Պետերբուրգաբնակ մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը հերթական անգամ ժամանել է Հայաստան։ Արդեն երկար տարիներ նրա այցելությունները Հայրենիք, որպես կանոն, ուղեկցվում են հերթական ծրագիր-մտահղացումը կյանքի կոչելով եւ հաճելի նոր անակնկալներով։ Բացառություն չէր նաեւ բարերարի ներկայիս այցելությունը։
Հուլիսի 1-ին Հրաչյա Պողոսյանը հանդիսավոր պայմաններում աշխարհահռչակ ռուս դասական գրող Ֆյոդոր Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակի նվիրված հուշամեդալներ հանձնեց Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին, Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին, Հայաստանի վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանին, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողուհի Անի Պողոսյանին, ինչպես նաեւ Փարիզի դիզայներական ստուդիայի տնօրեն Լուսինե Հովսեփյանին, որը միջնակարգ կրթությունը ստացել է որպես էքստեռն ուսանող եւ անմիջապես ընդունվել Երեւանի պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրս։ Պարգեւատրվածներից յուրաքանչյուրի համար կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում Դոստոեւսկու կերպարը։
Արժե հիշեցնել, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանը եւ ամբողջ աշխարհը նշեցին ռուս մեծ դասական Ֆյոդոր Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան ամբողջ տարվա ընթացքում։
Մեր հայրենակցի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ վերականգնվել է Ալեքսանդր Նեւսկու մայր տաճարի Տիխվինյան գերեզմանատանը գտնվող գրողի տապանաքարը եւ իրականացվել են գրողի մասին հիշողության պահպանման լայնածավալ նախագծեր, ինչպես Սանկտ Պետերբուրգում, այնպես էլ Ղազախստանի Սեմեյ քաղաքում։ Այդ մասին առավել մանրամասն եւ ամբողջական տեղեկատվությունը ընթերցողները կարող են ծանոթանալ Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ հրատարակված Ֆ. Մ. Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ծավալուն գրքում։
Մեր հայրենակիցը ֆինանսավորել է նաեւ անվանի գրողի 200-ամյակին նվիրված հուշամեդալների տպագրությունը։
«Ֆյոդոր Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակ» հուշամեդալները, մեր հայրենակցի պատվերով, պատրաստվել են Սանկտ Պետերբուրգի դրամահատարանի կողմից։ Ճակատային կողմում պատկերված է գրողի կիսանդրին, հակառակ կողմում՝ քաղաքի զինանշանը եւ «Հրաչյա Պողոսյան» հիմնադրամի տարբերանշանը։ Ստեղծագործության հեղինակը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բակլանովն էր։ Առաջին մեդալները տրվել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին, Քաղաքային օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն եւ այլ ականավոր պետական գործիչներ։
Ի դեպ, երեւանյան պարգեւատրման ընթացքում Հրաչյա Պողոսյանի կողմից պարգեւատրված Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը նշել է, որ Հայաստանում կան Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու եւ այլ ականավոր արվեստագետների անվան դպրոցներ։ Այնուհետեւ միտք ծնվեց՝ առաջարկով դիտարկել հանրապետության դպրոցներից մեկը Ֆյոդոր Դոստոեւսկու անունով կոչելու հարցը։ Հրաչյա Պողոսյանը համապատասխան գրություններ է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն եւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն։ Բացի այդ, բարերարն առաջարկել է ընտրված դպրոցում տեղադրել արձակագրի կիսանդրին եւ տեղեկատվական տախտակ։ Եթե արձագանքը դրական լինի, ապա պետերբուրգցի բարերարը պատրաստ է իր վրա վերցնել ծրագրի իրականացման հետ կապված բոլոր ծախսերը։ Խորհրդանշական կլինի միջոցառման ժամանակացույցը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Ամենայն հարգանքի եւ մեծագույն գնահատանքի արժանի Հրաչյա Պողոսյանն այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի բազմաթիվ անկյուններում։ Նա արդեն երկար տարիներ հայտնի է իր բարեգործական նշանակալի գործունեությամբ։
Հրաչյա Պողոսյանի սերը հայկականության եւ հայկական մասունքների հանդեպ, նրա անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝ հանուն Հայրենիքի հզորացման եւ բարգավաճման։
Հանրության ջերմ սերն ու հարգանքը վայելող բարերարի եւ իր անունը կրող բարեգործական հիմնադրամի կողմից երկար տարիների ընթացքում իրականություն դարձած գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ։ Պողոսյանի սրաթռիչ մտքի արգասիք, զարմանք հարուցող ու երբեմն անհավատալի եւ հիացմունքի արժանի գործունեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները։
Անցնող տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 300 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ։ Մեր հայրենակցի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր։ Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի։
Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողովում հանդիսավորապես հրապարակվեց մի աննախադեպ որոշում, որի համաձայն՝ պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակցի անունը կրող բարեգործական հիմնադրամն արժանացավ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար տիտղոսին։ Ասում ենք աննախադեպ, քանի որ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը քաղաքի պատմության մեջ դարձավ առաջին իրավաբանական միավորումը, որին շնորհվեց նման պատվավոր կոչում։
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մարիինյան պալատում։ Հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանին պարգեւը հանձնեց Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին։
Հայաստանում գտնվելու օրերին Հրաչյա Պողոսյանը վերստին սիրով հիշում է 2018-ի հոկտեմբերի 7-ի պատմական օրը, երբ իր ծննդավայրում՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանը եւ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը։ Հանդիսություններին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդ օրը Ագարակում տեղի ունեցան շքեղ եւ ուրախ միջոցառումներ, տոնակատարության օրվա շրջանակներում գյուղում տեղի ունեցան Հայաստանի համար աննախադեպ ութ անջնջելի իրադարձություններ, որոնք արժե եւս մեկ անգամ հիշատակել.
1. Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Հրաչյա Պողոսյանի պատվերով եւ պետերբուրգյան «Տավր» բաց բաժնետիրական ընկերության վարպետների կողմից պատրաստված Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծման արարողություն։ Նման մեծամասշտաբ աշխատանք առաջին անգամ է տեղադրվում Հայաստանի տարածքում։
2. Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԽՍՀՄ հերոս, առաջին տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի անվան ռոբոտաշինության դասարանի բացումը։ Դասարանի անվանումը նախապես համաձայնեցվել է Յու. Գագարինի դստեր՝ «Մոսկովյան Կրեմլ» թանգարան-արգելավայրի գլխավոր տնօրեն Ելենա Գագարինայի հետ։ ԽՍՀՄ փլուզումից հետո նման ծրագիր Հայաստանի տարածքում իրականացվում է առաջին անգամ։
3. Նորաբաց դասարանում տեղի ունեցավ Յուրի Գագարինի կիսանդրու բացումը։ Բացման արարողությունը կատարեցին Հրաչյա Պողոսյանը եւ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը։
4. Նույն օրը Ագարակի կենտրոնում տեղի ունեցավ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի պատվին անվանակոչված նոր հրապարակի հանդիսավոր բացման արարողությունը, որի բացումը կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողությանը հաջորդեց ծառատունկ. «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակի եւ Ագարակ գյուղի վերածննդի պատվին 2013 թ.-ին բացված «Արարատ-73» հուշարձանի մոտ Ագարակում առաջին անգամ տնկվեց հավերժության եղեւնի։
5. Այդ օրը Ագարակի կենտրոնում տեղի ունցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսին Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ արված առաջարկով հիմնված կարի արտադրամասի բացման արարողությունը։ Հրաչյա Պողոսյանն առաջինն էր, որ արձագանքեց ՀՀ վարչապետի կոչին եւ իր համագյուղացիներին աշխատանքով ապահովելու նպատակով արդեն իսկ գործում է ավելի քան 20 աշխատատեղ։ Կառուցվող կցաշենքի հիմքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հրաչյա Պողոսյանը զետեղեցին հիշողության պատիճ, որը թույլ կտա հետագայում ավելացնել աշխատատեղերը՝ հասցնելով շուրջ հարյուրի։
6. Այդ օրը տեղի ունեցավ Հրաչյա Պողոսյանի ինքնատիպ ու յուրօրինակ մտահղացման շնորհիվ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ եւ «Ռոսկոսմոսի»՝ հանձին Սերգեյ Կրիկալեւի աջակցությամբ տիեզերք տարված Հայաստանի դրոշի հանդիսավոր հանձնման արարողությունը։ 195 օր տիեզերքում` միջազգային տիեզերական կայանում մնալուց հետո Հայաստանի դրոշը վերադարձել է երկիր։ Այն այնտեղ էր տարել տիեզերագնաց Օլեգ Արտեմեւը։ Հայաստանի դրոշը նախօրեին անձամբ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովն է բերել մեր երկիր եւ տոնական միջոցառման ընթացքում այն Ագարակում հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
7. Նույն օրը, Հայաստանում առաջին անգամ, Ագարակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի՝ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Վիգեն Մանուկյանին։
8. Դպրոցի բակում տնկվեց դեռեւս Պետրոս Առաջինի կողմից տնկված եւ խնամված դարավոր կաղնու շիվ, որը Հրաչյա Պողոսյանն էր բերել հայրենի գյուղ։ Շիվը, որ հայազգի բարերարին նվիրել էին Սանկտ Պետերգուրգի ռուսական թանգարանից՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ծավալած ակտիվ եւ նվիրված գործունեության համար, տնկեցին Սանկտ Պետերբուրգից եւ Մոսկվայից ժամանած հյուրերը։
Ի դեպ, տիեզերքում 195 օր շրջագայած երկրորդ՝ մայրաքաղաք Երեւանի 2800-ամյակի դրոշը Հրաչյա Պողոսյանն իր իսկական տերերին հանձնեց 2019-ի հունիսի 20-ից 21-ը Սանկտ Պետերբուրգում անցկացված «Երեւանյան օրեր» միջոցառման ընթացքում, որին ներկա էր նաեւ նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։
Երեւանի քաղաքապետին հանձնելով նվերը՝ Հրաչյա Պողոսյանը տեղեկացրեց, որ որպես վավերականության ապացույց Երեւանի դրոշի հակառակ մակերեսին տիեզերական արշավախմբի եւ տիեզերական կայանների նամականիշերն են, ինչպես նաեւ ռուս տիեզերագնացներ Օլեգ Արտեմեւի եւ Անտոն Շկապլերովի ինքնագրերը։
Հայաստանի հետ կապված գեղեցիկ հիշողությունները շատ են, նույնքան շատ են նաեւ ծրագրերն ու երազանքները, որոնք Հրաչյա Պողոսյանի ջերմ սրտի եւ կամեցողության շնորհիվ ապագայում կյանքի կկոչվեն մայր հայրենիքում։
Նորանոր հաջողություններ, գեղեցիկ մտահղացումների իրականացում եւ ձեռքբերումներ ենք ցանկանում մեր հայրենակցին։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից