Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թեհրանում 3+3 ձեւաչափով հանդիպման առաջարկություն

Հայաստանի Հանրապետության  Անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 22-ին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հրավերով Երեւան ժամանած  Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար  Ալի Բաղերի Քանիին:

ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն,  հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարեւորվել է տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:

ՀՀ Անվտանգության խորհրդի  քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկվել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգության այլ հարցեր:

Իրանական կողմի փոխանցած տեղեկատվության համաձայն, որն արտացոլվել է IRANIAN DIPLOMACY  էլեկտրոնային կայքի հարթակում, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը,  ԻԻՀ ԱԳ փոխնախարար Բաղերի Քանին ներկայացրել  է միջազգայնորեն ընդունված սահմանների անձեռնմխելիության մասին Իրանի սկզբունքային դիրքորոշումն ու կարեւորել    տարածաշրջանի երկրների  մասնակցությամբ խաղաղության ու կայունության հաստատումը, հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  պատրաստ է մոտ ապագայում, արտաքին գործերի նախարարների մակարդակով, 3+3 (Իրան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան)  ձեւաչափով հանդիպում կազմակերպել Թեհրանում: 

Ըստ իրանական կայքի, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, բարձր գնահատելով տարածաշրջանային կայունության հաստատմանը միտված իրանական կողմի նախաձեռնությունները,  ողջունելի է համարել 3+3 ձեւաչափով հանդիպումը  Թեհրանում անցկացնելու առաջարկը:

Գ.Ա.