Նորվեգաբնակ նկարիչ, համադրող, փերֆորմեր, դերասան, բեմադրիչ եւ պարադիր Կարեն Նիկոլը ծնվել է Թեհրանում, 1983 թվականին: Մայրը՝ հայուհի Օդեթ Նիկոլը, նկարչուհի, մուլտիպլիկատոր եւ թարգմանիչ է (տե՛ս իմ հարցազրույցը նրա հետ «Ազգ»-ում, 2019, դեկտեմբերի 27): Կարենը սովորել է Բորնմութի Արվեստի համալսարանական քոլեջում (Անգլիա) եւ Օսլոյի Գեղարվեստի համալսարանում, ուսանել է նաեւ կրոն եւ փիլիսոփայություն: Նրա աշխատանքները միախառնում են մշակութային զանազան ձեւեր ու ինքնություններ՝ համատեղելով ժամանակակից պարը, խորեոգրաֆիան, ռեյվը (պարային երեկոներ՝ հիմնականում էլեկտրոնային երաժշտությամբ), փողոցի մշակույթը, նոր դարաշրջանը եւ օկուլտիզմը՝ պարեր եւ բեմադրություններ ստեղծելով բեմում եւ պատկերասրահներում, նկարիչների, պարողների, մարտարվեստով զբաղվողների եւ գրողների մասնակցությամբ: Կարենը մասնակցել է ավելի քան 25 խմբային ցուցահանդեսների ամբողջ աշխարհում, անհատական ցուցահանդեսներ ունեցել Նորվեգիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ ԱՄՆ–ում: Կարենն աշխատում է Օսլոյի Ժամանակակից արվեստի թանգարանում եւ ուսումնասիրում է Նորվեգիայի մշակութային կյանքը: Նկարահանել է կարճամետրաժ «Լիազորում» (2017) ֆիլմը եւ խաղացել երկու շարժանկարում Նորվեգիայում եւ Մեծ Բրիտանիայում: 2017-ին Կարեն Նիկոլն արժանացել է Օսլոյի տարվա արվեստի մրցանակին՝ իր «Լիազորում» ցուցահանդեսի համար: Նա Օսլոյի «Նո փլեյս» ցուցասրահի համահիմնադիրն է:
–Կարե՛ն, ես առցանց դիտել եմ քո բեմադրություններից մի քանիսը. կարծում եմ՝ դրանք պատկանում են արվեստի այն տեսակներին, որոնց մասին կարելի է բազմաթիվ մեկնաբանություններ անել, եւ դրանք բոլորն էլ կլինեն թե՛ ճիշտ, թե՛ սխալ: Քո աշխատանքները կարելի է բնութագրել որպես միստիկ, էրոտիկ, էքսցենտրիկ: Ո՞րն է այն հիմնական ուղերձը, որ ուղարկում ես արվեստիդ միջոցով:
-Այո՛, իմ արվեստը հաճախ բաց է մեկնաբանությունների համար: Բեմական բեմադրություններում ես ունեմ ընդհանուր մի գիծ, որը հաճախ պատմվում է, բայց պարտադիր չէ, որ լինի հասկանալի: Ինչպես երազը, դրանք եւս բաց աղբյուր են վերլուծության համար:
–Երբ Նորվեգիայի թագավորական ընտանիքն այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան, քեզ են վստահել ցուցահանդեսի բացատրությունը: Ինչպիսի՞ փորձառություն էր թագավորի եւ թագուհու ուղեվար լինելը:
-Լա՛վ էր… ճիշտ է, ոստիկանները սովորականից ավելի շատ էին, բայց նաեւ հավես էր:
–Վերջերս պարարվեստի մի ռուս մասնագետ միտք հայտնեց, որ գաղափար ունեցող յուրաքանչյուր ոք կարող է կատարել խորեոգրաֆիկ բեմադրություն:
-Այո՛, այդ մասնագետն իրավացի է: Հիշենք, թե որքա՛ն հրաշալի թատերախաղեր է գրել Կանդինսկին, որը նկարիչ էր:
–Լինելով ժամանակակից պարարվեստի երկրպագու՝ ինձ համար խնդիր չէր դիտել քո «Սատիրիկոն» ներկայացումը, որը տեւեց 2,5 ժամ՝ մինիմալիստական երաժշտության, միապաղաղ ձայնի եւ շատերի համար անհասկանալի լեզվով խոսակցության ներքո: Շատ հավակնոտ չէ՞ «Ֆելինիի Սատիրիկոնից» հետո ունենալ «Կարեն Նիկոլի Սատիրիկոնը»:
-Հա՜-հա՜, դա հեգնանք էր Ֆելինիի նկատմամբ, որն իր անունը ներառեց վերնագրի մեջ: Ես նաեւ ուզում էի նրանց միջեւ առկա տարբերությունը նշել այնպես, որ հանդիսատեսը չակնկալեր տեսնել Ֆելինիի տեսողական լեզուն իմ ստեղծագործության մեջ:
–Դու նաեւ հեղինակել ես օպերետ՝ «Սֆինքսի լուռ երգը»: Երաժշտական կրթություն ունե՞ս:
-Ո՛չ, չունեմ: Ես աշխատում եմ կոմպոզիտորների, երաժիշտների եւ պարուսույցների հետ, որոնք կարող են իրականացնել իմ գեղագիտական գաղափարները:
–Ենթադրում եմ՝ զվարճալի պատմություններ ունես, երբ մարդիկ շփոթել են քո սեռը՝ Կարեն անվանդ պատճառով:
-Իսկապես, եւ ամենից զվարճալին աշխատանքի ընդունվելու հարցազրույցներն էին, երբ մարդիկ սպասում էին տեսնել կնոջ, ոչ թե ճաղատ պարսկահայի (ծիծաղում է):
–Դու ծնվել ես պարսիկ հոր եւ հայ մոր ընտանիքում: Ինչպե՞ս եւ որքանո՞վ է նման հարուստ ժառանգությունն ազդել քո բնավորության եւ ոճի վրա:
-Տարբեր վայրերից եկած լինելն ազդում է մեզ վրա, այն կարող է հոգեպես փոխել մարդուն: Այդպիսի ժառանգությունը քանդում է մեր անհատականությունը՝ լինես նորվեգացի, հայ, թե պարսիկ, վերածելով երկակիությունների համաձուլվածքի:
–Երբ 1997-ին զանգահարեցի մայրիկիդ, հեռախոսը վերցրիր դու կամ քո եղբայր Արմինը: Հաճելի էր լսել, որ Օդեթի որդին հայերեն է խոսում մոր հետ:
-Դե՛, ուրախ եմ լսել: Իհա՛րկե, ես խոսում եմ հայերեն եւ մի քիչ էլ գրում եմ:
–Դուք ընտանիքով Հայաստանում էիք 2017 թվականին: Հնարավորություն ունեցա՞ր ծանոթանալու ժամանակակից հայ արվեստին:
-Այո՛, այցելեցի մի քանի ցուցասրահ, խանութներ եւ արվեստագետների: Երեւանում արվեստի մթնոլորտն աշխույժ է:
–Ավելի շատ ի՞նչ կցանկանայիր տեսնել Հայաստանում եւ ինչպիսի՞ փոփոխություններ:
-Կցանկանայի Հայաստանում տեսնել է՛լ ավելի շատ արվեստ ու է՛լ ավելի շատ նորաձեւության արդյունաբերություն, թեեւ հիմա էլ շատ բան կա: Կցանկանայի տեսնել լավ ապագա երկրի համար եւ որ Հայաստանը լինի անկախ իրեն խանգարող երկրներից: Ու նաեւ՝ ավելի շատ երջանկություն:
–Հայազգի շատ արվեստագետներ մտածում են հայկական նախագծերի մասին: Դու բացառությո՞ւն ես:
-Այո՛, կարող եմ բացառություն լինել: Ես չեմ ուզում, որ իմ աշխատանքն ընկալվի որպես մեկ կոնկրետ ծագում ունեցող կամ մի որոշակի տեղից:
–Բայց մի քանի տարի առաջ ինձ գրել էիր, որ մտածում ես ֆիլմ նկարահանել հայկական միստիկայի եւ վանականների մասին:
-Դե՛, ապագան ցույց կտա…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ