Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Խելամտության պատրանք

Գիտնականները պարզել են, որ խելքը բացառապես մարդուն բնորոշ հատկություն է: Կարծում եմ, այս տեսակետը, առնվազն հայի համար  համոզիչ  չէ: Եթե հայերը խելքը համարեին միայն մարդու բացառիկ հատկությունը, չէին ասի՝ «իմ էշ խելքը», կամ մտային սահմանափակ կարողության տեր մարդկանց չէին համեմատի «հավի խելք» ունեցող արարածների հետ: 

Չի կարելի նաեւ խելքը դասել օբյեկտիվ իրականության արտացոլման բարձրագույն ձեւերի շարքին, քանի որ խելքն առարկայական հատկություն էլ ունի, եւ սուր դանակի պես կարող է կտրել: Հենց դրա համար էլ Ալեքսանդր Ծատուրյանն ասել է՝ «Կարդացողի խելքն է կտրուկ, միտքը պայծառ ու լուսավոր…»: 

Սուտ են նաեւ այն պնդումները, թե իբր խելքը հնարավոր չէ չափել:  Հայոց լեզուն «կարճ խելք» արտահայտությամբ հակառակն է ապացուցում: Նույնիսկ հայերը հակադարձ համեմատական են համարում  կանանց մազերի ու խելքի երկարությունը, քանի որ հայերենը չի մերժում «կնոջ մազը երկար է, խելքը՝ կարճ» ասացվածքի գոյության իրավունքը: (Իհարկե, ժամանակի ընթացքում հակառակն է ապացուցվել եւ պարզվել, որ դրանք ուղիղ համեմատական են):  Խելքի չափելիության մասին են վկայում նաեւ հայերեն «խելքի ծով» եւ «խելքի տոպրակ» արտահայտությունները:

Սխալվում են նաեւ այն գիտնականները, որոնք խելքը նույնականացնում են ուղեղի հետ: Քանի որ ուղեղը կարելի է «արդուկել», իսկ խելքը՝ ոչ: Քանի որ ուղեղը ծալքեր ունի, իսկ խելքը՝ «ցնդելու» հատկություն: Քանի որ ուղեղը տապակած վիճակում են ուտում, իսկ խելքը՝ «հացի հետ»: 

Հայկական իրականությանն անհաղորդ գիտնականները նաեւ չգիտեն, որ խելքը երկու մասից է բաղկացած: Առաջինի մասին  ես էլ պատկերացում  չունեմ, բայց երկրորդ մասը հայտնի է  «հայի հետին խելք» անվանումով, որը թեւավոր խոսքի արժեք է ձեռք բերել  մեր  նախապես գիտակցված սխալներն արդարացնելու համար:  Թերեւս այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետության  առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը  պատմությունից դասեր չքաղելու եւ նույն սխալները կրկնելու  պատճառով «հայի հետին  խելքը»   իմաստակություն ու ցնորամտություն է  համարել, եւ որպես ապացույց, բերել 1915-ի ողբերգությունից  եւ պատմական հայրենիքի կորստից հետո մեզ պատուհասած  ազգակործան պատերազմի օրինակը:

«Չէ, մեր խելքը մեզ այսօր, հիմա է պետք: Խելք-խելքի, եղբայրներ, ուս-ուսի, եղբայրներ…», -մարգարեաբար այդպես է պատգամել սպարապետ Վազգեն Սարգսյանը Մեղրիում հեղինակած  Հայաստանի հարավային դարպասի մասին  իր «Հայի վերջին խելքը» պատմվածքում:

 ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ