Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 840 պահման տեղ կա, սակայն մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպմանը մասնակցել է 1184 կալանավոր: Օմբուդսմենն այցելել է կալանավորների խցերն ու ապշել, խցերն ընդամենը 25 քառակուսի մետր են, յուրաքանչյուրում տեղավորված են 17 կալանավորներ, մինչդեռ մահճակալները 10-12-ն են: Օրական մեկ ժամ ժամանակ է տրամադրված քայլելու համար, սակայն քայլելու հաճույքից էլ են կալանավորներին զրկում, քանի որ տարածքը շատ փոքր է: Ըստ օմբուդսմենիՙ խոշտանգումը միայն ծեծը կամ բռնությունը չէ, խոշտանգում են նաեւ այն պայմանները, որոնց ականատես է եղել Անդրեասյանը: Օմբուդսմենը հավելում է, որ կալանավորներից այնպիսի պատմություններ է լսել, որ «անգամ քարերը կլացեին»:
Քրեակատարողական հիմնարկներում օմբուդսմենը 3 հիմնական խնդիր է նկատելՙ ֆինանսական միջոցների սղություն, կոռուպցիա եւ խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած քրեածին բարքեր:
Սակայն օմբուդսմենն ուշադրության է հրավիրում ամենացավալի խնդրին: Քրեակատարողական հիմնարկի կալանավորները գերբնակեցման պատճառով հերթով են քնում: «Ի՞նչ մարդասիրության մասին կարող է խոսք լինել, կամ մարդու իրավունքների, երբ մարդիկ հերթով են քնում», ասում է օմբուդսմենըՙ հավելելով, որ այս տարվա ընթացքում ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդը Միացյալ Թագավորության աջակցությամբ այցելել է 133 փակ եւ կիսափակ հաստատություններ: Ներկայացված միջանկյալ զեկույցում էլ օմբուդսմենը ներկայացրել է իրավիճակը կալանավայրերում, ոստիկանության ստորաբաժանումներում եւ ձերբակալված անձանց պահման վայրերում, ՀՀ Պն զորամասերում, հատուկ դպրոցներում, գիշերօթիկ հաստատություններում, մանկատներում, ինչպես նաեւ հոգեբուժական հիմնարկներում եւ սոցիալական խնամքի հաստատություններում: Այցելության ժամանակ Անդրեասյանը հանդիպել է նաեւ ցմահ դատապարտվածներին: «Իրավիճակը մի օր պայթելու է: Մենք թունելի վերջում լույս չենք տեսնում», ցմահ դատապարտվածների խոսքն է փոխանցում Անդրեասյանըՙ հավելելով, որ իրեն այդպես անհասականալի մնաց, թե ինչո՞ւ ցմահ դատապարտյալների մասին օրենքի նախագիծը ԱԺ-ում հայտնվեց փակուղում: «Ցմահների հարցերով ոչ ոք չի ուզում ավելորդ հերոսանալ, լավամարդ լինել: Ցմահ դատապարտյալների լոբբիինգը մոդայիկ չէ»:
«Ազգ»-ը վերջերս անդրադարձել էր նախագծին, որը նախատեսում է ցմահ դատապարտյալների տարիքային ստորին շեմը 18-ից դարձնել 21, իսկ պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու համար նախատեսված 20 տարին պակասեցնել: Անդրեասյանը նշում է, որ ցմահ դատապարտյալների մեջ կան մարդիկ, ովքեր խորհրդային հասարակարգի օրոքՙ 18-20 տարեկանում դատապարտվել են անզգույշ սպանության համար, անկախության տարիներին նրանց պատժի առավելագույն չափը մեխանիկորեն փոխվել է ցմահի, իսկ առջեւում մի ամբողջ կյանք է, որ մարդ անցկացնում է կալանավայրում: Կալանավայրերում ամենալուրջ խնդիրը շարունակում են մնալ գողական բարքերը: Այս առնչությամբ ՄԻՊ-ի եւ ՔԿՀ տնօրենության տեսակետները տարբեր են: ՄԻՊ-ում համոզված են, որ գողական բարքերը կալանավայրերից են գալիս հասարակություն, ՔԿՀ-ում էլ հակառակ տեսակետն են պնդում:
Նկար 1. Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը եւ Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը երեկ հանդիպեցին կալանավորների հետ: