Այս տարի 80-ամյակն է բոլորում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ): 1944-ի ծնունդ է հայ բեմին ու էկրանին արարուն ձեռքեր ընծայաբերող մայր մկրտարանը՝ ի սկզբանե՝ պետական թատերական ինստիտուտ՝ դերասանական, ռեժիսորական եւ թատերագիտական բաժիններով. առաջին տնօրեն՝ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վավիկ Վարդանյան: ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1952 թ. հոկտեմբերի 21-ի կարգադրության համաձայն՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության 1952 թ. դեկտեմբերի 8-ի թիվ 482 հրամանով միավորվում են թատերական եւ գեղարվեստական ինստիտուտները, ստեղծվում է գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նորակազմ բուհի ռեկտոր է նշանակվում ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վավիկ Վարդանյանը: Ժամանակի ընթացում բարձրագույն կրթօջախում տեղի են ունենում ներկառուցվածքային փոփոխություններ, սակայն նույնն է մնում հունը:
1998-ից՝ նոր փուլ՝ հայ թատրոնի եւ կինոյի Սոս Սարգսյան նահահապետի հոգածու առաջնորդմամբ եւ օրհնությամբ. առաջին հերթին՝ կրթակառույցի հիմնարար վերանորոգում. ստեղծվում են բոլոր պայմանները բնականոն ուսումնաստեղծագործական աշխատանքի համար, լիովին վերանորոգվում եւ վերափոխվում է ուսանողական թատրոնը: 1999 թ. բուհը, աստիճանաբար ընդլայնելով ուղղվածությունը՝ վերանվանվում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Կրթհաստատության ուսանողների ջանքերով 2000 թ. հիմնադրվում է «Արվեստ» ամսագիրը. լույս է տեսնում մինչեւ 2008 թ.: 2002 թ. հիմնադրվում է «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, որ գործում է մինչ օրս (գլխավոր խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյան): 2014-ին հիմնադրվում է ուսանողական «Կինո/թատրոն» ամսագիրը: Նույն թվականից ԵԹԿՊԻ-ն անդամակցում է UNESCO-ի կատարողական արվեստների միջազգային ցանցին:
Տասնամյակներ ի վեր այս հասատատության կամարների ներքո իբրեւ օրհնանք հնչել է հայ եւ համաշխարհային թատրոնի ու կինոյի, նաեւ արվեստաբանության՝ գնահատանքով ու փառքով մշտապարուր մեծությունների՝ Վաղարշ Վաղարշյանի, Վարդան Աճեմյանի, Լեւոն Քալանթարի, Գուրգեն Գաբրիելյանի, Մուրադ Կոստանյանի, Հրաչուհի Ջինանյանի, Արմեն Գուլակյանի, Թաթիկ Սարյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Հրաչյա Ղափլանյանի, Մարատ Մարինոսյանի, Կիմ Արզումանյանի, Երվանդ Ղազանչյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Սոս Սարգսյանի, Սրբուհի Լիսիցյանի, Ռուբեն Զարյանի, Գարեգին Լեւոնյանի եւ այլոց կրթիչ խոսքը. նրանց մշակմամբ է բողբոջ տվել հայ թատրոնի ու կինոյի պարտեզը: Այսօր սաներն ըմբոշխնում են Ռուբեն Բաբայանի, Նիկոլայ Ծատուրյանի, Հրաչյա Գասպարյանի, Արմեն Մելիքսեթյանի, Դավիթ Հակոբյանի, Գրետա Մեջլումյանի, Արամ Սուքիասյանի, Գայանե Մարտիրոսյանի, Վահագն Տեր-Հակոբյանի, Դավիթ Մինասյանի, Կարեն Գրիգորյանի, Սիրանուշ Գալստյանի, Նարինե Սարգսյանի, Դավիթ Մուրադյանի, Նարինե Ջրբաշյանի, Աննա Երզնկյանի, Լաուրա Մուրադյանի եւ ուրիշների ուսուցանումը:
Տարբեր տարիներ կրթատու այս օջախը ղեկավարել են հայ արվեստի նշանավոր գործիչներ Վավիկ Վարդանյանը (1949-1952 թթ.), Արա Սարգսյանը (1952-1959 թթ.), Մարտին Չարյանը (1959-1974 թթ.), Վահագն Մկրտչյանը (1974-1994 թթ.), Վահե Շահվերդյանը (1994-1998 թթ.), Սոս Սարգսյանը (1998-2005 թթ.), Հրաչյա Գասպարյանը (2005-2010 թթ.), Արմեն Մազմանյանը (2010-2014 թթ.), Դավիթ Մուրադյանը (2014-2019 թթ.), Լիլիթ Արզումանյանը (2019-2023 թթ.): 2023 թ.-ից ԵԹԿՊԻ-ի ռեկտորն է արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը այսօր իր երեք ֆակուլտետներով՝ «Թատրոնի» (դեկանի ԺՊ՝ Սերգեյ Սանոյան), «Կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի» (դեկանի ԺՊ՝ Լիանա Սմբատյան), «Արվեստի պատմության, տեսության եւ կառավարման» (դեկանի ԺՊ՝ արվեստագիտության թեկնածու Անի Հարությունյան), Գյումրու (կազմավորվել է 1997 թ., տնօրեն՝ Հակոբ Զիլֆիմյան) եւ Վանաձորի (կազմավորվել է ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի եւ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ջանքերով 2003 թ., տնօրեն՝ Էլֆիք Զոհրաբյան) մասնաճյուղերով, շուրջ 250-հոգանոց արվեստային ուսուցչախմբով ամեն տարի դեպի ձայնի, հնչյունի, խոսքի ու շարժումի կախարդական աշխարհ է ճանապարհում նորին մեծություն Արվեստի երիտասարդ ծառաների ու մշակների մի ամբողջ հույլ՝ թատրոնի եւ կինոյի դերասաններ, թատերական ռեժիսորներ, կինոռեժիսորներ, թատրոնի, կինոյի եւ հեռուստաոլորտի նկարիչներ, կինոօպերատորներ, պարարվեստի ռեժիսորներ, պարողներ, արվեստի կառավարիչներ, թատերագետներ, կինոգետներ, սցենարիստներ:
Բուհում լիավյուն գործում են Ուսանողական խորհուրդը (ՈՒԽ), Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը (ՈՒԳՍԸ), Ուսանողական թատրոնը, Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը, որոնք ավելի են աշխուժի բերում ուսանողական գիտաստեղծագործական կյանքը: Ժամանակին ինստիտուտում եղել է երիտասարդ կինոգետների եւ քննադատների կազմակերպություն, որն ստեղծել է հայկական ֆիլմերի եռալեզու կատալոգ, ինչը արտերկրում եւս բարձր են գնահատել: Բուհի գործունեության ծիրում է նաեւ հրատարակչական գործը. լույս են տեսնում հայ թատրոնին ու կինոյին վերաբերող ուսումնական ծրագրեր, մեթոդական ուղեցույցներ, գրքեր, ժողովածուներ: Ինստիտուտն ունի մասնագիտական հարուստ գրադարան (վարիչ՝ Գայանե Սարգսյան), որ ներառում է մոտ 45.786 գիրք, եւ ֆիլմադարան (պատասխանատու՝ Գայանե Ստեփանյան), որտեղ կա շուրջ 5000 միավոր ֆիլմ (ֆիլմեր, դիպլոմայիններ, ներկայացումներ եւ այլն): Թատերականը գործընկերներ ունի աշխարհի տարբեր մասերում:
Ահավասիկ ութ տասնամյակ կրթիչ ու արարիչ ստնտու օջախն այս շարունակում է արյուն ու ավիշ տալ հայ բեմին ու հայ էկրանին: Հոբելյանական 80-ի առթիվ բարեմաղթենք նրան ամրակամ առաջշարժում դեպի իմաստալից եւ արդյունառատ նոր տասնամյակներ ու դարեր՝ մեծ հրայրքով, մեծ ստեղծվածքով, մեծ տեսիլքով նվիրական:
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)
Բան.գիտ. թեկնածու