Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ոռոգման խնդիրը` ուշադրության առարկա

Մեր երկրում ջրի սակավության պատճառով հսկայական հողատարածքներ չեն ոռոգվում, կան դժգոհություններ:Ստորեւ ներկայացնում եմ մի քանի վիճակագրական տվյալներ: Դրանց վերլուծությունը թույլ է տալիս վկայելու,որ կան լավ նախադրյալներ ջրամբարներ կառուցելու եւ ոռոգելի դարձնելու հսկայական հողատարածքներ:

 ՀՀ-ում տարեկան ձեւավորվող 7,2 միլիարդ խորանարդ մետր  մակերեւութային հոսքից օգտագործվում է առավելագույնը մինչեւ 2,5 միլիարդ խորանարդ մետր կամ հոսքի մինչեւ 35 տոկոսը: Մնացածը հոսում է հարեւան երկրներ, ինչը ջրասակավ երկրի համար անթույլատրելի է: «Ազգ»ը նախորդ համարում էր գրել, որ Արաքս գետի վրա Թուրքիան կառուցել եւ կառուցում է 14 հիդրոկայան ու ջրամբարտակ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրապետության ջրային պաշարների ճիշտ գնահատման, արդյունավետ օգտագործման ու կառավարման բնագավառում դեռեւս կան հիմնախնդիրներ, որոնք խորքային լուծում են պահանջում: Մեր երկրի ջրային պաշարները հիմնականում օգտագործվում են ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, բնակավայրերի եւ արդյունաբերության ջրամատակարարման, ձկնարդյունաբերության եւ էլեկտրաէներ-գիայի ստացման համար:

Վերջին տարիներին ոռոգման եւ ջրարբիացման նպատակով օգտագործվում է մինչեւ 1,5 միլիարդ խորանարդ մետր ջուր: Այն կազմում է ընդհանուր ջրօգտագործման մոտ 70 տոկոսը: 500 հազար հեկտար հողերի ոռոգման համար պահանջվում է մոտ 3 միլիարդ խորանարդ  ջուր:

Բնական է, որ յուրաքանչյուր երկրի  տնտեսության կայուն զարգացման համար էական նշանակություն  ունի մակերեւութային ջրերի կուտակումը ջրամբարներում: Ներկայում  մեզ մոտ 80 մեծ եւ փոքր ջրամբարներում կուտակվում է մոտ 1,1 մլրդ խորանարդ մետր ջուր: Եթե կառուցենք ջրամբարներ եւ կուտակենք մոտ  3,0 մլրդ խոր. մետր ջուր, ապա հնարավոր կլինի ոռոգելի դարձնել  450 հազար հեկտար հողատարածք: Արարատյան դաշտը զբաղեցնելով հանրապետության տարածքի 4 տոկոսը՝ տալիս է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելի քան 40 տոկոսը: Հողագործության համար պիտանի մոտ 100 հազար հեկտար հողերից ներկայում օգտագործվում է 80 հազար հեկտարը: Դրա մոտ 30 տոկոսը աղակալված եւ գերխոնավացված են: Այն բերում է  հողերի բերրիության անկմանը:

Առաջարկում եմ հետեւյալը.

ա) մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս ոռոգմանը,որը կբերի նաեւ էներգիայի խնայողության:

բ) ոռոգման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում, ոռոգման ջրերի կորուստների նվազեցում:

գ) կոլեկտորադրենաժային համակարգի վերակառուցում, ոռոգման առաջավոր տեխնոլոգիաների ներդրում եւ հողերի մելորատիվ վիճակի բարելավում:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր