Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Քաղաքագիտության հարուստ բառապաշարը

Գիտության յուրաքանչյուր ոլորտ  ունի իր ուրույն եզրաբանությունը, բառապաշարն ու արտահայտչաձեւերը:

Քիմիան, օրինակ,  ուսումնասիրում է ատոմներից, մոլեկուլներից եւ իոններից բաղկացած միացությունները, Ֆիզիկան՝ բնության հիմնարար օրենքները, նյութի եւ էներգիայի հատկությունները, ձգողականությունը:

Հասարակագիտության  ուսումնասիրության տիրույթում են գտնվում  հասարակության  զարգացման փուլերն ու դրանց օրինաչափությունները՝  դասակարգային պայքարը, անտագոնիզմը…

Իսկ ո՞րն է քաղաքագիտության ուսումնասիրության օբյեկտն ու դրա տերմինաբանությունը: Գիտության այս ոլորտով զբաղվող այրերն  ինչպիսի՞ բառապաշարով ու դարձվածքներով են ներկայացնում   իրենց ասելիքը:

Վստահ կարող եմ ասել, որ գիտության այս ոլորտը   եզրույթների ընտրության հարցում ոչ մի սահմանափակում կամ կաշկանդվածություն չունի:

Օրինակ, միջպետական հարաբերությունները վտանգված լինելու դեպքում քաղաքագիտությամբ զբաղվող մասնագետները դիմում են օդերեւութաբանության օգնությանը, եւ  բնորոշումը տալիս են  «մութ ու սեւ ամպեր կուտակված լինելու» միջոցով:

Իսկ եթե այդ հարաբերություններում  սառնություն է նկատվում, քաղաքագետները դրանք ամուսնական հարաբերությունների հետ են համեմատում եւ ասում՝ «նրանց մեղրամիսն ավարտված է»: Եթե խաթարված հարաբերությունները բարելավման նշաններ են ցույց տալիս, քաղաքագիտությունը սերտած այրերն ասում են, որ «սառույցը հալվում է»:

Աշխարհաքաղաքական կողմնորոշմանը վերաբերող երեւույթները նկարագրելու համար, քաղաքագետներն ու քաղաքական այրերը դիմում են նաեւ հավկիթի  օգնությանը, եւ օգտագործում    «բոլոր հավկիթները մի զամբյուղի մեջ չդնելու»  իմաստուն հորդորը:

Հաճախ  սպորտն էլ է  քաղաքագետների օգնությանը հասնում: Երբ քաղաքական սուբյեկտներից մեկն  իրեն հասանելիք դիվանագիտական քայլն է կատարում, հանգիստ շունչ է քաշում ու մտքի մեջ ասում, որ այժմ «գնդակը հակառակորդի դաշտում է»: Իսկ եթե սուբյեկտն իր գործընկերոջից   դաշնակցային հարաբերություններին հակասող քայլ է նկատում,  հիշելով ազատ ոճի ըմբշամարտի կանոնները, նեղսրտած ասում է, որ «մեջքից հարված է ստացել»:

Գիտության տարբեր ոլորտներից բացի, մեր կենցաղին վերաբերող բառապաշարն էլ է քաղաքագիտությանն արտահայտվելու  առատ նյութ մատակարարում:

Միեւնույն միտքը հաճախ կրկնող եւ այդ կրկնությունից ձանձրացող  քաղաքական այրն  իր պատկերավոր խոհերն  արտահայտելու համար երբեմն  սեփական անձը համեմատում է սովետական տարիներին բոլոր բնակարաններում պատից կախված եւ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր միալար խոսող   «քյասիբի ռադիոյի» հետ:

Երկրում կարգուկանոն հաստատելու վճռականությամբ տոգորված   քաղաքական այրերին  արտոնված է նաեւ խոսել ժողովրդին հասկանալի լեզվով, օգտագործելով, օրինակ, «ասֆալտի եզրաքարերը լիզել տալու» եւ  «պատին ծեփելու»  նախազգուշացումները:

Այո, քաղաքագետների սուր միտքը կարողանում է ճեղքել  բոլոր սահմաններն ու արգելքները:    

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ