Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԿԳՄՍ փոխնախարարներն առիթը բաց չեն թողնում Թբիլիսի մեկնելու համար

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարարներն առանձնահատուկ սեր ունեն հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի նկատմամբ: «Ազգ»-ը նկատել է, որ գերատեսչության ղեկավար անձնակազմն առիթը բաց չի թողնում թեկուզ երկու օրով Թբիլիսի մեկնելու համար: Օրեր առաջ, մարտի 23-ին, ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսի էր մեկնել՝ մասնակցելու Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Վարչապետի՝ դեռեւս մարտի 16-ին ստորագրած որոշումից տեղեկանում ենք, որ թբիլիսյան եռօրյա այցի հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ պետբյուջեի հաշվին են կատարվել:
Սրան զուգահեռ իրականությունում՝ Թումանյանի ծննդավայր Դսեղ, որտեղ ամփոփված է Ամենայն հայոց բանաստեղծի սիրտը, միայն Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներն են այցելել: «Ազգ»-ը տեղեկացավ, որ մարտի 23-ին՝ բանաստեղծի մահվան օրը, բացի մարզպետարանի կրթության եւ մշակույթի ոլորտի պատասխանատուներից այլ պաշտոնյաներ ներկա չեն եղել:

ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաները, փաստորեն, Թումանյանի հիշատակը հարգելու համար ալարել են մի քանի կիլոմետր ճանապարհ կտրել-անցնել, ու Դսեղի փոխարեն նախընտրել են Թբիլիսի մեկնել՝ ըստ երեւույթին հըթացս Վրաստանի մայրաքաղաքում զբոսնելու, պտույտներ տալու համար: Կամ էլ, գուցե, մտածել են՝ մեծն գրողի հիշատակն ավելի խորը հարգելու համար ավելի երկար ճանապարհ պետք է անցնեն, հետեւաբար չեն հապաղել ու Երեւան-Դսեղ մոտ 90 կմ ճանապարհը փոխարինել են Երեւան-Թբիլիսի ավելի քան 284 կմ ճանապարհով:

«Ազգ»-ի հետ զրույցում փոխնախարար Քոչարյանի հետ Թբիլիսի մեկնած Աստղիկ Մարաբյանը, որ նախարարության Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետն է, ասում է.  «Թբիլիսի մեկնած պատվիրակությունը կազմված է եղել մտավորականներից ու նախարարության տարբեր բաժինների աշխատակիցներից: Բավական պատկառելի պատվիրակություն է գնացել Թիբլիսի, որտեղ էլ տրվել է Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը»:

Մեր այն հարցին, թե նախարարությունն ինչո՞ւ է Դսեղը ստորադասել Թբիլիսիին, Մարաբյանն այսպես մեկնաբանեց. «Թումանյանի գերեզմանը գտնվում է Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը, եւ, հետեւաբար, որոշվեց, որ միջոցառումների մեկնարկը Թբիլիսիից կտրվի: Բայց դրանով միջոցառումները չեն սահմանափակվում, եւ առաջիկայում Գիտությունների ազգային ակադեմիայում գիտաժողով, նկարիչների միությունում էլ  «Թումանյանը քանդակագործության մեջ» ցուցադրությունը կկայանա, իսկ հիշատակի միջոցառումները կամփոփվեն դեպի Դսեղ ուխտագնացությամբ:

Նշենք, որ ամիսներ առաջ էլ, հունվարի 18-ին, ԿԳՄՍ մեկ այլ փոխնախարար՝ Արա Խզմալյանը Թբիլիսիում մասնակցել էր վրաց հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի սգո արարողություններին:

 ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաները, փաստացի, Թբիլիսիի նկատմամբ առնաձնահատուկ սեր ունեն, ու առիթը բաց չեն թողնում ՀՀ պետբյուջեի հաշվին Վրաստանի մայրաքաղաք մեկնելու համար:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ