2024թ. դեկտեմբերի 14-15-ին «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սառնամատակարարման եւ օդորակման ոլորտի երկու խումբ մասնագետների վերապատրաստում:
Մասնակիցները ծանոթացան սառնագենտային համակարգերի բաղկացուցիչ տարրերին, թերմոդինամիկայի հիմունքներին, Էներգաարդյունավետության սկզբունքներին, ինչպես նաեւ էներգաարդյունավետ սարքավորումների ընտրության հիմնական չափանիշներին եւ սառնամատակարարման կոմերցիոն համակարգերին:
Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում՝ շրջակա միջավայրի նախարարության եւ օդանավակայանի միջեւ համագործակցության շրջանակներում՝ նկատի ունենալով այն, որ օդանավակայանում գործարկվում են ժամանակակից սառնարանային եւ օդորակման համակարգեր եւ օդանավակայանն աշխատում է ISO 50001 ստանդարտով: Մասնագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու օդանավակայանում գործող սառնամատակարարման, ջրամշակման, շենքերի կառավարման (BMS–Building Management System) եւ Էներգիայի օգտագործման մշտադիտարկման եւ կառավարման համակարգերին:
Դասընթացին մասնակցեցին շուրջ 70 մասնագետ, որոնց կտրամադրվեն համապատասխան վկայականներ:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ