Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱԶԱ

Մոտ ժամանակներս Մոսկվայում կստեղծվի աշխատանքային միգրանտների մատնահետքերի միասնական էլեկտրոնային բազա: Տվյալ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մայրաքաղաքում բացահայտվել են մատնահետքերի գրանցմանը վերաբերող տասնյակ կեղծ տեղեկանքներ: Այդ մասին «Իզվեստիա» թերթի թղթակցին պատմել է Ներգաղթի դաշնային ծառայության (ՆԴԾ) Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Օլգա Կիրիլովան:

«Վերջերս մենք մտցրինք մատնահետքերի գրանցում, բայց այսօր հնարամիտները սկսել են կեղծել օտարերկրացու սկանավորման վերաբերյալ մեր աշխատակիցների տեղեկանքները: Բանն այն է, որ մատնահետքերը գրանցվում են մի տեղում, իսկ արտոնագրերը տրվում են միանգամայն ուրիշ տեղում», ասում է Կիրիլովան: Այժմ տեխնիկապես հնարավոր չէ փաստաթղթերը ստուգել համընթաց ռեժիմով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ տարեսկզբից աշխատանքային միգրանտների մատնահետքերը պարտադիր կարգով գրանցվում են, որից հետո նրանք ստանում են Ռուսաստանում աշխատելու իրավունք: