Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Տավշո հոգեւոր բիբը՝ Խորանաշատը, 800 տարեկան է

Տավշո աշխարհում՝ սահմանամերձ Չինարի գյուղից 2,5 կմ հյուսիս-արեւելք, թավուտ անտառում Խորանաշատ վանքն է: 13-րդ դարասկզբին է այն հիմնել է Վանական  Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ:

Վանական համալիրը կազմված է Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի եկեղեցիներից, կիսավեր մատուռից եւ երկու գերեզմանից:

2019 թվականին, երբ հարյուրամյակների դադարից հետո Խորանաշատում տեղի ունեցավ եպիսկոպոսական սուրբ պատարագ, որոշվեց, որ 2022-ին մեծ շուքով նշվելու է վանքի հիմնադրման 800-ամյակը: Ոչ ոք չէր պատկերացնի, որ ծանր ու դժվարին ժամանակներ են գալու՝ պատերազմ, Արցախի կորուստ, թշնամին մխրճվելու է Հայաստանի սահմաններից ներս:

Այնուամենայնիվ, Խորանաշատի 800-ամյակը կնշվեի: Միջոցառումների ծրագիրն արդեն հաստատվել է: Մայիսի 11-ին այն մեկնարկեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսով, որտեղ ներկայացվեցին Խորանաշատում ստեղծված շուրջ մեկ տասնյակից ավելի բացառիկ ձեռագրեր՝ 13-րդ դարից սկսած, այդ թվում՝ 1224 թվականի մագաղաթյա պատկառելի ձեռագիր «Խորանաշատի Ավետարանը»:

Խորանաշատը Տավուշի մարզում գտնվող հատկապես մի քանի դրկից գյուղերի՝ Չորաթանի, Չինարիի, Մովսեսի, Այգեձորի հոգեւոր բիբն է: Մայիսի 28-ին նախատեսվում է այցելություն դեպի  Չինարի գյուղ՝ Խորանաշատ վանական համալիր: Այդ օրը մագաղաթյա «Ավետարանը» Մատենադարանից կտարվի Խորանաշատ, այնտեղ, որտեղ ստեղծվել է ձեռագիր հուշարձանը: «Ավետարանով» կկատարվի Անդաստանի արարղություն:

«Մենք այս հարցում մի փոքր պահպանողական ենք, որ ձեռագիրը, ինչպես իր ծնողներին լսող երեխան, անպայման գիշերը գա տուն, բայց Խորանաշատի 800-ամյակի առթիվ մեր ոգեւորությունն այնքան  մեծ է, որ Մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ բացառություն ենք անելու եւ 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարանը» մեկ գիշեր մնալու է հայրական օջախում՝  վանքում»,-նշել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Խորանաշատը  Հայկական վերածննդի կարեւորագույն օջախներից է, հոգեւոր, կրթական, գրչության կենտրոն եւ վարդապետարան-համալսարան: Վարդապետարանում ուսուցումը եղել է 7-8 տարի, դասավանդել են աստղագիտություն, տոմարագիտություն, երաժշտություն, մատենագիտություն, իմաստասիրություն, բնագիտություն: Այստեղ ուսում են առել փիլիսոփա Վարդան Արեւելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, Գրիգոր կաթողիկոս Ախթամարցին, պատմիչ Կիրակոս Գանձակեցին:

Մայիսի 29-ին, ժամը 11:00-ին, Չինարի գյուղի Մշակույթի տանը տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված հոգեւոր կենտրոնի 800 ամյակին: Երեկոյան ելույթ կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի խումբը:

«Գոշավաքն է եղել Խորանաշատի մայրը: Վանքի հիմնադիր Վանական Վարդապետը եղել է Մխիթար Գոշի աշակերտը: Իսկ նրա աշակերտները  հետագայում գործել են Հայաստանով մեկ, կրթական, հոգեւոր արժեքներ սերմանել եւ ուսուցանել: Հայտնի է, որ Գոշավանքն իր դպրոցով  252 տարի մեր հոգեւոր-գիտական կյանքը արթուն ու աշխույժ է պահել՝ այն հասցնելով մինչեւ Տաթեւի վանք: Մենք պետականություն չենք ունեցել, բայց 252 տարի ամուր մշակույթ, գիտություն ու կրթություն ենք ունեցել:

Խորանաշատը սահմանապահ վանք է: Այդպես է ստացվել: Ժամանակին այն գտնվւմ էր Հայաստանի սրտում, պատմության հոլովույթում այն դարձել է սահմանապահ վանք՝ ուղղակիորեն գտնվելով թշնամու դիրքերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Այս տարիների ընթացքում անխափան կերպով՝ թե՛ սուրբ պատարագի մատուցում, թե՛ հոգեւոր տարբեր արարողություններ ենք իրականացրել, եւ այս ամենն ուղեկցվել է, բնականաբար, մեր զինված ուժերի աջակցությամբ, մասնակցությամբ, նաեւ պահպանությամբ: Մենք մայիս 28-ը հռչակեցինք Խորանաշատի ուխտի օր»,- հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Խորանաշատը միշտ եղել է թշնամու նշանառության տակ, ենթարկվել է գնդակոծությունների: Չնայած վտանգին՝ տեղացիները ուխտի են գնացել Խորանաշատ, աղոթք արել ու մոմ վառել սրբազան կամարների տակ:

ՆԱԻՐ ՅԱՆ