Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը փոխել է կառավարության կազմը: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ փոփոխությունների պատճառը գործընկերներից մեկի դուրս գալն է կառավարող կոալիցիայից: Խոսքը «Ժողովրդավարական ձախեր» կուսակցության մասին է, որը նախարարական մի քանի պաշտոն է զբաղեցնում:

Վերակազմված կառավարության մեջ մնացել է երկու մասնակիցՙ «Նոր ժողովրդավարությունը» վարչապետ Սամարասի գլխավորությամբ եւ PASOK-ի սոցիալիստները, որոնց առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը փոխատեղումների արդյունքում այժմ զբաղեցնում է փոխվարչապետի եւ արտգործնախարարի պաշտոնները:

Կառավարող կոալիցիայից «Ժողովրդավարական ձախեր» կուսակցության դուրս գալու պատճառը ERT պետական հեռուստառադիոընկերության փակումն էր: Դա ամենափոքր կուսակցությունն էր կոալիցիայում: ERT-ի փակման մասին հայտնի էր դարձել հունիսի 11-ին: Իշխանությունները ընկերության աշխատանքը դադարեցրին բյուջետային միջոցների անբավարարության պատճառով: Հեռուստառադիոընկերության 2,5 հազար աշխատակիցներ հայտնվեցին չվճարվող արձակուրդի մեջ: Այդ որոշումը երկրում վրդովմունքի ալիք բարձրացրեց: Ի պաշտպանություն ERT-ի աշխատողների անցկացվեցին բողոքի բազմամարդ ցույցեր: