Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԼԻԲԱՆԱՆԻ ԲԱՆԱԿԻ ՈՒ ՍՈՒՆՆԻ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԲԱԽՈՒՄՆԵՐ

Լիբանանում կիրակի գիշեր եւ լույս երկուշաբթի օրը տեղի են ունեցել բանակի եւ սիրիացի ապստամբներին պաշտպանող տեղացի սուննի իսլամիստների բախումներ: Ասոշիեյթեդ պրես գործակալության տվյալներովՙ սպանվել է առնվազն 12 մարդ:

Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ սպանվածների մեջ կան 10 լիբանանցի զինծառայող եւ սուննի արմատական քարոզիչ, շեյխ Ահմադ ալ Ասիրի կողմնակիցներ: Կան նաեւ հինգ տասնյակ վիրավորներ:

Մարտերը սկսվել էին կիրակի օրը լիբանանյան Սայդա քաղաքի արվարձաններում: Առաջինը կրակ էին բացել ալ Ասիրի կողմնակիցները, որոնք զինված ուժերի հսկիչ անցակետի վրա էին հարձակվել իսլամիստներից մեկի ձերբակալությունից հետո: Ապա մարտերը շարունակվել էին բուն Սայդայում:

Նույն օրը YouTube-ում զետեղվել է ալ Ասիրի տեսագրված ելույթը, որտեղ նա Լիբանանի բանակին մեղադրում էր Սիրիայի կառավարական զորքերի կողմից կռվող շիաների «Հզբոլլահ» շարժմանն օգնելու մեջ: Շեյխը բոլոր «ազնիվ մարդկանց» կոչ էր անում լքել բանակը եւ միանալ իրեն:

Լիբանանի զինվորական հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ ալ Ասիրի խմբի հարձակումը բուն Լիբանանում «պատերազմի պատրույգ վառելու» փորձ է: Հարձակումը համեմատվում է Բեյրութի 1975 թ. դեպքերի հետ, որոնցում վճռական դեր էին խաղացել պաղեստինցի գրոհայինները: Այն ժամանակ բախումները դրել էին Լիբանանի 15-ամյա քաղաքացիական պատերազմի սկիզբը:

Բեյրութն աստիճանաբար ներքաշվում է քաղաքացիական պատերազմի մեջ: «Հզբոլլահ» խմբավորումը Բաշար Ասադի զորքերի հետ կռվում է սիրիացի ապստամբների դեմ, իսկ բուն Լիբանանում կան այդ ապստամբների բազմաթիվ կողմնակիցներ: