Բելգիական «Կրեշենդո» երաժշտագիտական կայքէջում Ժան Լակրուան մանրամասն անդրադարձել է անցյալ տարի Լիոնի օպերային թատրոնում Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղը» օպերայի՝ ավստրալացի Բարի Քոսքիի բեմադրության տեսագրված տարբերակին (նկարահանող բեմադրիչ՝ Ֆրանսուա Ռուսիյոն): Օպերայի գլխավոր դերակատարուհին է հայ սոպրանո Նինա Մինասյանը (Շամախայի թագուհի): Ի դեպ, հոդվածում Լակրուան հիշել է Ռիմսկի-Կորսակովի օպերայի երեք տեսագրություն, որոնց մեջ՝ «գեր-արեւելականացված մի տարբերակ, որտեղ գերակշռող շեշտը դրված էր շքեղ դեկորների եւ զգեստների վրա՝ հավերժացնելով 1986 թվականի երեկոն, նկարահանված Հայաստանում՝ Երեւանում, տեղի երգիչների, երգչախմբերի, բալետի եւ նվագախմբի մասնակցությամբ եւ Արամ Քաթանյանի ղեկավարությամբ»:
Նինա Մինասյանը ծնվել է Հայաստանում, 2010-ին դարձել է Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհի, 2011-ին՝ Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան վոկալ մրցույթի մրցանակակիր: Մաս է կազմել Մոսկվայի Մեծ թատրոնի երիտասարդ արտիստների ծրագրին, կատարելագործվել Ելենա Օբրազցովայի, Եվգենի Նեստերենկոյի, Լյուբով Օրֆյոնովայի, Մզիա Բախտուրիձեի եւ Դայան Զոլայի ղեկավարությամբ: Նա իր բեմական դեբյուտը կատարել է Մեծ թատրոնում՝ Քսենիայի («Բորիս Գոդունով») դերում, այնուհետեւ գլխավոր դերեր կատարել «Կախարդական սրինգը», «Ագռավի թագուհին», «Սեր առ երեք նարինջները», «Բոհեմ», «Իշխան Իգոր», «Քնաշրջիկը», «Ռիգոլետտո» եւ այլ օպերաներում: Ելույթներ է ունեցել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում, Նյու Յորքի Քարնեգի Հոլում, Մյունխենի Բավարական պետական թատրոնում, Վիեննայի Պետական օպերայում, Ուելսի ազգային օպերայում, Բրյուսելի «Լա Մոննե», Մադրիդի «Ռեալ տեատրո», Ցյուրիխի, Քյոլնի, Դրեզդենի եւ Փարիզի օպերային թատրոններում եւ այլուր:
Ա. Բ.