Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գիտական վաստակի գնահատում

Հայաստանում հրատարակվող գիտական պարբերականները մեծ դեր եւ նշանակություն ունեն գիտության,ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտների  խթանման համար: «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական ժողովածուն նույնպես ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդգրկված է թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար ընդունելի պարբերականների ցանկում: Այստեղ կարեւորվում է հայտնի գիտնականների ընդգրկումը խմբագրական խորհրդում:

Անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, «Ազգ»-ի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանը գիտական խորհրդի որոշմամբ ընդգրկվել է  գիտական ժողովածուի խմբագրական խորհրդի կազմում:

Հարկ է նշել, որ Ս.Պապիկյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների ու մենագրությունների: Նրա գիտական աշխատանքները դեռեւս Խորհրդային Միության տարիներին ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ կազմակերպություններում: Նա միջազգային ճանաչման արժանացած գիտնական է: Նրա կողմից մշակվել են ջերմամատակարարման համակարգերի ռեժիմների ուսումնասիրության մի շարք արժեքավոր մեթոդներ, որոնք հնավորություն են տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ՝ հաշվի առնելով ելակետային տվյալների անորոշությունը եւ ռեժիմային բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, հիմնավորել է էներգետիկայի բնագավառում ռեժիմների վերլուծության միջակայքային մեթոդը,  որը զգալիորեն  հեշտացնում է իրականացնել ինժեներական հաշվարկները, հատկապես շուկայական հարաբերությունների պայմաններում:

2019 թվականի հուլիսի 17-23-ը Հոնկոնգում (Չինաստան),այնուհետեւ Մոսկվայում, Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում Ս. Պապիկյանի գիտական աշխատանքները մեծ հետաքրքրություն ներկայացրեցին եւ լայն արձաքանք ունեցան: Նրանց  ամփոփագրերը տպագրվել են ,,HONG KONG  BOOK FAIR 2019,,  եւ այլ հեղինակավոր կատալոգներում:

ՀՀ ԳԱԱ կողմից 2022թ. գիտամանկավարժական բազմամյա եւ բեղմնավոր գործունեության համար պարգեւատրվել է պատվոգրով:

2017թ. Արցախի էներգետիկայի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար պարգեւատրվել է ԱՀ-ի պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով: