Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ գալիս է դեկտեմբերը

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ելել կերթամ մեր տուն: Ասում եմ՝ տուն, բայց դուք… մի՛ք հավատա, որովհետեւ մեր տունը վաղուց չկա: Իմ հոր տունը՝ սովետի վախտվա չորս հարկ շենքում: Այստեղ պատերազմ, ռմբակոծություն-բան չի եղել, բայց չկա:
Եղել է 88-ի դեկտեմբեր:

Ու հին Լենինական-Կումայրիիս (հիմա էլ թրքաշուչ հնչողությամբ կոչում են Գյումրի՜) հին Բարեկամության այգու կողմից Կոշտոյանց փողոցի սկզբի մեր շենքը չկա, տունը չկա:

Բայց մի՛ մեղադրեք, որ ասում եմ՝ կերթամ մեր տուն: Կուզեմ պահ մի ինքս ինձ օրորեմ այդ մտքով: Ու կերթամ ինձ լուռ կանչող, ինձ համար երբեմնակի գաղտուկ ուխտավայր մեր տան տեղին այցի…

Ճամփիս նախ քաղաքիս կենտրոնը Շառլ Ազնավուրի՝ նախկին Աստղի հրապարակին ու մեր ողջ Անտառավան թաղամասին կապող Գարեգին Նժդեհի լայն փողոցն է: Դրա աջ կողմում անցնում եմ երբեմնի հզոր Տեքստիլ կոմբինատի առաջվա եռահարկ մեծ  վարչական շենքի մոտով, որտեղ հիմա տարբեր սեփականատերերի խանութ-մանութներ ու զանազան գրասենյակներ են: Ժամանակին յոթ-ութ հազար  աշխատող ունեցող, քաղաքի այդքան ընտանիք պահող այն համբավավոր արտադրական միավորման հետքն անգամ վաղուց չկա: Ու սա դեռ մեկն է անկախ Հայաստանի օրոք քաղաքում գիշատչաբար բաժան-բաժան արված, թալանված,  սրբված ու մարված մի քանի տասնյակ գործարան-ֆաբրիկաներից, որոնց տեղն այդպես էլ էական ոչինչ չավելացվեց:     

Նույն շենքի կողքին, հաջորդ հանդիպողը, կարելի է կոչել երկրաշարժի մինչեւ հիմա պահպանվող ու դրանով արդեն ամոթալի կենդանի հուշարձան: Տեքստիլ կոմբինատի դրսեկ, հիմնականում ռուս-ռուսալեզու աշխատողների մի հանրակացարանը եղած քառահարկ երկար, կիսաքանդ շենքն է: Աղետից հետո շատ տարիներ լքված ու անդուռ-անպատուհան-անխնամ մնալով, շինության մերթ մի կողքի հատվածն ինքնափլուզվել է, մերթ մի քիչ այդ կիսափլատակից մաքրվել ու էլի մոռացվել: Պետությունն ասել է՝ շենքը հիմա սեփականատեր ունի, նա պետք է հարցը լուծի, սեփականատերն էլ նաեւ դեմ է առել շենքում մի կերպ ապաստանած, երկրաշարժից անօթեւան մի քանի բնակիչների խնդրին… Հիմա թվում է՝ բնակիչների խնդիր էլ չկա, կառույցի կեսը քանդված-հեռացված է, իսկ մյուս կեսն այդ բանուկ կենտրոնական փողոցի մի կողմում այդպես անդուր ցցված մնում է:

Դրանից բավական վերեւ, արդեն Շառլի հրապարակի մոտ, երբեմնի աշխույժ-մարդաշատ Բարեկամության զբոսայգու մուտքն է: Հիմա այս այգին քանդուքարափ, նոսրացած անկանոն ծառաշերտով ընդարձակ, անմարդ տարածք է: Բայց՝ սկսված վերականգնման շինարարության հետքերով: Կա պետություն-զանազան  հիմնադրամներ համագործակցությամբ այգու վերակառուցման, այն ժամանակակից բազմագործառույթ ու տարածաշրջանում եզակի զբոսայգի դարձնելու մեծ, միջազգային մասնակցությամբ հավակնոտ ծրագիր: Շինաշխատանքների պաշտոնական մեկնարկը տրվել է երկու տարի առաջ, դրանց գոնե կեսն արդեն պետք է ավարտված լիներ: Բայց կողքից անցնել-նայելով՝ առաջին հայացքից երեւում են դեռ միայն կառուցված սալապատ ճեմուղիներն ու դրանց երկայնքով տեղադրված լուսավորության հենասյուները:

Արդեն ոտք դնելով հրապարակն ու անմիջապես թեքվելով աջ, ճամփաս շարունակում եմ: Աջ կողմից նախկին այգու տարածքն է, ձախից՝ արհեստավորների մանր աշխատատեղ տնակ-մնակներ, ու ահա մեր շենքի տեղը… Մյուս մայթից նայում, հետո մոտենում եմ: Շենքից որեւէ հետք չկա: Փակ ու անկյանք է նաեւ դիմացի կողմի նախկին էլեկտրատեխնիկանան գործարանի տարածքը: Նախկին շենքի տեղն էլ խճողված փակ տարածք է: Մի կողմում մեկը մի տուն է սարքել, քիչ խորքում՝ մեկն էլ: Ուրիշ բնակություն չեմ նկատում: Բայց միայն այս շենքի երեք մուտքում առաջ 36 ընտանիք էր ապրում: Երկրաշարժից տարիներ հետո էլ երկրի պատկան մարմինները   չեն մտածել ու չեն ստեղծել բուն քաղաքի նախկինում խիտ բնակեցված, աղետի հարվածներին առավել դիմացած այսպիսի նպաստավոր տարածքների ճիշտ տնօրինման հեռանկար, տեսլական, դրան ուղղված քաղաքականություն: Այդ պատճառով քաղաքիս հետերկրաշարժյան հայրերն էլ մտածել են միայն տարածքներն անհատ կառուցումների համար աջուձախ վաճառելու, թեկուզ դրանով համայնքի բյուջեն անհեռանկար ավելացնելու մասին:

Տեղում մնում են առաջ շենքի մոտով անցնող տրոլեյբուսի վաղուց գոյություն չունեցող  գծի բետոնե հաստ հենասյուները: Դրանցից մեկը երկրորդ հարկի մեր տան ննջասենյակների լուսամուտների դիմաց էր, փորձում եմ գտնել՝ որն էր: Այդ սյունին չհասած՝ միջինից մի քիչ պակաս տարիքի երկու երիտասարդ ինչ-որ բան են քննարկում, նրանցից մեկը երեւի քիչ խորքում երեւացող ինչ-որ արհեստանոցի  աշխատողն է: Թվում է՝ մեր փողոցի լուռ ու անմարդ այդ հատվածում միայն ես եմ ու իրենք, ուրիշ մարդ չի երեւում: Մի քիչ ինձ տանտեր երեւակայելով (չնայած իրական «տանտերն» այդտեղ հիմա իրենք էին)՝ կողքերից անցնելով ասում եմ՝ բարեւ, տղերք: Նրանցից միայն մեկը՝ չգիտեմ քթի տակ ինչ-որ բան հազիվ արտաբերեց, թե չէ:

Անծանոթ մեկի կասկածելի բարեւը նրանց երեւի չշեղեց իրենց գործնական զրույցից:
Ի վերջո լցված սրտով հետ կերթամ ու… այդքան ժամանակ՝ իմ հին թաղում ոչ մի ծանոթ: Ասենք, համարյա մարդ էլ չեմ տեսնում, բացի մի կողմի արհեստանոցների հատուկենտ ելումուտից: Բայց հիմա զարմանքով նկատում եմ դեպի մեր փողոց տանող ու նրա սկիզբը հատող-անցնող Խանջյան փողոցի հրաշանորոգ տեսքը, որպիսին չեմ հիշում, որ լիներ թեկուզ մեր ապրած հին, բարի ժամանակներում: Այգու իմ քայլած կողմով՝ սալիկապատ լայն, մաքրամաքուր մայթ, փողոցը՝ թարմ, հավասար ասֆալտած-նշագծած, ուղղակի աչք շոյող տեսարան: Միայն թե ովքե՞ր պիտի անցնեն-գնան հիմա այդ համարյա անբնակ թաղամասը: Երեւի դա ավելի շատ տարանցիկ ուղի է դեպի քաղաքի մեկ այլ թաղամաս ու գլխավոր փողոց, ու հենց այդպես էլ իրար ետեւից անցնում-գնում էին արագ ընթացող ավտոմեքենաները:

Իսկ որքանո՞վ է արդեն երեսունհինգ տարի հետո քաղաքում լուծված երկրաշարժից անօթեւանության խնդիրը: Այս մասին մտածելով՝ հետդարձիս նույն ճանապարհի աջ կողմում նայում-տեսնում եմ մեր թաղի մոտավորապես ինձ տարեկից տղաներից մեկի՝ Խաչատուրի զույգ տնակը, որտեղ ընտանիքով եկել-բնակվել են երկրաշարժից հետո: Ահա տնակը, լուսամուտների վարագույրները տեղում են, տարածքը՝ առաջվա պես առանձնացված, խնամված, ուրեմն այդտեղ դեռ ապրում են: Ուրեմն թեկուզ մեկ ընտանիք դեռ բնակարան չի ստացել:

Իհարկե, քաղաքի կյանքը շարունակվում է, մարդիկ տարբեր կերպ հարմարվել, ոմանք գոնե օրվա հացը վաստակելով ապրում են: Բնակավայրի տեսքն էլ քիչ-քիչ փոխվում է: Փողոցներ են գեղեցկացել, տարբեր ֆինանսավորումներով փողոցաշինությունը թափով շարունակվում է, գեղեցիկ, հարմար կանգառներ են կառուցվել: Նաեւ զարգանում է զբոսաշրջությունը: Մշակութային, գիտական եւ այլ անցուդարձ էլ քիչ թե շատ կա: Բայց նոր խնդիրներ էլ կան:

Օրինակ՝ քաղաքային տրանսպորտինը: Արդեն բավական տարիներ առաջ ապամոնտաժվեցին, հավաքվեցին 1960-ականներից գործող տրոլեյբուսի գծերը, տրանսպորտի այդ տեսակը բնակավայրից վերացվեց: Մի տնտեսական դատարանի դատավորի որոշմամբ: Ասին՝ պարկը շատ պարտքեր ուներ: Ա՜յ քեզ բան… Հետո հերթը ավտոբուսներին հասավ: Մի քանի տարի առաջ՝ Սամվել Բալասանյանի քաղաքապետության երեւի առաջին շրջանում, մեկուկես տասնյակ չինական նոր ավտոբուսներ բերվեցին ու երկու կարեւոր երթուղի մտան, ուրախացրին, շարունակության հույս արթնացրին: Բայց դրանք էլ ժամանակ անց շարքից դուրս եկան: Գոնե այդպես հայտարարվեց: Ու հիմա ձեռք բերվել եւ գործում են թեկուզ նոր, նախկիններից մի քիչ տարբերվող, բայց էլի միայն «Գազել»-ներ: Մետաղե անձուկ տուփեր: Երեւի դրանց են երկրի երկրորդ քաղաքում ապրողներիս արժանի համարել: Այս ո՞ր դարն է:

Արդեն չափազանց սուր է թափառող շների խնդիրը, որոնք պարզապես «տիրել» են քաղաքին: Անգամ ցերեկ օրով, անգամ քաղաքի կենտրոնական հատվածներում. էլ չեմ ասում ծայրամասային թաղամասերում, չես կարող վստահ անցնել նրանց խմբերի կողքով՝ իմանալով, որ հանկարծ չեն հարձակվի: Իսկ նրանք մարդկանց վրա հարձակվում են ամեն օր: Տեղի իմ գործընկերների հրապարակած տվյալներով՝ միայն սեպտեմբեր ամսին այստեղ գրանցվել է շների հարձակումից տուժելու 26, հոկտեմբերին՝ 28 դեպք: Մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նման պատճառով տուժած 74-ամյա մի կին, որը ստացել էր ստորին ծնոտի եզրի բեկորային կոտրվածք:

Բոլոր այս տարիների ընթացքում մեր երկրի գլխին այնքան խնդիրներ թափվեցին.  պատերազմ, զոհեր, Արցախի սիրտ մաշող հայաթափում ու հարկադիր տեղահանված մեր հայրենակիցների հոսք: Չգիտեմ՝ հիմա ով ինչքան կհիշի, կհարգի բնության  երեսունհինգամյա վաղեմության արհավիրքի ցավն ու քաղաքիս խնդիրները, բայց գոնե սուտ լիներ սոցիալական կայքում օրերս հանդիպածս մի լուրը, թե մայրաքաղաքում չգիտեմ ով ինչ-որ համերգ է նախատեսել հենց դեկտեմբերի 7-ին:

Մինչդեռ մեր երկրի բոլոր նշված խնդիրները դեռ հետերկրաշարժյան ծանր տարիներից միշտ իրենց սուր արձագանքն են գտել ու գտնում այստեղ՝ իմ քաղաքում ու մարզում, մարդիկ միշտ նետվել են այդ խնդիրների լուծմանը ծառայելու: Այսօր էլ, նոյեմբերի կեսի տվյալներով, քաղաքում բնակություն է հաստատել արցախցի 703 ընտանիք, 2851 քաղաքացի (ընդամենը Շիրակի մարզում՝ 1050 ընտանիք կամ 4148 մարդ): Արցախցի յոթ երեխաներ կրթությունը շարունակում են նաեւ տեղի երաժշտական դպրոցներում: Հայաստանի պետական կամերային երգչախմբի այստեղ կազմակերպված բարեգործական համերգի հասույթով երեք դաշնամուր եւ մեկ ջութակ են գնվել ու նվիրվել այդ երեխաներից նրանց, ովքեր դրանք չունեին:

Շատ դժվարություններ կրած ու էլի կրելու պատրաստ բոլորիս ամենամեծ ցանկությունը մեկն է՝ միայն թե մեր տառապած հողում վերջապես անխախտ խաղաղություն լինի ու էլ զոհեր չունենանք: Մտածում եմ՝ երեւի դրա հետ ինչ-որ կերպ, անպայման կապված էր նաեւ անցած կիրակի Սբ. Յոթվերք եկեղեցու բակում, մուտքի մոտ հուզիչ կերպով մատուցվող մատաղը: Ջահել ու միջին տարիքի մի քանի տղաներ, մեծ պղինձները կողք-կողք դրած, բաժին-բաժին արած հում մատաղ էին բաժանում եկեղեցի մտնող-ելնողներին: Մատաղն էլ այ, այդպես պիտի լինի:

Քանի բերան այդ օրը հավատով ասավ  ու մենք էլ սրտանց միանալով ասենք՝ ընդունելի լինի…  

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Կումայրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Անբացատրելի միակցության» ուժը

Հաջորդ գրառումը

Պաշտոնապես լուծարվեց Բունդեսթագի «Ձախ» խմբակցությունը

Համանման Հոդվածներ

20 հունիսի, 2025

Վարկաբեկման փորձ՝ ընդդեմ բարեգործությանը

20/06/2025
20 հունիսի, 2025

Նորին մեծություն աղմուկը

20/06/2025
20 հունիսի, 2025

 «Գազա ներխուժելուց քսան ամիս անց էլ Գերմանիան դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել Իսրայելի դեմ»

20/06/2025
20 հունիսի, 2025

Ի՞նչ կորոշի Թրամփը՝ պատերա՞զմ, թե՞…

20/06/2025
Հաջորդ գրառումը

Պաշտոնապես լուծարվեց Բունդեսթագի «Ձախ» խմբակցությունը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական