Ժամանակին սոցցանցերում գրել էի Մալթայի ուխտի խաչի հետնապատկերով ուղիղ եթեր մտած մեկի մասին, որ ստանձնել էր ընդդիմադիր քաղաքականի դերը եւ դա իրացնում էր առավելագույն ջանքով: Անուն չէի նշել, քանի որ ամենախոս այդ ընդդիմադիրի կերպարն այնքան ակնհայտ նկարագիր ուներ, որ անուն տալու կարիք չկար: Ի զարմանս` ինձ պատասխանել էր լրիվ այլ մարդ, որի տեսանյութերը ես չեմ նայում, բայց դատելով նրա թիկունքում միշտ ակնառու Մալթայի խաչից, նա՛ էր իմ ասածն առել իր վրա ու պատասխանել: Հայաստանում, ուրեմն, այնքան են ներկայացված ամեն տեսակ մասոնական կամ նմանատիպ օթյակները, աշխարհի խառնակիչների այլ բազմազան կառույցների ազդեցության գործակալները, լրտեսներն ու նրանց շահերը սպասարկողները, որ քարը մեկի բոստանն ես գլորում, ճանապարհին ուրիշ երկուսի է գնում -կպնում:
Եւ երբեմն տեսողական ուշադրության դաշտը լայնացնելով` ամեն ինչի մեջ այնպիսի սիմվոլիկա ես հայտնաբերում, որ սկսում ես կասկածել, թե մեր հրապարակային կյանքը շիրմա է միայն`տակից ընթացող իրական գործընթացները ծածկող, որ չեն բխում մեր երկրի ու մեր պետության շահերից: Իսկ այդ գործընթացները նկատելու համար պետք է ունենալ քննական հայացք, գիտելիքներ, պատմության եւ պատմական իրողությունների իմացություն, աշխարհափոխման ներկա փուլի վտանգներն ու մեր շահերի դեմ ոտնձգությունները համադրելու ունակություն:
Մինչդեռ քննական հայացք, գիտելիքներ, աշխարհի ընթացքի իմացություն մեր ժողովրդի մեկ տոկոսն էլ չունի, մարդկանց մեծ մասը իմացության պաշարով խոցելի ու անպաշտպան է մարդկության դեմ կիրառվող զենքերից ամենաահավորի, ամենաանողոքի`տեղեկատվական ներգործության հանդեպ, որը հատկապես կիրառում են մեզ վրա բոլորը` դրսինները, ներսինները, անհատներն ու խմբերը, բոլոր նրանք, որոնք փող ունեն տեղեկատվական իրե՛նց հարկավոր զինատեսակը մեզ վրա կիրառելու: Այս բոլորը կատարվում է մի վտանգավոր ժամանակաշրջանում, երբ մեր հարեւաններից երկուսը չեն հրաժարվում իրենց ծավալապաշտական պլաններից`փափուկ եւ կոշտ ուժերով կուլ տալու այլոց, այդ թվում մեզ, երբ աշխարհի մարդասիրական, բարեսիրական արգելակներն այս պահին չեն գործում, եւ միայն տնտեսական շահի գործոններն են շարժի գցված: Իսկ այդ գործոնները այսօր անդրադարձվում են նաեւ Հայաստանի քաղաքական ուժերում, պաշտոնեության մեջ, ընտրական ընթացքներում, այլուր:
Պահանջել հայ մարդուց` տարբերելու, տարբերակելու այդ շահերը, զատելու թշնամուն ու բարեկամին՝ մենք չենք կարող, այդպիսի հասարակություն չենք պատրաստել:
Մեր հասարակությունն առաջվա նման իր վերաբերմունքը քաղաքական խմբերի եւ անձերի հանդեպ պրիմիտիվ ազդակներով է ձեւավորում` առաջնորդվելով սիրո եւ ատելության կանխավարկածով, օրվա մի փոր հաց տվող անգրագետին գերադասելով գիտուններից եւ հասկացողներից: Նա կարող է չտեսնել իր գլխին կոտրվող քաղաքական թատրոնը, կոկորդիլոսի արցունքներն իրականի տեղ ընդունել, ենթարկվել կամերային ասուլիսներում քաղաքական կողմ ներկայացնող ֆենած մազերով լրագրողների` բնակարանի, մեքենայի, այլ նյութական արժեքների դիմաց որպես փոխհատուցում մանիպուլյացիաներին, դառնալ սարքովի տեղեկատվության զոհ ու ամեն անգամ ընտրություններին մի քայլսվ եւս կործանել Հայաստանը:
Մեր այս մտքերը հետեւել են ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանում եւ իրավապահների հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանի թարմ բարձրաձայնումներին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին` նորմալ մարդկանց համար ոչ մի պատրանք չթողնելով առ այն, որ Հայաստանում առկա կարծրացած, այսպես կոչված հեղափոխությամբ թյունինգ արված ֆինանսատնտեսական-քաղաքական համակարգը երբեւէ կարող է փոխվել, թույլ տալ արտահամակարգային զարգացումներ, թույլ տան մեր երկրին շնչելու` առանց արտաքին-ներքին միաձուլված կառավարման արհեստական-պարտադրված համակարգի, վերջապես մեր երկիրն ազատելով պարտադրանքներից, արտաքին աշխահի տարբեր բեւեռներին ենթակա մոդելավորված գործընթացներից, այդ գործընթացները կառավարման համամասնակից եւ արդեն երեսուն տարի իշխող տնտեսաքաղաքական մաֆիայից, որոնք խժռել-իրենցով են արել եւ անում մեր երկրի բոլոր ոլորտները եւ անընդհատ իրար հավասարակշռելով, իրար լրացնելով, իրար քննադատելով, իրար փոխանցելով` պահպանում են իշխանությունը, տնտեսաֆինանսական լծակները, քաղաքական մենաշնորհները, մեջընդմեջ սպասարկելով արտաքին ուժերին նաեւ (տես` հզոր ուժերին պարտվելու մասին Սերժ Սարգսյանի խոսքը) եւ ողջ հայ ժողովրդին թողնելով ձեռնունայն:
Մենակ ինչ արժե գրեթե նույնական սխեման, երբ իշխող ուժն իրեն մրցակից է նշանակում Ռոբերտ Քոչարյանին եւ նրա շուրջ գծագրվող բեւեռը, Ռոբերտ Քոչարյանը` իշխող կուսակցությանն ու մի քիչ էլ փոխակերպված ՀՀԿ-ին` ի դեմս Սամվել Կարապետյանի եւ նրա շուրջ համախմբման (Գագիկ Ծառուկյանն էլ ձեզ նվեր): Կամ ցուլը խորհրդանիշ դարձրած նոր քաղաքական կառույց ստեղծող Արման Թաթոյանն է ի հայտ գալիս քաղաքական դաշտում: Ցուլն ինձ հիշեցրեց Հայտնության ցուլին, որի վրա գիտեք, թե ո՛վ էր նստած, ու այստեղ էլ, եթե հիշենք աշխարհի բոլոր այն հաջողակներին, ում կյանքում ցուլի խորհրդանիշն առաջնորդող է եղել, եւ հիշենք, թե ում շրջապատից են նրանք, ապա հասկանալի է դառնում, որ հայերս դույզն ինչ չենք դուրս եկել սկյուռիկի անիվից: Լավ, միթե այս փակ եւ արատավոր շրջանից մեր ժողովուրդը երբեք դուրս չի՞ գալու, մի՞թե չեն գտնվի մարդիկ, որոնք կկոտրեն արատավոր այս շրջանը` մեծ աշխարհին կուլ գնալուց հինգ րոպե առաջ կոտրելով Հայաստանի կառավարման հնացած համակարգը, որը հիմա էլ մարդկանց հիմարացնելու նոր աճպարարություններ է մոգոնում` երրորդ-չորրորդ հանրապետությունների խաղերով, քրեական պատմություններով, գերիներին Բաքվի բանտից չազատելով ու նման ուրիշ բազմաթիվ զգայացունց տեսարաններով ընդարմացնելով եւ քնեցնելով բոլորիս:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.