Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

9 ՏԵՍԱԿԻ ԶԵՆՔ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ

Հ. Հ.

Գորիսում հնչած կրակոցների հետեւանքով հարուցված քրեական գործի շրջանակներում զինդատախազությունը հրապարակել է գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվություն:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի բնակարանում կատարված խուզարկությամբ առգրավվել է շուրջ 9 տեսակի զենքՙ 4 որսորդական ողորկափող հրացան, երկու կարճ ակոսափող հրազեններ, ակոսափող հրացան, գազային ատրճանակ «Վալտրո Կոմբատ» եւ ատրճանակ «Բրաունինգ»:

Վերոնշյալ զենքերը գրանցված են Սուրեն Խաչատրյանի անունով:

Բուդաղյանների բնակարանից առգրավվել է ատրճանակ ՏՏ NՍՊ-1164, որը գրանցված է Արա Բուդաղյանի անվամբ: Վերջինս այն ստացել է 2009-ին ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով:

Դեպքի վայրից առգրավվել է երեք զենք: Ավետիք Բուդաղյանի մոտից առգրավվել են «Բերետտա» մակնիշի ատրճանակ, որի գրանցումն այս պահին ճշտվում է, որսորդական հրացան եւ «Արմսքոր» ատրճանակ, երկուսն էլ գնդապետի անունով: Դրանցից առաջինը նա ստացել է ՀՀ, երկրորդըՙ ԼՂՀ պաշտպանության նախարարներից որպես պարգեւատրում:

Մանվել Մալինցյանի մոտ առգրավվել է երկու որսորդական ակոսափող հրացան, երկուսն էլ գրանցված Սուրեն Խաչատրյանի անվամբ: