Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայկական ատոմակայանի առօրյան

Կայացավ ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման նախագծի համատեղ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպման ընթացքում հստակեցվեց նախագծի բոլոր ուղղություններով աշխատանքային խմբերի ցանկը: Այնուհետեւ քննարկվեցին նոր էներգաբլոկների կառուցման ճանապարհային քարտեզը, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կազմման ժամանակացույցը: Համաձայնեցվեցին ելակետային տվյալների տրամադրման ժամկետները, նախագծի ֆինանսավորման պայմանների համաձայնեցման հարցերի վերաբերյալ մոտեցումները:  Քննարկումների ընթացքում կարեւորվեց նաեւ նախագծի իրականացման գործընթացում տեղային մատակարար կազմակերպությունների ընդգրկման հարցը:

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության եկան առավել ակտիվ շարունակել աշխատանքները  ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրականացման շուրջ:

2022թ. օգոստոսի 25-ից  մինչեւ սեպտեմբերի 9-ը Մոսկովյան կենտրոնի կողմից իրականացվեց ՀԱԷԿ-ի գործընկերային ստուգում: Փորձագետների խմբում ներգրավված էին ատոմային էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի յոթը երկրներից՝ Բելառուսից, Բուլղարիայից, Իրանից, Ռուսաստանից, Սլովակիայից, Ֆրանսիայից եւ Չեխիայից:

Ստուգման նպատակն անվտանգ եւ հուսալի շահագործման ուղղությամբ կայանի արտադրական գործունեության գնահատումն էր, այդ թվում նաեւ ԱԷԿ-ի աշխատանքի ուժեղ կողմերի եւ բարելավման ենթակա ոլորտների հայտնաբերումը:

Անցկացվեցին ՀԱԷԿ-ի աշխատանքի դիտարկումներ, փաստաթղթերի ստուգում եւ հարցազրույցներ կայանի անձնակազմի հետ, ինչն օգնեց փորձագետներին հասկանալ կայանի արտադրական գործունեության վիճակը: Կատարվեց նաեւ հանձնարարականների կատարման վիճակի, ինչպես նաեւ միջուկային անվտանգության կուլտուրայի գնահատում:

Հարկ է նշել,որ  միայն 2022թ. օգոստոս ամսին ՀԱԷԿ-ում արտադրվել է  273 867 078 ԿՎտժ էլեկտրաէներգիա:Միջին ամսական  էլեկտրական բեռնվածքը կազմել է 368.1ՄՎտ:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր