Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԿՀՎ-Ն ՍԿՍԵԼ Է ԶԵՆՔ ԱՌԱՔԵԼ ՍԻՐԻԱՅԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ

Օտարերկրյա ներխուժման մոտալուտ վտանգ

Կենտրոնական հետախուզական վարչությունը սկսել է գաղտնի պահեստներից զենք առաքել Հորդանանՙ Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի դեմ կռվող գրոհայինների առանձին խմբերին զինելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը:

Լրագրողներ Ադամ Էնտուսի, Ջուլիան Բառնսի եւ Սիոբհան Գորմանի տեղեկությունների համաձայն, սպառազինությունների առաքումը տեւելու է 3 շաբաթ: Խոսքը թեթեւ հրազենի, թերեւս նաեւ շարժական հակատանկային հրթիռահամալիրների մասին է:

Զենքը պետք է փոխանցվի բացառապես այն խմբավորումներին, որոնց ամերիկյան հետախուզությունը համարում է «չափավորական»:

ԿՀՎ-ն ծրագրում է զենքի առաքումից հետո 2 շաբաթվա ընթացքում Հորդանանում անցկացնել ստուգումներՙ պարզելու թե գրոհայինների ընտրված խմբերը որքանով են կարողանում օգտվել տվյալ զինատեսակներից: Անհրաժեշտության դեպքում կանցկացվեն կարճ դասընթացներ, գրում է թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

Վերջիններիս համաձայն, սիրիացի գրոհայիններին զինելու ԿՀՎ ծրագիրը մեկնարկում է օգոստոսին: Նախատեսվում է հետագայում ամեն ամիս Սիրիա ուղարկել ամերիկյան զենք ստացած մի քանի հարյուր գրոհայինների:

Ասադի վարչակարգի եւ «Հզբոլլահ» խմբավորման դեմ գործող գրոհայինները կստանան ոչ միայն ամերիկյան զենք, այլեւ Ֆրանսիայից եւ Սաուդյան Արաբիայից զինատեսակներ: Թերթի տվյալներով, սաուդցիները կարող են մատարակարարել շարժական զենիթահրթիռային համալիրներ, որոնք գրոհայիններին թույլ կտան կռվել Սիրիայի օդուժի դեմ:

ԿՀՎ-ն կվերահսկի շարժական զենիթահրթիռային համալիրների մատակարարումները, որպեսզի այդ զինատեսակը չհայտնվի «Ալ Ղաիդայի» հետ կապված իսլամիստների ձեռքին: Թե ինչպես է իրականացվելու վերահսկողությունը, հայտնի չէ:

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել «Ուոլ Սթրիթ ջոռնըլի» հրապարակումը:

Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Էնդրյու Թեբլերի կարծիքով` սիրիական Տարտուս նավահանգստի նյութատեխնիկական մատակարարման կետից ռուսաստանցի զինծառայողների դուրսբերումը թերեւս բացատրվում է մոտալուտ օտարերկրյա ներխուժման վտանգով: Դժվար է գտնել ուրիշ բացատրությունՙ նկատի ունենալով Սիրիայի կառավարական զորքի վերջին հաջողությունները եւ Տարտուսի կայուն իրադրությունը:

«Վաշինգտոն փոստ» թերթին տված հարցազրույցում Թեբլերը ենթադրություն է արել, որ արտաքին միջամտություն կարող է իրականացնել ԱՄՆ-ը կամ Իսրայելը: Առաջին դեպքում հիմնավորում կդառնա Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը, երկրորդ դեպքումՙ Դամասկոսին «երկիր-օդ» դասի հրթիռների (օրինակՙ ռուսների խոստացած C-300-ների) մատակարարումները: