Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՐԱՎԱՅԻՆ «ԳԱԶԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ» ԵՐԹՈՒՂԻՆ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ

Վ. Ա.

Ադրբեջանական մամուլն անոնսավորել էր, որ «հունիսի երրորդ տասնօրյակում նախագահ Իլհամ Ալիեւը կայցելի Բրյուսել, որտեղ, հավանաբար, հանդիսավոր պայմաններում կհայտարարվի հարավային գազային երթուղու վերջնական երթուղու ընտրության մասին»:

Երեկ Իլհամ Ալիեւն իրոք Բրյուսելում էր: Բանակցությունների ավարտին, սակայն, ոչ մի հանդիսավոր պայմաններ չստեղծվեցին եւ հարավային գազային միջանցքի երթուղու ընտրության կամ նույնիսկ նախանշման մասին ոչինչ չասվեց: Եվրոհանձնաժողովի նախագահի եւ Իլհամ Ալիեւի համատեղ մամուլի ասուլիսին, ընդհակառակը, ուշադրության կենտրոնում էր Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների հարցը:

Իր խոսքում Եվրոհանձնաժողովի նախագահը բավական աննրբանկատ է գտնվել եւ ասել, որ Ադրբեջանը ժամանակին եղել է ամբողջատիրական ԽՍՀՄ կազմում, եթե իրավիճակը գնահատվի այդ իրողության նկատառմամբ, ապա «կարելի է տեսնել առաջընթաց»: Սա նշանակում է, որ Եվրոմիությունն ադրբեջանական «ժողովրդավարությունը» պարզապես համեմատում է խորհրդային ամբողջատիրության հետ:

Ու թեեւ Եվրոհանձնաժողովի նախագահը նաեւ ասել է, որ «Եվրոպան էլ կատարյալ չէ, եւ ամեն երկիր ունի իր խնդիրները», այդուհանդերձ Իլհամ Ալիեւն ակնհայտորեն նյարդայնացած էր: Այնքան, որ լրագրողներից մեկի հարցին պատասխանել է, որ «Ադրբեջանում քաղաքական հայացքների համար ոչ ոք չի հետապնդվում»` կատարելապես նմանվելով խորհրդային չինովնիկի:

Իլհամ Ալիեւի բրյուսելյան այցին ընդառաջ Եվրոխորհրդարանը հատուկ բանաձեւ էր ընդունել եւ դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերը:

Մասնավորապես, եվրոպացի խորհրդարանականները պահանջել էին անհապաղ ազատ արձակել իրավապաշտպան Իլգար Մամեդովին, որին իշխանությունները ներկայացրել են Իսմայիլիում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանի առողջության համար վտանգավոր եղանակով նրան դիմադրություն ցույց տալու» մեղադրանք:

Միլլի մեջլիսի երեկվա արտահերթ նիստում իշխող կուսակցությունից պատգամավոր Խադի Ռաջաբլին Իլգար Մամեդովին անվանել է «օտարեկրյա հատուկ ծառայությունների գործակալ, որը փորձում է Ադրբեջանում «գունավոր» հեղափոխություն անել»: Ռաջաբլին նույնիսկ խորհրդարանի խոսնակ Ասադովին կշտամբել է այն բանի համար, որ «ժամանակին թույլ չի տվել, որ պատգամավորները Մամեդովի դեմ բողոք ուղարկեն գլխավոր դատախազություն»:

Եթե խորհրդարանի ամբիոնից հասարակական գործչի, որ գտնվում է նախնական կալանքի տակ, հասցեին հնչեցրած նման մեղադրանքները «քաղաքական հետապնդում չեն», ապա ինչպե՞ս անվանել դրանք: Հավանաբար, հենց այս հանգամանքն է նկատի ունեցել Եվրոհանձնաժողովի նախագահը, երբ ասել է, որ ԵՄ-ն «չափազանց կարեւորում է մարդու իրավունքները»:

Անշուշտ, դա չէ գլխավոր պատճառը, որ հարավային «գազային միջանցքի» երթուղու հարցում վերջնական որոշում չի ընդունվել: Ինչ-որ հարցերում, հավանական է, կողմերը դեռեւս դիրքորոշումները չեն հստակեցրել: Իլհամ Ալիեւի ձեւակերպումը, որ «դա երկու կողմին էլ ձեռնտու է, քանի որ Ադրբեջանը ձեռք է բերում հուսալի շուկա, իսկ Եվրոպան` էներգակիրների այլընտրանքային աղբյուր», կարելի է հասկանալ այնպես, որ Եվրոմիությունը դեռեւս ադրբեջանական «այլընտրանքի աշխարհաքաղաքական կարեւորության» հարցում լիովին համոզված չէ: