Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

«Թքած ունենալու» նուրբ արվեստը

Կենդանական աշխարհում, որի մեջ մարդն էլ իր ուրույն տեղն է զբաղեցնում, թքելու հատկությունը համարվել է ուղտի անբեկանելի մենաշնորհը:

Ուղտը սովորաբար առանց պատճառի չի թքում. դրանով նա պաշտպանական վարքագիծ է դրսեւորում: Երբ վտանգ է զգում կամ գրգռված է, կարող է մարդու ուղղությամբ արտանետել թքի եւ ստամոքսի պարունակության խառնուրդ: Փաստորեն, ուղտի թքելու նպատակը վախեցնելն ու վտանգը հեռու պահելն է: Բացի այդ, ուղտը թքելու միջոցով երբեմն արտահայտում է իր դժգոհությունը կամ գերիշխանությունը մյուս սապատավորների նկատմամբ:

Կենսաբանները հաստատ գիտեն, որ մարդը եւս, իր կենսաբանական նկարագրից ելնելով, թքելու հատկություն ունի: Սակայն մարդու դեպքում այդ հատկանիշը դրսեւորվում է բոլորովին այլ պայմաններում:

–  Եղանակային պայմանների մասին տեղեկություն փոխանցելու միջոց

Օրինակ՝ երբ թքում ես գետնին, ու թուքդ տեղ չի հասնում, իմացիր, որ սաստիկ ցուրտ է, եւ այն անմիջապես սառչում է: Դրա համար էլ ասում են՝ «թքես գետնին, տեղ չի հասնի»:

–  Մարդկանց արժանապատվության աստիճանը ճշգրտելու միջոց

Երբ մեկի երեսին թքում ես, իսկ դիմացինիդ թվում է, թե գարնանային անձրեւ է մաղում, հասկանում ես, որ պատվազուրկ մարդու հետ գործ ունես:

–  Թուքը՝ որպես ժամանակի ընթացքը չափելու միջոց

Եթե քեզ շտապ հանձնարարությամբ որեւէ տեղ են ուղարկում եւ զգուշացնում, որ պետք է վերադառնաս, քանի դեռ թուքը չի չորացել, իմացիր, որ գործն ավարտին հասցնելու համար քեզ հատկացված ժամանակը խիստ սահմանափակ է: Ի վերջո, գետնի վրա թուքը, հատկապես տաք եղանակին, շատ արագ է չորանում:

–  Երախտամոռ չլինելու հատկությունն արտահայտելու միջոց

Այդ մասին է վկայում «չթքել այն ջրհորի մեջ, որից ջուր ես խմում» արտահայտությունը, որն ունի թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստ:

–  Սնոտիապաշտական վարքագծի դրսեւորում

Երբ հանդիպում ես մեկին, ով «աչքով տալու» հեռանկարից վախեցած՝ իր մտահոգությունը փարատելու համար, ձախ ուսի վրայով մի քանի անգամ հետ նայելով, սկսում է «թյու-թյու» անել, կարող ես ենթադրել, որ գործ ունես հայի, հատկապես՝ ռուսաստանաբնակ հայի հետ:

–  Այլոց նկատմամբ գերիշխանություն ցուցադրելու միջոց

Սովորաբար մարդու երեսին թքող անձը նման քայլի դիմում է անզորության զգացումից ելնելով՝ այդ կերպ փորձելով արտահայտել իր դժգոհությունն ու ցուցադրել իր ենթադրյալ գերիշխանությունը:

–  Բումերանգի էֆեկտն արտահայտելու միջոց

Եթե ինչ-որ մեկը, առանց հնարավոր հետեւանքները հաշվի առնելու, դեպի վեր է թքում, նշանակում է, որ նա հավանաբար ծանոթ չէ պարսկերեն tof-e sarbala («դեպի վեր թքել») արտահայտության իմաստին: Այն հիշեցնում է, որ դեպի վեր թքածը բումերանգի էֆեկտով վերադառնում է հենց թքողի երեսին:

– 5165 մետր բարձրությունից դեպի վար թքելու առանձնահատկությունը Այս երեւույթի գրական արտահայտությունը գտնում ենք Հովհաննես Շիրազի «Հրաշք» պոեմի համապատասխան հատվածում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ