Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Գիտության նվիրյալը. ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Էներգետիկայի բնագավառի մեծանուն գիտնական, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, լրագրող, հրապարակախոս, հասարակական ակտիվ գործիչ, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանը ծնվել է 1957 թվականի հուլիսի 9-ին ՌԴ Ալթայի երկրամասի Զալեսովո գյուղում: 1987թ. ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի ցերեկային ասպիրանտուրան: Տեխնիկական գիտությունների թեկնածու է: 1985թ. Մոսկվայում ավարտել է դասախոսների վարպետության բարձրացման համալսարանը:

1992թ. մշակված Հայաստանի էներգետիկայի զարգացման համալիր ծրագրի հեղինակներից է: 1995թ. մշակված Հայաստանի ջերմամատակարարման համակարգերի զարգացման հայեցակարգի պատասխանատու հեղինակներից է: 1997թ. ընտրվել է էներգետիկ ինժեներների միջազգային ասոցիացիայի անդամ (ԱՄՆ): Ստացել է «Վկայագրված էներգետիկ մենեջեր» միջազգային անվանակոչությունը (ԱՄՆ): Տարիներ շարունակ տարբեր բուհերում կատարել է դասախոսական աշխատանք: Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բազմիցս հանդիսացել է պետական քննական հանձնաժողովի նախագահ:

2000թ. ընտրվել է բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ:Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների, ինչպես նաեւ 13 մեծարժեք մենագրությունների, որոնք առնչվում են ջերմամատակարարման եւ գազամատակարարման համակարգերի, գազատուրբինային կայանքների, ՋԷԿ-երի եւ ԱԷԿ-ների, ՀԷԿ-երի, կաթսայատների ռեժիմային, էկոլոգիական, ինչպես նաեւ էներգետիկայի պատմության հարցերին: Նա հեղինակել է` Հայաստանի ջրաղացները, Երեւան քաղաքի էներգետիկայի պատմությունը,  Հայաստանի  եւ Արցախի գազամատակարարման պատմությունը;  Երեւան քաղաքի փողոցների լուսավորության պատմությունը, Արցախի էներգետիկայի պատմությունը, Գյումրի քաղաքի էներգետիկայի պատմությունը; Հայաստանի էներգետիկայի պատմությունը քառհատոր արժեքավոր գիտական մենագրությունները:

Ս.Պապիկյանի էներգետիկայի բնագավառին  նվիրված ուսումնասիրություններն աչքի են ընկնում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, ուսումնասիրվող նյութի քաջ իմացությամբ: Դրանք առանձնանում են քննարկվող առարկայի հանդեպ թարմ եւ ինքնատիպ մոտեցումներով: Նրա գիտական մենագրությունները մշտական պահպանության են հանձնվել Հայաստանի եւ Արցախի ազգային արխիվներում, Հայաստանի պատմության թանգարանում, Երեւանի պատմության պետական եւ  այլ թանգարաններում:

Էներգետիկայի զարգացման բնագավառում մեծ ներդրում ունենալու համար ընտրվել է Հայկական տեխնոլոգիական, ինչպես նաեւ գիտատեխնոլոգիական ազգային ակադեմիաների իսկական անդամ: Նա համաշխարհային ճանաչման արժանացած վաստակաշատ  գիտնական է: Նրա կողմից մշակվել են ջերմամատակարարման համակարգերի ռեժիմների ուսումնասիրության մի շարք արժեքավոր մեթոդներ, որոնք հնավորություն են տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ՝ հաշվի առնելով ելակետային տվյալների անորոշությունը եւ ռեժիմային հարցեր: Մասնավորապես, հիմնավորել է ռեժիմների վերլուծության միջակայքային մեթոդը, որը զգալիորեն հեշտացնում է իրականացնել ինժեներական հաշվարկները, հատկապես շուկայական հարաբերությունների պայմաններում: Գիտական աշխատանքները ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ գիտական ու նախագծային կազմակերպություններում:

Ավելի քան 200 գիտական զեկուցում է կարդացել միջազգային, նախկին համամիութենական եւ հանրապետական գիտաժողովների ընթացքում (Երեւան, Մոսկվա, Թբիլիսի, Բաթումի, Քութաիսի, Խարկով, Կիեւ, Մինսկ, Ս.Պետերբուրգ, Խերսոն, Բրյանսկ, Օդեսա, Սվերդլովսկ, Տաշկենդ, Ալմա-Աթա եւ այլ քաղաքներում): 2009թ. գիտամանկավարժական բազմամյա եւ բեղմնավոր գործունեության համար ստացել է Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսորի գիտական կոչում: Հաշվի առնելով նրա հսկայական ծառայությունները էներգետիկայի զարգացման եւ կրթության բնագավառում՝ նրան շնորհվել է Վերնադսկու անվան ոսկե մեդալ (ք.Մոսկվա), իսկ 2010թ` «Գիտության եւ կրթության վաստակավոր աշխատող» պատվավոր կոչում (Մոսկվա):

Ս.Պապիկյանը հսկայական աշխատանք է կատարում   Հայաստանում, Արցախում, Վրաստանում հիդրոէլեկտրակայանների, հողմաէլեկտրակայանների, ինչպես նաեւ արեւային էլեկտրակայանների նախագծման եւ կառուցման բնագավառում: Մինչեւ օրս նրա նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ նախագծվել եւ  կառուցվել են ավելի քան 80 հիդրոէլեկտրակայաններ: Նա Հայաստանի ժուռնալիստների միության եւ ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ է:1996թ. հիմնադրել է «Էներգետիկ լրատու» թերթը:

2019 թվականի հուլիսի 17-23-ը Հոնկոնգում (Չինաստան),այնուհետեւ Մոսկվայում, Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում Ս. Պապիկյանի գիտական աշխատանքները մեծ հետաքրքրություն ներկայացրեցին եւ լայն արձաքանք ունեցան: Նրանց  ամփոփագրերը տպագրվել են «HONG KONG  BOOK FAIR 2019»  եւ այլ հեղինակավոր կատալոգներում:

Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար 2017 թվականին  ԱՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով:

***

«Ազգ»-ի խմբագրությունը բարձր է գնահատում էներգետիկայի բնագավառում Ս.Պապիկյանի  կատարած գիտական արդյունավետ աշխատանքը: Հղելով մեր հոբելյանական շնորհավորանքները` սրտանց ցանկանում ենք մեր աշխատակցին երիտասարդական ավյուն եւ հետագա բեղմնավոր աշխատանք,քաջառողջություն եւ բարեկեցություն: