Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ՇԻՐԱԿԸ» ՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ

Նոր մրցաշրջանի նախապատրաստությունն արդեն սկսել է Հայաստանի նորընծա չեմպիոն Գյումրիի «Շիրակը», որն իր առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Հանքավանում: Մինչեւ առաջնության մեկնարկը «Շիրակը» հուլիսին կմասնակցի չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Քանի որ Հայաստանի գործակիցը շատ է նվազել ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում, ուստի այս տարի «Շիրակը» մրցաշարը կսկսի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից: Այդ փուլում «Շիրակը» կմրցի Ֆարերների կամ Սան Մարինոյի չեմպիոնի հետ: Ինչ խոսք, «Շիրակը» պարզապես պարտավոր է հաղթահարելու առաջին փուլի արգելքը:

«Շիրակի» կազմում փորձաշրջան կանցնի սենեգալցի պաշտպան Վադե Չեյխը: 20-ամյա ֆուտբոլիստը թիմում կմարզվի մինչեւ հունիսի 17-ը, որից հետո մարզիչները կորոշեն նրա հետագա ճակատագիրը:

Իրանի «Զոբ Ահանից» թիմ է վերադարձել կոտդիվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն: Նա ձմռանն էր վարձավճարով մեկնել Իրան, իսկ մինչ այդ «Շիրակում» 14 գոլի հեղինակ էր դարձել: