Օրեր առաջ, սովորությանս համաձայն, հեռուստաալիքների վրայով սահուն անցնելու ընթացքում մի պահ ուշադրությունս գրավեց աղջնակ հաղորդավարուհու զրույցը: Ակամա ունկնդիր դարձա, քանզի խոսք էր գնում քաղաքացու իմ տեսակին հետաքրքրող ֆինանսական միջոցների շարժի մասին: Հաղորդումը վարող աղջնակը խոսում էր դեպի ՀՀ ռուսական ռուբլու ու ԱՄՆ դոլարի, դրանց արժեվորման ու արժեզրկման, արտահանման ու ներկրման ընթացքում ֆինանսական միջոցների պահվածքի, այլեւայլ ինչ-ինչ հարցերի շուրջ: Սպասում էի, որ զրույց կծավալվի նաեւ հայաստանյան հանրությանը մտահոգող ու անհանգստացնող հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման ընթացքում թուրքական ֆինանսական շուկայի հնարավոր պահվածքի շուրջ:
Ավաղ ավաղ, քանզի հաղորդման ավարտի վերջում նշվեց, որ այն կազմվել է 2022 թվականին, գրեթե չորս տարի առաջ: Թե ինչու էր կարիք առաջացել այն վերահեռարձակել, երբ որեւէ անգամ թվային ակնարկներ չկային ՀՀ ֆինանսական շուկայի շուրջ, չխոսելով ասենք 2025-ին մեր տնտեսության հնարավոր խնդիրներից, բացարձակապես անհասկանալի էր: Այս ընթացքում, օրինակ, հեղինակս հաճախ է անդրադարձել թուրքական լիրա-ամերիկյան դոլար պահվածքին, որը երբեմնի 6-7 լիրա-1 դոլար համամասնությունից 2022-ին հասել էր 32-34 լիրայի, հիմա արդեն անցել է 40 լիրայի սահմանը: Թուրք տնտեսագետներից շատերն են ահազանգում այս մասին, Թուրքիայի տնտեսությունը գնահատում անգամ որպես ճգնաժամային: Հայաստանյան հանրությունն ակնկալում է, որ հայ ֆինանսա-տնտեսական համակարգի մասնագետ ներկայացուցիչները համապատասխան ուսումնասիրությունների ու վերլուծությունների միջոցով կգոհացնեն իրենց ակնկալիքներն ու սպասումները, դրանք տեղ կգտնեն ՀՀ տնտեսա-քաղաքական որոշումների կայացման ընթացքում: Հաճախ է հիշատակվում, որ անգամ սահմանի փակ լինելու պայմաններում, ՀՀ-ից Թուրքիա արտահանումը կազմում է մոտ 30 մլն դոլար, Թուրքիայից ՀՀ 300 մլն-ից ավելի: Արդյո՞ք այստեղ մտորելու, ինչու ոչ՝ մտահոգվելու տեղ չկա, առավել եւս՝ անհանգստանալու: Անվիճելի է, որ կա, որն էլ հանրային տրամադրությունների երկվության է հանգեցնում, անորոշություններ ստեղծում, անգամ խուճապային պահեր առաջացնում:
Հավակնություն չունենալով տնտեսական վերլուծության, ընդամենը սիրողական մակարդակով նշեմ, որ 1978 թվականին տպագրված «Հայկական սովետական հանրագիտարան»-ի 4-րդ հատորի «Թուրքիա» հոդվածում ոչ մի խոսք չկա այս երկրի գյուղոլորտում, ասենք, թռչնաբուծության ոլորտի վերաբերյալ: Իսկ ահա ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային փաստեր» տեղեկատուն հայտնում է, որ Թուրքիայում հավի մսի արտադրությունը 2000 թվականին կազմել է 670 հազար տոն, 2021-ին 23 մլն տոն, 1 բնակչի հաշվով տարեկան 30 կգ, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ է գերազանցում 3 կգ-ը, մեր առեւտրային ցանցում գերակայում է արտերկրներից ներկրվածը, տեղական արտադրության կրկնակի էժան վաճառվողը: Եվ այս ամենը միայն այն պատճառով, որ ներկրվող է նաեւ հիմնական թռչնի կեր եգիպտացորենի հատիկը, որը ՀՀ տարածքում գրեթե չի մշակվում, երբ հարյուր հազարավոր հեկտար վարելահողեր անմշակ են մնում: Մշակվող աննշան տարածքներում հայաստանաբնակների համար խաշած-խորոված տեսքով սպառելու նպատակով եգիպտացորենի կողրեր են աճեցվում:
Իսկ կաթ ու մսի արտադրության անասնագլխաքանակները… թող սպասեն:
Այս ընթացքում նկատենք, որ Թուրքիայի բնակչությունը դեռեւս 100 մլն-ի չի հասել, ինչպես հռչակում են մեր որոշ վայ մեկնաբանները: 83 մլն-ի մոտ 70 տոկոսն են թուրքերը, որոնց էլ 15 տոկոսը շիաներ են, 83-ը սունիներ, մնացյալը՝ քրդեր եւ այլազգիներ, այդ թվում՝ ծպտյալ հայեր: Այս թվերն ինչ-որ բան հաստատ ասում են:
Սպասումների տրվենք:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ