Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Մուտքն արգելված է

Մտնել կարելի է դռնից, երբեմն էլ՝ պատուհանից:  Կարելի է աչք մտնել, ու մտնել մարդկանց սիրտը: Կարելի է նաեւ մտնել բարեկամների տրամադրության կամ դրության մեջ: Հանձնարարելի է նաեւ վատ արարքի համար ամոթից գետինը կամ մկան ծակը  մտնել: Թեեւ տեսականորեն ընդունված չէ, բայց գործնականում կարելի է երկու անգամ նույն գետը մտնել:
Կարելի է վախից դարան մտնել: Կարելի է նաեւ սեփական բարդույթները հաղթահարելու համար մարդամեջ մտնել: Անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար կարելի է համացանց մտնել: Մտնել կարելի է նաեւ դերի մեջ, բայց միայն բարի նպատակներով:

Նոր լուսաբացի ակնկալիքով, արեւին էլ է արտոնված մտնել, բայց միայն՝ մայր մտնել: Քաղաքական իրավիճակին անհաղորդ լինելու համար կարելի է նաեւ քուն մտնել:

Բթացնող քարոզչական ելույթները կարելի է մի ականջից մտցնել եւ մյուսից դուրս հանել:

Կարելի է բանավեճի մեջ մտնել ու մինչեւ ընդդիմախոսին համոզելը դրանից դուրս չգալ:

Բայց…

Բայց պետական միջոցներից սնվելու համար երբեք չի կարելի ժողովրդի երակը մտնել:

Որպես կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ՝ չի կարելի փայ մտնել:

Բիզնեսն ապօրինաբար ծաղկեցնելու համար չի կարելի ստվեր մտնել:

Ինչ-ինչ նպատակներից ելնելով չի կարելի քաղաքական խաղերի մեջ մտնել:

Իսկ շողոքորթելու եւ քծնանքի, երեսպաշտության ու կեղծավորության, ծառայամտության ու փարիսեցիության, պաշտոն ստանալու եւ առաջխաղացման  համար չի կարելի… մտնել:

Մեղայ Աստծո:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ