Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Դառնահամ մեղքն ու քաղցրանուշ մեղրը

Մեղքը հանցանք է՝պարսավելի, դատապարտելի արարք եւ կրոնաբարոյական պատվիրանների ու օրենքի խախտում:

Բոլորս  էլ մեղավոր ենք: Արեւելքի մեծանուն բանաստեղծ ու փիլիսոփա Օմար Խայյամը հավատացած էր, որ աշխարհում անմեղ մարդ չկա: Նա իր դժգոհանքն էր հայտնում Արարչին,  որ   մեղավորներին պատժելով ինքն էլ է մեղք գործում: Ուստի, նա մահկանացուի ու Աստծո միջեւ ոչ մի տարբերություն չէր  տեսնում՝

Այս աշխարհում մեղք չգործած մարդ կա՞ միթե, ասա ինձ,

Իսկ եթե կա, նա ինչպե՞ս է գոյատևում, ասա ինձ,

Վատ արարքս  վատությամբ ես հատուցանում, տե՜ր Աստված,

Էլ ինձ ու քեզ տարբերակել դու կարո՞ղ ես, ասա ինձ:

Նման հերյուրանքների համար շատերը Խայյամին աթեիստ ու աստվածամերժ անվանեցին, ոմանք էլ՝ ճշմարտախոս:

Հայերն էլ են մեղք գործում, այն էլ՝ բնիկ հայկական մեղք, քանի որ  մեղքը  բնիկ հայկական բառ է՝ հնդեվրոպական նախալեզվի «սխալվել»  իմաստով mel  արմատից:
Հնդեվրոպական նախալեզվում կա նաեւ հայերեն «մեղու» եւ «մեղր» բառերի համար հիմք ծառայած նույն՝  mel  արմատը: Դրանով հանդերձ,  դառնահամ «մեղքի» ու քաղցրանուշ «մեղրի» միջեւ ազգակցական  ոչ մի կապ չկա:

Հայերեն բառի ցեղակիցներից է լատիներեն malum հոմանիշը՝  «վնաս»,  «ցավ», «տառապանք», «պատիժ» եւ «ոճիր» իմաստներով:

Փաստորեն «մեղքն» ու «վնասը» ոչ թե փոխակպակցված բառեր են, այլ՝ հոմանիշներ: Իսկ հնդեվրոպական ծագումով հայերեն ՎՆԱՍ բառի ազգակցական կապը  ռուսերեն вина եւ պարսկերեն gonah բառերի հետ, կասկած չի հարուցում:

Հոգնակիակերտ մասնիկից անբաժան  «մեղՔ»  բառը, «տառապանՔի», «զրկանՔի» ու «փորձանՔի» նման  եզակի չի լինում (կամ եթե լինում է, հազվադեպ է լինում), քանի որ մարդուն բնորոշ է  հանապազ ու շատ մեղք գործելը, տառապելն  ու զրկանք կրելը:
Մշտապես մեզ հետապնդող մեղք գործելու զգացողությունը փարատելու համար էլ, մեղքին թողություն հայցելու նպատակով,  հորինվել է «մեղա՜»  բացականչությունն ու «մեղա քեզ Աստված, մեղավոր եմ, խոստովանում եմ մեղքս» արտահայտությունները:   

Հայ առաջին տպագրիչ  Հակոբ Հովհաննիսյանը, մեղք գործած լինելու կպչուն  միտքն իրենից  հեռացնելու  համար՝   համեստաբար  Մեղապարտ ազգանվամբ է ներկայացել:
Գրիգոր Նարեկացին էլ իրեն մշտապես մեղավորի պիտակ է կպցրել,  ու   երկայնամիտ Արարչին դիմելով՝  հաճախ է թողություն խնդրել:

Մեր հոգեւորականների աղոթագրքերն էլ հագեցած են ինքնամեղադրանքներ պարունակող տրտունջներով, երբեմն աղոթարարի մասին  ասելով՝ «Յանցաւորս համարեցայ զամենայն մեղաւորս երկրի»:

Փաստորեն մեղքի մասին համարյա ամեն ինչ գիտենք: Գիտենք մեղք բառի ծագումնաբանությունը, այլ լեզուների հետ դրա ազգակցական կապը, շատ ու շատ  ուրիշ բաներ: Սակայն, գործած մեղքերի դիմաց զամենայն մեղաւորիս   պատասխանատվության մասին ոչինչ չգիտենք:  Չգիտենք պատիժն ինչպե՞ս է սահմանվում՝ անտիկ շրջանի տասը պատվիրաններո՞վ, միջնադարյան Հայաստանի դատաստանագրքո՞վ, թե՞ մերօրյա քրեական օրենսգրքով:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ