Մեր առաջադեմ մատղաշ սերնդի ներկայացուցիչներից է երիտասարդ պարոն Կրթունին: Վերջինիս ծնողները իրենց զավակին լույս աշխարհ բերելուց հետո ամենակարեւոր ծնողական պարտականությունը համարեցին նրան որեւէ բուհ ընդունելը, քանի որ երբեք իրենց չէին ների, եթե թույլ տային՝ իրենց զավակը շատերից հետ մնար՝ բարձրագույն չավարտեր, ուստի ամեն գնով նրան դարձրին ուսանող:
Եվ ահա ուսանող Կրթունին գալիս է համալսարան: Սկսվում է առաջին դասը, երիտասարդը իր մի քանի ընկերների հետ գտնում է մի ազատ լսարան ու ընկղմվում թղթախաղի կախարդական աշխարհում: Ավարտվում է առաջին դասը: Թղթախաղը եզրափակելով՝ Կրթունին որոշում է հաջորդ դասին նստել, ուսանողական ժարգոնով ասած՝ ֆակուլտետի դեմքերից մեկի դասն է: Դասի ժամանակ մեր ուսանողը գրպանից հանում է բազմաչարչար տետրը, որ կուլուլած վիճակում մեկ ժամից ավել դիմացել էր նրա գրպանում, ու բոլոր դեպքերում սկսում գրել: Կրթունին բոլոր առարկաներին վերաբերող դասախոսությունները այս տետրում է գրի առնում. մարդկային մտքի ամենատարբեր բնագավառներ հաջորդում են իրար այս զարմանահրաշ տետրում, մարդկությունը դարերով, եթե ոչ հազարամյակներով ջանքեր է թափել այդ բնագավառները ստեղծելու, կայացնելու, զարգացնելու համար, իսկ մեր երիտասարդ պարոնը իր մեծ հանճարի շնորհիվ մի քանի ժամվա ընթացքում այդ ամենը տեղավորում է իրար մոտ՝ մեկ տետրի մեջ:
Հաջորդ դասին Կրթունին գնում է բուֆետ՝ իր թերեւս ամենասիրելի, ամենանվիրական վայրերից մեկը կրթօջախում: Այնտեղ սնվելուց եւ իր համախոհ ուսանողական ընկերների հետ ժամանակ անցկացնելուց հետո նրանցից մի քանիսի հետ գնում է մյուս՝ մարզերից եկած ընկերների մոտ՝ հանրակացարան: Այստեղ էլ՝ թղթախաղ, զրույցներ՝ հետաքրքող հարցերի վերաբերյալ՝ որ դասախոսը, դարձյալ ուսանողական ժարգոնով ասած, կդնի կամ չի դնի, չդնողների գծով ինչ դեսանտ կարելի է իջեցնել, ով կա, որ նրանց հետ խաշ է ուտում, ում մորքուրի, հորքուրի, քեռու, հոպարի ծանոթն է, ում պահով ինչ վայրանտ կա (ներեցեք, խնդրում եմ, ոչ հայեցի ու ոչ գրական բառի համար, չնայած իրականում ավելի բեթար բառեր են շրջանառության մեջ դվում), մի խոսքով՝ սկսում է աշխատել ուսանողական հետախուզությունը հակառակորդ ճամբարի, այսինքն՝ դասախոսների մասին կարեւոր տեղեկություններ հավաքելու համար. տրվում են համապատասխան խոստումներ ու հանձնարարականներ, ձեռք բերվում պայմանավորվածություններ, հնչում հավատարմության երդումներ, եւ ընկերները թեթեւ հոգով, հանգիստ խղճով ու անկեղծ պաչ-պռոշտիով հաջող են անում իրար:
Պարոն Կրթունին սրտի մեծ թրթիռով է սպասում ուսանողական երեկոներին, դիսկոտեկաներին, հավաքներին. չէ՞ որ ուսանողը լարված ու ծանրաբեռնված մտավոր աշխատանքից հետո պետք է հանգստանա, լիցքաթափվի, ուժ հավաքի մտքի նոր գրոհների ու հակագրոհների, նոր բարձունքների նվաճման համար:

Ավա՜ղ, ոչ բոլոր ուսանողներն են Կրթունու ու իր ընկերների նման արժանավոր: Կան այնպիսիք, ովքեր բոլոր կամ գրեթե բոլոր դասերին ներկա են լինում, յուրացնում դասանյութը, գնում ընթերցասրահներ, զգալի ժամանակ տրամադրում ընթերցանությանն ու ուսմանը: Պարոն Կրթունին ու իր համախոհները չեն ընդունում վերջիններիս մտածելակերպն ու ապրելակերպը, այդ կարգի ուսանողներին անվանում են գիրք կրծողներ: «Դրանք կյանքից բան չեն հասկանում, ամոթ դրանց, չեն էլ ամաչում», – նրանց մասին ասում են Կրթունին ու կրթունիականները:
Համալսարանում դասերն ավարտվում են, ուսանող Կրթունին գնում է տուն. վաղը նորից նույն բովանդակալից առօրյան է սպասվում: Եվ այսպես՝ չորս երկար ու ձիգ տարի, ոմանց համար՝ վեց. մագիստրատուրան հետը: Երիտասարդ պարոնն ավարտում է համալսարանը՝ իր նման բազում-բազմաթիվ ուսումնատենչ երիտասարդների հետ: Դիպլոմն ստանալուց հետո դիպլոմավորված, բարձրագույնավարտ պարոն Կրթունին սկսում է աշխատել, իրացնել ստացած գիտելիքներն ու հմտությունները՝ զբաղվում է արեւածաղկի առեւտրով: Գաղափարակից՝ բլոտի, բուֆետի ընկերներից մյուսը տաքսի է քշում, մյուսն էլ՝ բջջայիններ վաճառում, մեկ ուրիշը՝ Ռուսաստանոմ ասֆալտ փռում, մեկ ուրիշն էլ՝ Ամերիկայուն բարմեն աշխատում, գյուղաբնակ ընկերներից մեկը, վերադառնալով գյուղ, զբաղվում է իր գյուղական գործերով: Մեկ-մեկ Կրթունին երազում տեսնում, հիշում, մտաբերում է հարազատ կրթօջախը, ուսանողական բլոտը, բուֆետը, իրենց՝ մի խումբ նվիրյալների ջանքերով ստեղծված ուսանողական հետախուզական ցանցը, անցկացրած հաճելի, երանելի պահերը, որոնք, որպես կանոն, կրթական հաստատությունից դուրս էին ծնունդ առնում: «Ի՜նչ հրաշալի ժամանակներ էին, ափսոս, մի քանի րոպեի պես անցան-գնացին: Դրոցական կրթությունը դարձրին տասներկուամյա, ինչու բուհականն էլ չեն երկարացնում. ԿԳՄՍ նախարարությունը հեչ լավ չի աշխատում, ոչ ոք չի մտածում կրթության, մասնավորապես բարձրագույն կրթության մասին»,-երբեմն մտորում է բաձրագույն կրթության որակով խիստ մտահոգ նախկին ուսանողը:
Բուհական տարիներից Կրթունուն ու իր ընկերներին մնացին միայն բլոտի գծով ձեռք բերած հմտությունները, բուֆետում ճաշակած խորտիկների համը, որ նրանք երբեք չեն մոռանա եւ իբրեւ նվիրական հուշ կպահեն իրենց հոգում առմիշտ, նոր ծանոթություններն ու ընկերները, մի քանի հաճելի հուշեր ուսանողական խենթ ու խելառ տարիներից եւ, վերջապես, նորին մեծություն դիպլոմը, որի համար նրանք եւ նրանց նման շատերը այնքան զոհողությունների են գնացել ու գնում՝ իրենք էլ երեւի չիմանալով, չհասկանալով՝ ինչու:
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Հրաչյա Արմենյան)
Բան.գիտ.թեկնածու