Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

Հ. Չ.

Օրերս իր տիկնոջ հետ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի է այցելել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրանսիս Ռիչարդոնեն: Ինչպես հունիսի 25-ին նշել է Նյու Յորքի թուրքական կայքէջը, այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ասել է, որ ինքը Սուրբ Խաչում առաջին անգամ եղել է 33 տարի առաջ, վերականգնումից հետո եկեղեցին ավելի հոյակապ տեսք է ստացել:

Ամերիկյան դեսպանն անդրադարձել է նաեւ քաղաքական խնդիրներին, մատնանշելով, որ առաջխաղացում է արձանագրվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացում, ապա ավելացրել է. «Տեսանելի են այդ առաջխաղացման արդյունքները: Այս տարի անցյալի համեմատ 4 անգամ ավելացել է Աղթամար այցելող զբոսաշրջիկների թիվը»:

Թե ինչ կապ ունի Աղթամար կղզի այցելող զբոսաշրջիկների թիվը Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հետ, գիտի միայն Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, բայց չի ասում, որովհետեւ… ալարում է: