոքր լարված սկսեցինք, որի հետեւանքով «Միկան» գոլային երեք պահ ստեղծեց: Սակայն այդ դրվագներում մարզական բախտը մեզ ժպտաց: Հետագայում կարողացանք թոթափել լարվածությունը: Ցավալի է, որ առաջին խաղակեսի վերջին րոպեին գոլ բաց թողեցինք: Ընդմիջմանն այլ մարտավարություն ընտրեցինք: Երկրորդ խաղակեսում «Միկան» ինքն իր գործը բարդացրեց, իսկ մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը: Առաջին խաղը մեզ համար դժվար ստացվեց, քանի որ ծանոթ չէինք «Միկային», իսկ այսօր այլ խաղ ցուցադրեցինք: