Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ քայլ դեպի փոփոխություն. HUJ-ի երկարաժամկետ կամավորներն անկեղծանում են

04/10/2024
- 4 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կամավորությունը պարզապես բարի գործ անելը չէ, այն յուրաքանչյուրին առաջարկում է անձնական ու մասնագիտական   աճի եզակի եւ իմաստալից հնարավորություններ, ինչը ժամանակակից աշխարհում անչափ կարեւոր է: SALTO EECA հավատարմագրման շնորհիվ՝  Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ HUJ կամավորական աշխատանքների ծառայությունն իր դռներն է բացում երկարաժամկետ կամավորների առջեւ, ովքեր պատրաստ են մասնակցել շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության պահպանման եւ երեխաների (նաեւ հիվանդ եւ սահմանափակ կարողություններ ունեցող) hետ աշխատելու ծրագրերին:

Այս ծրագրերը հնարավորություն են ոչ միայն իրական օգնություն ցուցաբերելու, այլեւ նոր մշակույթ բացահայտելու եւ յուրահատուկ փորձառություններ ձեռքբերելու համար, ինչի մասին նախ զրուցեցինք HUJ-ի երկարաժամկետ կամավորների համակարգող ԷԼԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

«Երկարաժամկետ (6 ամսից մինչեւ մեկ տարի) կամավորներն աշխատում են Հայաստանի պատմության թանգարանում, Պատկերասրահում, Բուսաբանական այգում, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամում, «Արաբկիր» բժշկական համալիրում, «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, «Հանրապետական Մանկական վերականգնողական կենտրոն»-ում, «Ձեր գիտակը» մանկական կենտրոնում, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում, Բնության համաշխարհային հիմնադրամում (WWF) եւ HUJ-ի գրասենյակում: Այս պահին ունենք 13 կամավոր, բայց շուտով նորերն են գալու: Եթե բոլոր ծրագրերում ներառված են լինում, հիմնականում ամենաշատն ունենում ենք 18 կամավոր»,- պատմեց նա:

Ըստ Էլեն Աբրահամյանի, օտարերկրացիները, որոնք Հայաստան են ժամանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամավորության, ընդամենը մեկ ամիս է պահանջվում, որպեսզի ադապտացվեն հայկական իրականության հետ. «Մյուս կողմից էլ նրանց հետ նաեւ շատ արագ ընկերանում են այն կենտրոնների, համալիրների, հիմնադրամների աշխատակիցները, որտեղ իրականացնում են իրենց կամավորությունը: Էլ չասենք երեխաների մասին, որոնք ուղղակի կամավորներին ընդունում են՝ որպես իրենց եղբայրներ ու քույրեր: Շատ են կապվում իրենց հետ: Հաճախ, երբ այցելում եմ նրանց եւ տեսնում եմ, թե ինչպիսին են իրենց հարաբերությունները երեխաների հետ, շատ ուրախանում եմ: Զգացվում է, որ երեխաներին դուր է գալիս կամավորների ներկայությունը»:

Նշենք, որ այս պահին Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի շնորհիվ Հայաստանում են կամավորներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Դանիայից, Ֆինլանդիայից եւ այլ երկրներից:

«Շատ անգամ կամավորներն իրենց ծրագրի ավարտից մի քանի ամիս հետո՝ կրկին վերադառնում են Հայաստան, գալիս են մեր գրասենյակ՝ տեսակցության: Նույնիսկ կան այնպիսիք, որոնք շատ են ուզում ապրել Հայաստանում», – ուրախությամբ արձանագրեց Է. Աբրահամյանը:

«ԻՆՁ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ, ԵՎ ՄԵՐ ՍԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ Է»

Առիթ ունեցանք զրուցելու նաեւ կամավորների հետ: Նրանցից մի քանիսն արդեն ավարտում են իրենց կամավորությունը Հայաստանում, մյուսները դեռ 3-4 ամիս է, ինչ այստեղ են: Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած ՀԵՎԻՆ ԴՈՆ ՀԻՐՇԼԵՐՆ ասաց, որ կամավորության համար ընտրել է հենց Հայաստանը, քանի որ այս տարածաշրջանում մեր երկիրն իր համար բացահայտում էր: Եկել է առաջին հերթին ծանոթանալու հայկական մշակույթի եւ հայերենի հետ:

– Դուք գրեթե մեկ ամիս է, ինչ կամավոր եք «Հանրապետական Մանկական վերականգնողական կենտրոն»-ում: Ինչպե՞ս ընդունեցին ձեզ հայ երեխաները:

– Աշխատում եմ հատկապես խնդիրներ ունեցող երեխաների հետ: Նրանց հետ խաղում եմ, անգլերեն եմ սովորեցնում, ճաշի ժամին օգնում եմ կերակրել: Նրանք ինձ լավ ընդունեցին, եւ մեր սերը փոխադարձ է: Ես այսպիսի աշխատանքին սովոր եմ, քանի որ կամավորություն եմ արել նաեւ Գերմանիայիում եւ օգնել եմ փախստական երեխաներին:

– Որքան հաճելի է, նույնքան էլ բարդ ու պատասխանատու է հատկապես հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքը: Ինչո՞վ է ձեզ այս ամենը գրավում:

– Պարզապես, կարողանում եմ նրանց հետ «լեզու գտնել»: Այո՛, ճիշտ նկատեցիք, ես միշտ դժվար դրության մեջ գտնվող երեխաների կողքին եմ: Կարծում եմ՝ բոլոր երեխաները պետք է հավասար հնարավորություններ ունենան, ինչին փորձում եմ նպաստել իմ աշխատանքով:

– Երեխաների հետ էլ ի՞նչ աշխատանք՝ առանց ուշագրավ դրվագների: Ի՞նչ կմտաբերեք այս պահին:

– Հիշեցի մի շատ ծիծաղելի պատմություն՝ վերականգնողական կենտրոնի մանկապարտեզում: Դասի ավարտից հետո՝ ծնողներից մեկը հարցնում է երեխային՝ ինչպե՞ս անցավ անգլերենի պարապմունքը, երեխան էլ զարմացած պատասխանում է. «Բայց ինքն ամբողջ դասին ռուսերեն չէ՞ր խոսում»: Նրան դժվարությամբ համոզեցինք, որ ես միայն անգլերեն եմ խոսում:

– Կամավորության ժամկետի ավարտից հետո՝ ծրագրեր ունե՞ք Հայաստանի հետ կապված:

– Անպայման կվերադառնամ, որովհետեւ հիմա հայերեն եմ սովորում, իսկ սովորածս հայերենով միայն Հայաստանում կարող եմ խոսել: Եվ, իհարկե, կվերադառնամ, որովհետեւ կկարոտեմ այստեղի մարդկանց: Բազմաթիվ լուսավոր դրվագներ կան Հայաստանի հետ կապված, որոնք կպահեմ իմ հուշերում:

«ԵՍ ԻՆՁ ԱՅՍՏԵՂ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՊԱՀՈՎ ԵՄ ԶԳՈՒՄ»

Իսկ ՍԱԻԴ ԱՅԱԴԻՆ, որը նույնպես ժամանել է Գերմանիայից, մեզ հետ հենց սկզբից սկսեց խոսել հայերեն: Նա իր կամավորական աշխատանքն իրականացնում է Հայաստանի պատմության թանգարանում:

– Դուք ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում եք, բայց արդեն գրեթե մաքուր հայերեն եք խոսում: Ինչպե՞ս հաջողվեց:

– Իմ գերնպատակն էր գոնե խոսակցական մակարդակի հայերեն սովորել: Մինչեւ Հայաստան գալս արդեն սկսել էի հայերեն պարապել, հայկական մշակույթն ուսումնասիրել: Այնպես որ, պատրաստված եմ եկել: Ի դեպ, խանութում սկսել են ինձ շփոթել հայի հետ:

– Իրականում դուք տեսքով էլ եք նման հայի, հետաքրքրական է՝ իսկ ինչո՞վ են տարբերվում մեր երկրները, հայերն ու գերմանացիները:

– Ինչ վերաբերում է ազգությանը, ես ծնունդով Նիդերլանդներից եմ: Այնտեղ մարդիկ ավելի ուղիղ են խոսում իրար հետ եւ շատ պարզ ցույց են տալիս իրենց մտադրությունները: Հայաստանում այս հարցում շատ ավելի բարդ է: Բայց հայերը շատ ավելի բարի են՝ սկսած նրանից, որ պատրաստ են ավտոբուսում տոպրակդ բռնել, զգուշացնել, որ գրպանիցդ թաշկինակ ընկավ: Հայերը շատ ավելի մեծ վստահություն ունեն իրար հանդեպ: Օրինակ, տրանսպորտում մարդիկ կարող են վերջում վճարել, այսինքն՝ շատ հանգիստ կարող են չվճարել, բայց, մեկ է, վճարում են: Սա շոկային էր ինձ համար: Տարբեր են նաեւ մեր ուտեստները: Հայկականը շատ սիրեցի: Եղանակն էլ է այստեղ լավ: Միայն մի քիչ կարոտում եմ հեծանիվ վարելը, ինչի համար Երեւանն այդքան էլ հարմար չէ: Եվ, իհարկե, Հայաստանում հանցագորությունների քանակն է ավելի քիչ: Ես ինձ այստեղ շատ ավելի ապահով եմ զգում:

– Կպատմե՞ք, թե ինչ աշխատանքներում եք ներգրավված թանգարանում եւ ի՞նչ բացահայտում արեցիք ձեզ համար մեր պատմությունից:

– Ես օտարերկրացի այցելուներին ներկայացնում եմ թանգարանի ցուցանմուշները: Ինձ համար ամենամեծ բացահայտումն այն էր, որ մարդկային պատմության առաջին կոշիկը Հայաստանում են գտել: Չգիտեի, որ Հայաստանն այդքան հին պատմություն ունի: Հատուկ ուզում եմ շեշտել նաեւ թանգարանի գորգերը եւ զենքն ու զրահը, որոնք հիանալի են եւ գրավիչ ինձ համար:

– Իսկ ինչո՞վ եք զբաղվում Երեւանում՝ կամավորությունից դուրս:

– Սպորտով, հիմնականում ֆուտբոլ եմ խաղում: Անկեղծ ասած, 8 տարի զբաղվել եմ սեղանի թենիսով եւ հիմա փորձում եմ տեղ գտնել այստեղ, որպեսզի շարունակեմ: Իսկ սպորտից դուրս հիմնականում Երեւանն եմ ուսումնասիրում, այգիներ ու այլ թանգարաններ այցելում:

«ԱՐԴԵՆ ՄԻ ՔԻՉ ԽՈՍՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆ»

Ֆրանսիական կղզուց մեկ տարով եկել է Հայաստան եւ Երեւանի Բուսաբանական այգում իր կամավորությունն է իրականացնում 21-ամյա ԷՎԱՆ ԹԵՇԵՐԸ:

– Ինչո՞վ գրավեց ձեզ Բուսաբանական այգում կամավորությունը:

– Ինձ դուր է գալիս նոր կյանք ստեղծել: Եվ քանի որ Բուսաբական այգուն շատ խնամք է պետք, մենք, կարծես, նոր կյանք ենք տալիս բնությանը: Շատ ուրախ եմ, որ մասնակիցն եմ այդ ամենի: Տվյալ պահին երկու տարբեր բաժանմունքներում եմ աշխատում՝ ջերմոցում, որտեղ խնամում ենք բույսերը, եւ հատուկ պահվող բույսերի արգելոցում:

– Իսկ կամավորությունից դուրս ինչո՞վ եք հետաքրքրվում Հայաստանում:

– Նախ գալով Հայաստան՝ գնացի Պատմության թանգարան: Սկսել եմ հայերի մշակույթն ու մենթալիտետն ուսումնասիրել: Սկզբում, իհարկե, դժվար էր, մանավանդ, որ ես կապույտ մազեր ունեմ: Բայց հետո ընտելացա մարդկանց հայացքներին:

– Ինչպե՞ս է կազմակերպում օտարերկրացի կամավորն իր ժամանցը:

– Սպորտով եմ զբաղվում, արդեն ֆուտբոլի թիմ եմ գտել, որտեղ խաղում եմ: Հասցրել եմ ուսումնասիրել Հայաստանի հարավը՝ էքսկուրսիաների միջոցով: Ասեմ, որ այնտեղ ամենաբարի մարդիկ են ապրում:

– Անդրադառնանք նաեւ HUJ-ին: Ինչպե՞ս ձեզ ընդունեցին մեր երկրում, գո՞հ եք կազմակերպչական աշխատանքներից:

– Ընդհանրապես, դժգոհություն չունեմ կազմակերպչական առումով: HUJ-ը միշտ փորձում է օգնել ամեն հարցում: Շնորհակալ եմ HUJ-ի ողջ անձնակազմին:

– Իսկ ի՞նչ կասեք Բուսաբանական այգու աշխատակազմի մասին:

– Ինչքան ավելի շատ եմ ծանոթանում եւ շփվում աշխատակիցների հետ, այնքան ավելի հեշտ ենք կազմակերպում աշխատանքները եւ առավել հստակ առաջադրանքներ եմ իրականացնում: Կարեւորը, որ նրանք էլ իմ հանդեպ բարեհամբույր են եւ պատրաստակամ օգնել: Ես էլ արդեն մի քիչ խոսում եմ հայերեն (վերջին նախադասությունը Էվան Թեշերն ասաց հենց հայերեն, – հեղինակ): Ավելին՝ սկսել եմ լատինատառ, բայց հայերենով հաղորդագրություններ ուղարկել: Որոշել եմ նաեւ հայերեն այբուբենը սովորել:

– Ձեր փորձից ելնելով՝ խորհուրդ կտա՞ք կամավորության համար գալ այստեղ՝ Հայաստան:

– Անպայման: Հատկապես, եթե Արեւմտյան Եվրոպայից են, թող դուրս գան դասական եվրոպական մենթալիտետից եւ իմանան, որ ուրիշ աշխարհ էլ կա:

ՀԱՃԵԼԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՀՈՒՇԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ

Հայաստանում իր կամավորությունն արդեն ավարտում է Ֆրանսիայից ժամանած ՀՈՒԳՈ ԼԵՎԱԼՈՒԻՆ: Նորություն գտնելու փնտրտուքով նա եկել է Հայաստան ու չի զղջացել: Հուգոն մի ամբողջ տարի աշխատել է Բնության համաշխարհային հիմնադրամում (WWF): Ասում է, որ հաճելի զգացողություններով ու հուշերով է վերադառնում հայրենիք:

– Կմանրամասնե՞ք, թե ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել WWF-ում եւ ինչպիսի՞ արդյունքներ ունեք:

– Տեսախցիկներով հետեւել եմ լուսանների շարժին, ճշգրտել նրանց քանակը: Այսինքն՝ մանրակրկիտ ուսումնասիրել եմ նրանց նախշերը եւ համարագրել: Հատկապես տպավորիչ էր եղնիկներին բաց թողնելու արարողությունը, որն իրականացվել է WWF-ի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ:

– Կրկին սպասե՞նք ձեզ Հայաստանում:

– Իհարկե, էլի կվերադառնամ, որովհետեւ այստեղ մարդիկ շատ բարեհամբույր են, ինչն ինձ համար անսպասելի էր: Բացի այդ, դեռ շատ տեղեր կան, որոնք չեմ հասցրել գնալ: Ուզում եմ ավելի շատ ուսումնասիրել հայաստանյան կենդանական աշխարհի բազմազանությունը:

– Մեկ տարի ապրելով Հայաստանում՝ ի՞նչ խնդիրների եք բախվել:

– Հիմնական դժվարությունը լեզվի խնդիրն է եղել, որովհետեւ Հայաստանում շատերն անգլերեն չեն խոսում:

– Ի՞նչ եք ձեզ հետ տանելու Ֆրանսիա Հայաստանից:

– Արագածից քարեր եմ տանելու ինձ հետ՝ որպես հիշողություն:

«ԵԿԵՔ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՅՍՏԵՂ ԺԱՄԱՆԱԿԸ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԱՆՑՆՈՒՄ»

Հայաստանի պատմության թանգարանում է անցնում Իտալիայից ժամանած ԱՄԵԼԻԱ ԷՊԻՖԱՆԻԻ կամավորությունը եւս: Նա թանգարանում անցկացնում է էքսկուրսիաներ՝ անգլերենով եւ իտալերենով: Բայց հոկտեմբերից կներգրավվի նաեւ ռեստավրացիոն աշխատանքներում: Մինչեւ կամավորությունը՝ նա արդեն հասցրել է 4 անգամ այցելել Հայաստան: Նա մեր երկիրը շատ սիրեց:

– Ինչո՞վ գրավեց Հայաստանը ձեզ, որ որոշեցիք այստեղ գալ երկարաժամկետ կամավորության:

– Այս երկիրը հիանալի է, մարդիկ՝ շատ բարի: Կարծում եմ՝ Հայաստանը շատ նման է Իտալիային, անգամ մարդիկ են նման՝ իրենց արտաքինով եւ բնավորությամբ: Մի խոսքով՝ ես ինձ զգում եմ ինչպես տանը: Ունեմ հայ ընկերներ, սովորում եմ հայերեն, շատ երկար ուսումնասիրել եմ Հայաստանի պատմությունը: Ի դեպ, այստեղ եմ իմացել, որ հայկական առաջին գիրքը՝ Ուրբաթագիրքը, տպագրվել է Իտալիայում՝ 1512 թվականին:

– Ձեզ տեսնելով՝ վստահաբար կարելի է պնդել, որ հայերն ու իտալացիները նման են, որովհետեւ դուք, կարծես, հայուհի լինեք…

– Հայաստանի պատմության թանգարանում էլ մարդիկ ինձ մոտենում են ու սկսում են հայերեն խոսել՝  կարծելով, թե հայուհի եմ: Ու ես նրանց հայերենով արձագանքում եմ. «Հայերեն չեմ խոսում»: Բայց, արդեն բավականաչափ հասկանում եմ հայերեն ու երբեմն նաեւ պատասխանում:

– Ինչու որոշեցիք կամավորությամբ զբաղվել՝ այն էլ երկարաժամկետ:

– Ուզում էի փորձ ձեռք բերել ուրիշ միջավայրում ապրելու: Եվ քանի որ մասնագիտացած եմ համաշխարհային պատմության ուղղությամբ, դրա համար ամենահարմարը հենց այստեղ՝ Հայաստանի պատմության թանգարանում կամավորություն իրականացնելն էր, ինչի համար էլ դիմեցի HUJ-ին եւ եկա այստեղ: Ինձ շատ է օգնել HUJ-ը, ամեն ինչ կազմակերպել էին, որ որեւէ խնդիր չունենամ Հայաստանում:

– Իսկ աշխատանքից դուրս ինչո՞վ եք զբաղվում այստեղ:

– Այստեղ շատ գեղատեսիլ վայրեր կան, որոնք պետք է տեսնել: Ամառը եղել եմ Սեւանում, Դիլիջանում, Գյումրիում, երեք անգամ Գառնիում, Գեղարդն իմ սիրելի վանքն է, Հայաստանի հարավում՝ Գորիսում, Տաթեւում, Մեղրիում, բազմաթիվ միջոցառումների եմ մասնակցել՝ գինու, պարի փառատոններին: Ասեմ, որ շատ եմ սիրում հայկական պարերն ու երգերը, ընդ որում՝ թե՛ ժողովրդական, թե՛ նույնիսկ ռաբիս երգերը: Չգիտեմ՝ ինչպես կլինի խոր աշնանն ու ձմռանը, բայց դեռ ձանձրանալու ժամանակ չկա: Նախատեսում եմ այցելել Նորավանք:

– Հունվարին ավարտվում է ձեր կամավորության ժամկետը: Կվերադառնա՞ք կրկին:

– Անկեղծ ասած՝ չեմ ուզում մեկնել եւ շատ եմ ուզում մնալ այստեղ: Ես երբեք ավանդապահ չեմ եղել, բայց տեսնելով, թե ինչպես են Հայաստանում անգամ երիտասարդները հետեւում որոշակի ավանդույթների, այս ամենն ինձ շատ է գրավել:

– Ունե՞ք խորհուրդ՝ այն կամավորներին, որոնք դեռ կգան Հայաստան՝ երկարաժամկետ կամավորության:

– Լինել բաց եւ անկեղծ: Եթե ձեզ հրավիրում են պարելու, մի մերժեք, որովհետեւ հայերը շատ վստահելի են, բարի են ու միշտ պատրաստ են օգնել: Եվ ընդհանրապես՝ եկեք Հայաստան, այստեղ ժամանակը շատ հետաքրքրական է անցնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական