Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԻԼԻԿՅԱՆԻ ՊՈԵՄԸ 19 ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

Հ. Ծ.

Իր մոր հիշատակին ձոնված երկարաշունչ, բայց խորին հուզականությամբ պարուրված լոնդոնաբնակ բանաստեղծ, պրոֆ. Հովհաննես Փիլիկյանի անգլերեն լեզվով գրված պոեմը Հայաստանում շուտով լույս է տեսնելու 19 այլ լեզուներով, տեղեկացնում է Էդվինա Չարլզը «Ռամկավար մամուլ» շրջաբերականի հերթական համարում: «Սա աննախադեպ երեւույթ է գրքերի տպագրության պատմության մեջ եւ միայն Հայաստանի նման հարուստ մշակույթ ունեցող երկրում կարող էր իրականություն դառնալ», գրում է Էդվինան:

Մտահղացումը եւ պոեմի հայերեն ու ռուսերեն տարբերակների թարգմանությունը պատկանում է նվիրյալ մտավորական Արծվի Բախչինյանին: Հրատարակությունը իրականացնում է «Հայաստան» հրատարակչատունը:

Բացի ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն, ճապոներեն եւ այլ հայտնի լեզուների, հատորը պարունակելու է նաեւ աֆրիկյան «յորուբա» եւ պերուական «քուեչուա» լեզուները: