Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իրանի մեջլիսը ներկայացնում է Հարավային Կովկասում ընթացող իրադարձությունների կապակցությամբ

ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 21-ին Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին նվիրված քննարկումների ամփոփիչ նիստից հետո հանդես  է եկել եզրափակիչ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

 «Ցավոք, վերջին ամիսներին որոշ իրադարձություններ այս զգայուն տարածաշրջանում   անվտանգային ու քաղաքական խնդիրների խախտմանը նպաստող միտումներ են արձանագրում: Միջազգայնորեն ճանաչված սահմանների ու տարածքային ամբողջականության պահպանման խնդիրն անխուսափելի իրողություն է, որից շեղումը անընդունելի է, եւ հակասում է միջազգային օրենքի սկզբունքներին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի երկրներին կոչ է անում չխախտել բարիդրացիության նորմերը: Անկասկած է, որ աշխարհաքաղաքական դավադիր նախագծերի փաթեթավորմամբ միջազգային սիոնիզմի ու ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանում հետապնդվող սադրիչ  գործողություններին հակադարձելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը կդիմի  համարժեք, վճռական ու անհապաղ քայլերի: Իրանը տեւական խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող ցնորական ու բարձրասլաց  երազանքներին հետամուտ լինելը համարում է այս տարածաշրջանի  պատմական իրողություններին չհամապատասխանող եւ աշխարհաքաղաքական պահանջներին  հակասող վարվելակերպ»:

Գ.Ա.