Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թող ջուրը կյանք բերի ազգին, լեռներին, Վարդավա՜ռ…

Կենդանի ազգային արմատներն ազգի հոգեւոր ու ֆիզիկական ուժի սնուցող աղբյուր են: Մեր ազգային արմատ-ակունքներից է գալիս նաեւ այսօր Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը համարվող Վարդավառը, որն անցած կիրակի իրեն հատուկ կարգ ու ծեսով նշվեց Շիրակի ավանդաշատ Սառնաղբյուր գյուղում: Այս  բնակավայրը հայտնի է, հատկապես, ժողովրդական լեզվով «Զաղա» կոչվող իր ուխտատեղի քարանձավով: Ըստ տարածված ավանդազրույցի՝ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանում քրիստոնեություն քարոզելիս  քառասուն օր ճգնել է այս քարանձավում, որից հետո այդ անձավի խորքից մշտահոս, բուժիչ համարվող աղբյուր է բխել, իսկ վայրը դարձել ուխտատեղ-սրբատեղի:
   Հանդիսության սկզբում ներկայացվեցին տոնի խորհուրդը, օրվա խորհրդանիշներ խնդումը, խաչբուռը, խորոված խնձորը: Հայոց մեջ խնձորի առաջին ճաշակումը՝ հատուկ ծեսով խորոված վիճակում, ավանդաբար եղել է Վարդավառին, այնպես, ինչպես առաջին խաղողն ուտում են Վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին:
   Գյուղի աղբյուրի ծորակներից ջուրը հոսում էր գռի մեջ շաղ տրված կարմիր վարդաթերթերի վրա, սառնաղբյուրցի դեռահաս տղեկներն ըստ ավանդույթի աղավնիներ թռցրին՝ հանուն խաղաղության ու բարօրության: Ազգային երգ ու պար էր՝ համայնքի մշակութային երիտասարդական կենտրոնի եւ արվեստի դպրոցի սաների գեղեցիկ կատարումներով: Ներկայացված էին օրվան պատշաճող ազգային ուտեստներ ու ձեռքի աշխատանքներ, Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներով, սեպագրերով զարդարված իր բացառիկ աշխատանքներն էր ներկայացրել գյումրեցի խեցեգործ վարպետ Վազգեն Գեւորգյանը: Տոնին իրենց գունեղ աշխատանքներով մասնակցեցին նաեւ Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի սաները:
   Վարդավառի ժամանակը սովորաբար համընկնում է ցորենի բերքի հասնելու, հնձի հետ: Այս տոնին ավանդաբար եկեղեցի՝ օրհնելու տարվող ցորենի հասկեր, վարդեր, խնձորներ, վարդե թեւնոցներ ու վարդաջրով սրվակ-տարոսիկներ բաժանվեցին ներկաներին:
   Շիրակի պետական համալսարանի մասնագիտական խմբի «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրով կազմակերպված տոնախմբությունն ավարտվեց Սբ. Գրիգոր Լուսավորչի ուխտատեղիում՝ աղոթքով, բուժիչ ջուր ճաշակելով ու միմյանց վրա ջուր ցողելով:
    Ու ինչպե՞ս չհնչեցնենք այս սիրված տոնի առիթով կարծես թե տարածված մի յուրատեսակ օրհնանք-կարգախոսը.
   …Թող ջուրը կյանք բերի,
   Կյանքը սեր բերի՝ ազգին, լեռներին,
   Վարդավա՜ռ…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ