Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հայ գիտնականները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի եւ Հայ-ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի եւ մոլեկուլային կենսաբանության ամբիոնի կողմից 2021թ-ից իրականացվում է Հայաստանում շրջանառվող նոր կորոնավիրուսի  տարբերակների մոլեկուլագենետիկական ամենամսյա մոնիթորինգ:

Աշխատանքներն  իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ:

Իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների 250-ից ավելի նմուշներում կորոնավիրուսի ամբողջական գենոմի վերծանում:

Հետազոտությունների արդյունքներով՝ դեռեւս 2021 թ-ի հունվար ամսվա դրությամբ Հայաստանում շրջանառվում էր SARS Cov-2-ի D681G տարբերակը: Ներկայում Հայաստանում շրջանառվում է COVID-19 «Օմիկրոն» տարբերակը: Հայտնաբերվել է նաեւ «Օմիկրոնի»  «BA.2» ենթատարբերակը:

Հետազոտությունների իրականացումը թույլ է տվել վերահսկել Հայաստանում COVID-19 նոր գենատարբերակների ներթափանցումը, պարզաբանել վիրուսի գենատարբերակների ներթափանցման հնարավոր ուղիները, գնահատել մուտացիաների ազդեցությունը ՊՇՌ թեստերի ճշտության վրա եւ այլն:

Հետազոտության շրջանակում ստացված գենոմային տվյալները համալրել են GISAID Epicov տվյալների շտեմարանը, որը համարվում է աշխարհի ամենամեծ պահոցը:   

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Տեխնիկական գիտությունների թեկնածու