«Մեդուզա» ռուսական կայքի հոդվածը՝ կրճատումներով
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ամենաերկար պատերազմն է նախկին ԽՍՀՄ տարածքում. այն շարունակվում է(ր) 1980-ականների վերջից եւ խլել է մոտ 20 հազար մարդու կյանք: Պատերազմը փախստական է դարձրել հարյուր հազարավոր մարդկանց եւ անհետացման վտանգ է ստեղծել բազմաթիվ ճարտարապետական ու պատմական հուշարձանների համար՝ հայկական թե ադրբեջանական: «Մեդուզա»-ն պատմում է, թե ինչպես ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում երկրի երեսից ջնջել են երկու պատերազմող մշակույթների ժառանգությունը եւ ինչու միջազգային կազմակերպությունները ոչինչ չեն կարողացել անել այն փրկելու համար:
Վնասված մշակութային հուշարձանների քանակը գնահատել գործնականում հնարավոր չէ: Բայց ինչ-որ բան բոլոր դեպքերում հայտնի է
Ադրբեջանին անցնող հուշարձանների շարքում է Ամարասի վանքը Մարտունու շրջանում: Հայ պատմիչ Փավստոս Բուզանդը «Պատմություն Հայոց» երկում գրում է, որ 4-րդ դարի սկզբին վանքը հիմնել է Հայաստանի հովանավար Գրիգոր Լուսավորիչը: Մեկ հարյուրամյակ անց հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է Արցախում առաջին հայկական դպրոցը: Ադրբեջանը Ամարասը եւ ԼՂՀ տարածքի միջնադարյան քրիստոնեական այլ տաճարները կոչում է «հին աղվանական մշակույթի» հուշարձաններ եւ վերագրում դրանք Աղվանից թագավորությանը, որն առաջացել է Արեւելյան Կովկասում մ. թ. ա. 2-րդ դարի վերջից 1-ին դարի կեսին եւ գտնվել է այժմ Ադրբեջանի կազմի մեջ մտնող տարածքների մի մասում:
Ամարասը խիստ տուժել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1991 թ. մայիսին, իսկ 2019-ից այն նորոգում էին «Լույս» հիմնադրամի միջոցներով: 2023-ի գարնանը վերակառուցումը համարյա ավարտել էին: Ինչ վիճակում է վանքը հիմա՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայտնի չէ:
Հավանաբար Արցախի լուծարումից հետո կանհետանա տարածաշրջանի ամենահայտնի խորհրդանիշը՝ 1967 թվականին հայ անվանի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ստեղծած «Մենք ենք, մեր սարերը» ինը մետր բարձրությամբ տուֆե հուշարձանը: Ինչպես Ամարասը, այս կոթողն էլ հայտնի չէ, թե այժմ ինչ վիճակում է:
Հայկական ժառանգությանը մեծագույն հարված է հասցրել 2020 թվականի պատերազմը, որի հետեւանքով Ադրբեջանն իրեն միացրեց ԼՂՀ տարածքի մի մասը:
Ինչպես 2021 թվականի հունվարյան զեկույցում հաղորդել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այն տարածքներում, որոնք 2020 թ. պատերազմից հետո անցան Ադրբեջանին, գտնվում էին ամբողջ Ղարաբաղի մշակույթի շուրջ չորս հազար, հիմնականում հայկական հուշարձաններից 1456-ը: Այդ թվում՝ 591 խաչքար, բազմաթիվ բերդեր, ամրոցներ ու հնագիտական օբյեկտներ, ութ պետական թանգարան՝ 19 311 ցուցանմուշներով, գորգերի ու հայկական դրամի մասնավոր թանգարաններ Շուշիում: Բացի այդ, Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվեց հայկական 161 կրոնական կառույց: Այդ թվում էին ինչպես ժամանակակից, այնպես էլ հնադարյան տաճարներ, օրինակ՝ Գտչավանքի ավերակները՝ 13-րդ դարի եկեղեցիով, 4-6-րդ դարերի Ծիծեռնավանքը եւ ավելի քան հազար տարի առաջ հիմնադրված Դադիվանքը 13-րդ դարի մայր եկեղեցիով:
Տարածաշրջանում ամենամեծ վնասը հասցվել է կրոնական կառույցներին
Հայկական եւ միջազգային կազմակերպություններն Ադրբեջանին բազմիցս մեղադրել են այդ երկրի կողմից վերահսկվող տարածքներում հայկական ժառանգության համակարգված ոչնչացման հարցում: 2020 թվականի նոյեմբերին ամերիկահայ հետազոտող Սիմոն Մաղաքյանն ուշադրություն հրավիրեց Ալիեւի միջազգային հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի թվիթերյան գրառմանը: Վերջինս ներկայացրել էր Ադրբեջանի հյուսիսում գտնվող Նիջ գյուղի Սուրբ Մարիամ քրիստոնեական եկեղեցու վերականգնման արդյունքները: Ինչպես գրում էր Մաղաքյանը, Հաջիեւը «մոռացել է» նշել, որ վերականգնումից հետո կառույցի ճակատից անհետացել է հայերեն արձանագրությամբ դրվագը, որի տեղում այժմ Աստվածամոր պատկերն է: Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքի ղեկավար (եկեղեցին պատկանում է հենց այդ համայնքին) Ռոբերտ Մոբիլին դա չի ժխտում. 2022 թվականին նա ասում էր, որ Նիջում վերականգնողները «ձերբազատվել են» հայկական խաչից եւ «աղվանական եկեղեցու համար խորթ այլ խորհրդանիշներից»: Նա հավելեց, թե երկրում կան «հայկական կեղծ վերականգնողների կողմից այլանդակված հին եկեղեցիների իսկական տեսքը վերականգնելու մասնագետներ», ու ապագայում Նիջի փորձը կարող է կիրառվել նաեւ Լեռնային Ղարաբաղում:
[Հուշարձանների վիճակի վերաբերյալ] արբանյակային տվյալները, տիեզերքից ստացվող պատկերները պարբերաբար ուսումնասիրվում են «Caucasus Heritage Watch» (CHW. «Կովկասյան ժառանգության պաշտպանություն» – Գ. Մ.) նախագծի կողմից, որը 2020 թվականի վերջին հիմնադրել են Կոռնելի համալսարանի եւ Պերդյուի համալսարանի ամերիկացի հնագետները: Նրանք պարզել են, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հուշարձանները պարբերաբար եւ նպատակային ոչնչացվել են: Վերջին զեկույցը CHW-ն հրապարակել է 2023 թվականի հուլիսի 6-ին: Դրանում նշվում է, որ ծրագրի մասնակիցների կողմից վերահսկվող 270 օբյեկտներից ութն ամբողջությամբ կորսված են, եւս ութը տարբեր աստիճանի վնասված են, եւ ավելի քան 20-ը՝ վտանգված: 16 լուրջ վնասված եւ կորսված օբյեկտներից 10-ը գերեզմանոցներ ու եկեղեցիներ են:
Ադրբեջանն ասում է, թե «վերականգնում է ղարաբաղյան քաղաքների պատմական դիմագիծը»: Շատերը համոզված են, որ դա «ապահայկականացում» է
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը վերածվել է հսկայական շինհրապարակի: Քաղաքների միջեւ նոր ճանապարհներ են գցվել, ադրբեջանական «ԱզՎիրտ» շինարարական ընկերությունը կառուցել է երկու միջազգային օդանավակայան Ֆիզուլիում եւ Զանգելանում: Առաջինը կառուցել են ութ ամսում, երկրորդը՝ 18: Երկուսի բացման արարողությանն էլ ներկա են եղել Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 2024-2025 թվականներին «ԱզՎիրտ»-ը նախատեսում է ավարտել երրորդ օդանավակայանի կառուցումը Ղարաբաղում՝ Լաչինի շրջանում:
2020 թվականից Ադրբեջանը շատ միջոցներ է ներդրել նաեւ Շուշիում: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Շուշիում կկառուցվեն վեց նոր թաղամասեր 25 բնակելի տներով եւ կգցվեն համարյա 18 կիլոմետր նոր ճանապարհներ, ընդսմին պահպանելով «քաղաքի պատմական շքեղությունը»: Վերակառուցման գործում, ինչպես հայտարարել է Ալիեւը, կընդգրկեն ընկերություններ «բարեկամ երկրներից»՝ Թուրքիայից, Իսրայելից, Չինաստանից, Իտալիայից, Բելառուսից եւ Ռուսաստանից:
Այս լայնածավալ աշխատանքների մեջ Շուշին (ցավոք, ռուսական մյուս լրատվամիջոցների նման այստեղ էլ իրենք գործածում են քաղաքի անվան ադրբեջանափոխ ձեւը – ծ. թ.) դարձել է «ապահայկականացման կենտրոնը», կարծում են «Monument Watch» կազմակերպությունում, որը հետեւում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների վիճակին: Նրանց գործընկերների տվյալները հաստատում են, որ 2020 թվականից հայկական ժառանգությունն այս քաղաքում զգալի կորուստներ է կրել: Լրջորեն տուժել են Շուշիի գլխավոր քրիստոնեական սրբավայրերը՝ 19-րդ դարի Ղազանչեցոց տաճարը և 18-րդ դարի Կանաչ ժամ եկեղեցին: Տաճարի պատերին ու խորանին էլ խզբզանքներ են հայտնվել: 2022 թվականի սեպտեմբերին ԵԱՀԿ Վարշավայի կոնֆերանսում Ադրբեջանի ներկայացուցիչ Թողրուլ Մամադլին հայտարարեց, թե այժմ Ղազանչեցոցը կվերականգնեն պատմական փաստաթղթերով: Սակայն հայկական կողմը համարում է, որ վերականգնման քողի տակ եկեղեցու դիմագիծն աղավաղում են, վերացնելով հայկական մշակույթի նշանները:
Վերականգնվել է նաեւ Կանաչ ժամը. ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին «հայկական եկեղեցու վերածված ուղղափառ եկեղեցու վերականգնման մասին»: Ինչպես վկայում է Monument Watch-ը, այժմ ե՛ւ Ղազանչեցոցը, ե՛ւ Կանաչ ժամն Ադրբեջանում ունեն «ռուս ուղղափառ եկեղեցու» կարգավիճակ:
Մշակութային շինություններից բացի Ղարաբաղում ավերվում են գերեզմանատներ եւ անգամ կամուրջներ:
(Հոդվածում նշվում են Շուշիի հյուսիսային գերեզմանատան մասնակի ավերումը՝ սկսված ինչ-որ շինարարության համար, մարտական գործողություններից Շուշիի կերպարվեստի թանգարանի ճակատի վնասվելն ու հետո նրա կից տարածքի, Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամրջի եւ 19-րդ դարից 2020 թվականի գերեզմանոցի, Սղնախ գյուղի 18-րդ դարից գոյություն ունեցող գերեզմանատան, Իշխանագետի վրա Հալեւորի կամրջի ավերումը, Ավետարանոց (Չանախչի) գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրի նույն ճակատագիրը, Լեռնային Ղարաբաղի վաղքրիստոնեական ամենամեծ հայկական բնակավայրը համարվող «Գյավուրկալա» բնակատեղիի դամբարանադաշտում ադրբեջանցիների բունկեր փորելը եւ այլն – Գ. Մ.):
Ադրբեջանական ժառանգությունը նույնպես Ղարաբաղում տարիներով ոչնչացվել է: Մզկիթները վերածվել են անասնագոմերի
Քրիստոնեական ժառանգության եւ այլ հուշարձանների ոչնչացման մասին տվյալներն Ադրբեջանում հայտարարում են չհիմնավորված եւ նմանատիպ մեղադրանքներ են ներկայացնում Հայաստանին: 2021 թ. գարնանը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե չճանաչված ԼՂՀ-ի տարածքի մոտ երեք հազար մշակութային հուշարձաններից ավելի քան 400-ն ավերված են: Նախագահի խորհրդական Հաջիեւը թվիթերում առնվազն երկու անգամ գրել է, թե Ադրբեջանի վերադարձրած տարածքներում մզկիթները վերածված են խոզանոցների: Դատելով լուսանկարներից, կենդանիներին տեղավորել են Աղդամի մզկիթում: Ալիեւն էլ 2022 թվականին ասել է, թե Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքում ավերվել է 67 մզկիթներից 65-ը, իսկ մնացած երկուսն օգտագործվել են խոզեր ու կովեր պահելու համար:
Այս տվյալները CHW-ը մասնակիորեն հաստատում է. կազմակերպության զեկույցում ասվում է «մզկիթների ոչ պաշտոնական, այդ թվում ընտանի կենդանիներ պահելու համար օգտագործման» 1994-2020 թթ.փաստաթղթավորված յոթ դեպքերի մասին: Ընդսմին 75 մզկիթների, 55 դամբարանների եւ 15 պատմական դամբարանների արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ լրիվ ավերված է այդ օբյեկտների 15%-ը: Վերջին դեպքը տեղի է ունեցել արդեն Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո. 2021-ին ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ ոչնչացվել է Յուսիֆբեյլի մզկիթը Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքում: Երկրի կառավարությունը խոստացել է պատժել մեղավորներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձում է մուտք գործել Ղարաբաղ, որպեսզի արձանագրի հուշարձանների նկատմամբ կատարվողը: Բայց չի կարողանում արդեն շատ տարիներ
Հայաստանում մտավախություն ունեն, որ Ադրբեջանին անցած տարածքներում հուշարձանների հարցում տեղի կունենա նույնը, ինչ կատարվել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում՝ Ադրբեջանի էքսկլավում, որտեղ դեռ 20-րդ դարի կեսին ապրում էին հազարավոր հայեր: Մինչեւ այս պահն այնտեղ ոչնչացված է հայկական մշակութային ժառանգության մոտ 98%-ը: Այս հետեւությանը CHW-ն հանգել է՝ վերլուծելով ամերիկյան հետախուզության 1970-80-ականներին արած արբանյակային լուսանկարները: Անվնաս է մնացել միայն երկու հուշարձան, որոնց վերաբերյալ մանրամասներ զեկույցի հեղինակները չեն բերում՝ դրանք վտանգից պաշտպանելու համար: 2010 թվականին Գիտության զարգացմանն աջակցության ամերիկյան ընկերակցության (AAAS) հետաքննությունը ցույց տվեց, որ երկու տասնամյակի ընթացքում Նախիջևանում ավերվել է ոչ թե պարզապես մեկ գերեզմանոց, այլ գրեթե 28 հազար հայկական սրբավայր ողջ տարածաշրջանում՝ 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22 հազար տապանաքար:
Մշակութային ժառանգության պահպանության գլխավոր միջազգային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուղղակիորեն չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները: Հայկական ժառանգության ամերիկահայ հետազոտող Սիմոն Մաղաքյանը կարծում է, որ Բաքուն ուղղակի գնել է այդ լռությունը, օրինակ՝ կազմակերպությանը նվիրելով մոտ հինգ միլիոն եվրո:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկել պլանավորել էր դեռ 1990-ականների առաջին պատերազմից հետո: Բայց 30 տարվա ընթացքում կազմակերպության փորձագետներն այդպես էլ չեն եկել հակամարտության գոտի. նրանք հուշարձանների վիճակը գնահատել են ընդամենը մերձսահմանային տարածքներից: 2020-ի նոյեմբերին ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրկին առաջարկել է իր առաքելությունն ուղարկել տարածաշրջան, Հայաստանին եւ Ադրբեջանին հիշեցնելով Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության 1954 թվականի նրանց ստորագրած համաձայնագրի մասին: Երկու կողմն էլ «սկզբունքային համաձայնություն» են տվել, սակայն երբ ամեն ինչ պատրաստ է եղել առաքելությունն ուղարկելու համար, «ադրբեջանական իշխանություններին ուղղված բազմակի դիմումները հաջողությամբ չեն պսակվել»:
2023-ի սեպտեմբերին առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի հուշարձաններն ընդգրկել Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ, ընդ որում նման նախաձեռնությամբ հանդես են եկել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը: Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստի ժամանակ չի հաջողվել որեւէ համաձայնության գալ: Կազմակերպությունը չի կարող Բաքվին ու Երեւանին պատասխանել, քանի դեռ իր փորձագետներին Ղարաբաղի տարածք չեն թողնում:
Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ