Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» կենտրոնում

«Թեքեյան» կենտրոն էին այցելել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ ՛՛HART՛՛ բարեգործական ընկերության ներկայացուցիչները:

Այցի ընթացքում նրանք հանդիպում ունեցան «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աշխատակազմի եւ հոգաբարձուների խորհրդի անդամներ Բագրատ Նազարյանի եւ Ռուբեն Միրզախանյանի հետ, ծանոթացան կառույցի գործունեությանը, իրականացվող ծրագրերին:
Մասնավորապես, անդարադարձ կատարվեց Արցախում իրականացված մշակութային, կրթական եւ սոցիալական ծրագրերին:

Այդ ծրագրերի մեծ մասն այսօր էլ շարունակվում է Հայաստանում՝ մշակութային միջոցառումների, սոցիալական աջակցությունների կազմակերպմամբ:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանն ու խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Քերոլայն Քոքսին՝ տասնամյակներ շարունակ հայ ժողովրդի կողքին լինելու, մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար:

Արմեն Ծուլիկյանը Քերոլայն Քոքսին հանձնեց Թեքեյան կենտրոնի հուշամեդալ եւ պատվոգիր:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնեց ՀԹՄՄ պատվո-հուշատախտակ՝ հայ ժողովրդի հարգարժան եւ անսասան աջակցին՝ խորին երախտագիտությամբ եւ հիացմունքով:

Քերոլայն Քոքսը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար եւ վստահեցրեց՝ պատվո-հուշատախտակը կարեւոր ու մշտական տեղը կունենա իր սրտում եւ գրասենյակում:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ