Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Չեռնոբիլի ատոմակայանում անվտանգության մոնիտորինգի համակարգի հետ կապի կորստի մասին

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին հայտնել է , որ գործակալությունը կորցրել է կապը Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգության մոնիտորինգի համակարգի հետ:

«Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգության մոնիտորինգի համակարգի հետ կապը, որը հեռակա տվյալների փոխանցում է, կորել է»,- ասվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ կայանի ղեկավարությունը ստեղծված իրավիճակում ԱԷՄԳ ներկայացուցիչների հետ շփվում է միայն էլեկտրոնային փոստով:

Ուկրաինական կարգավորող մարմինը էլեկտրոնային փոստով հայտնել է, որ Չեռնոբիլի ատոմակայանում միջուկային նյութերի մշակումը դադարեցվել է:

Ուկրաինան ԱԷՄԳ-ից օգնություն է խնդրել Չեռնոբիլի ատոմակայանի 210 տեխնիկական անձնակազմի և անվտանգության աշխատակիցների փոփոխության համար: Ինչպես  հայտնել են Կիեւի իշխանությունները, այն բանից հետո, երբ ռուսական կողմը հսկողության տակ է վերցրել կայանը, այնտեղ աշխատում է աշխատակիցների նույն հերթափոխը: Ռաֆայել Մարիանո Գրոսսին ասել է, որ ինքը պատրաստ է Չեռնոբիլ թռչել:

Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի վրա ու մերձակա տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները պայմանավորվել են Ուկրաինայի ատոմակայանի պահակախմբի առանձին գումարտակի զինծառայողների հետ՝ համատեղ ապահովելու էներգաբլոկների եւ կայանի սարկոֆագի անվտանգությունը:

Ուկրաինայի Կիեւի մարզում գտնվող Չեռնոբիլի ատոմակայանում վթարը տեղի է ունեցել 35 տարի առաջ՝ 1986 թվականի ապրիլի 26-ին: Կայանի չորրորդ էներգաբլոկում տուրբինային գեներատորի փորձարկման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն եւ հրդեհ, որը հանգեցրել է ատոմային էներգիայի պատմության մեջ ամենամեծ աղետին:               

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ