Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Միջազգային սիմպոզիում Երեւանում

Վերջերս Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակներում տեղի ունեցավ կենսաբժշկության ոլորտի հիմնարար եւ տրանսլացիոն հետազոտություններին նվիրված սատելիտային սիմպոզիումը: Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: Սիմպոզիումի ընթացքում կենսաբժշկության ոլորտի հետազոտական խմբերը ներկայացրին իրենց հիմնարար, կիրառական եւ տրանսլիացիոն հետազոտությունների արդյունքները: Տեղի ունեցան քննարկումներ գենոմիկայի, ճառագայթային կենսաբանության, իմունաբանության ոլորտների, դեղագիտության բնագավառում մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության վերաբերյալ:

Հարկ է նշել, որ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) հիմնադրվել է 1966 թվականին մոլեկուլային կենսաբանության ոլորտում հետազոտությունների զարգացման նպատակով: Ինստիտուտում կատարվող ուսումնասիրությունները  էական ներդրում են ունեցել նուկլեինաթթուների, սպիտակուցների, բջիջների եւ բջջային օրգանելների կառուցվածքաֆունկցիոնալ կազմավորման օրինաչափությունների պարզաբանման հարցերում:
Սիմպոզիումը հնարավորություն տվեց  բժշկական հանրությանը ներկայացնել Հայաստանում հետազոտությունների, գիտական համագործակցություններ իրականացնելու ներուժը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ