Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մայր աթոռի հանրակրթական դպրոցում

Հայաստանի մարզային դպրոցներին գրքերի նվիրատվությունը շարունակվում է:Այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ է կատարում անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների  իսկական անդամ, «Ազգ» թերթի աշխատակից Ստեփան Պապիկյանը: Վերջերս գրքերի հերթական քանակություն ստացան նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկի գրադարանի  աշխատակիցները: Հարկ է նշել, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին հանդիսապետությամբ Գարեգին Բ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի է ունեցել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

 «Էօրնեկեան հանրակրթական դպրոցը» կառուցվել է Էդուարդո Էօրնեկյանի ազնիվ բարերությամբ: Ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող կրթահամալիրն ունի 27 դասասենյակ, 8 լաբորատորիա, ընթերցասրահ, գրապահոց, հանդիսությունների դահլիճ, ճաշասրահ, բուժսպասարկման կենտրոն, ուսուցիչների աշխատանքային խորհրդակցությունների եւ հանգստի սենյակներ: Ներկայումս դպրոցում գործում են 1-12-րդ թվով 32 դասարաններ՝ 471 աշակերտներով, որոնց դասավանդում են 58 արհեստավարժ եւ հմուտ մանկավարժներ:

«Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում ձեզ` Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր Ստեփան Պապիկյանին, դպրոցի գրադարանին  50 անուն տնտեսագիտության ոլորտին առնչվող գիրք նվիրելու համար»,- ասվում է դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանի պատասխան նամակում:

Վերջերս նմանատիպ նախաձեռնություն Ս.Պապիկյանը իրականացրեց նաեւ ՀՀ Արմավիրի մարզի Բագարան գյուղի համար: Ազգանվեր գործը շարունակվում է: