Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Արցախ. կառուցվում է Պատարայի ջրամբարը

Արցախի Հանրապետության ջրամատակարարման զարգացման համար կարեւոր նշանակություն ունի Պատարայի ջրամբարի կառուցումը:Աշխատանքներ են կատարվում Կարկառ գետի ջրերը  դաշտերն ու այգիները հասցնելու համար: Ջրատար խողովակներով գետի ջրերը հասցվել են Վարդաձոր, Նախիջեւանիկ եւ Սառնաղբյուր գյուղեր:

Պատարայի ջրամբարի կառուցման նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Այն շահագործելու պարագայում Ստեփանակերտն ամբողջությամբ կապահովի շուրջօրյա խմելու ջրով: Խմելու եւ ոռոգելի մշտական ջուր կունենան նաեւ Ասկերանի շրջանի մի շարք գյուղական համայնքներ:

Պատարայի ջրամբարի շինարարությունը իրականացվելու է  երեք փուլով եւ շահագործումը նախատեսվում է 2025թ.ին: Ծրագիրը նախագծված էր դեռ 2007-ից: Ջրամբարում պետք է ամբարվեր 4 միլիոն խորանարդ մետր ջուր: Ջրի նկատմամբ պահանջը մեծանալու պատճառով այժմ պատրաստել են նոր  նախագիծ: Ջրամբարի ծավալը կընդլայնվի մինչեւ 6 միլիոն խորանարդ մետր: Նախագծի ջրատարի հատվածը մոտ 22 կիլոմետր է: Մայր ջրատարի շինարարությունն ավարտման փուլում է: Շինարարությունը կատարվում է արագ տեմպերով: Ջրամբարի շինարարությունը կավարտվի  երեք տարի հետո: Այն հնարավորություն կտա  Ստեփանակերտից բացի բարելավել նաեւ Մարտունի քաղաքի ջրամատակարարումը:

Պատվարի հատակի նիշը 902 մետր է, կատարինը՝ 955 մետր: Պատվարի բարձրությունը 53 մետր է, որից ջրի առավելագույն բարձրությունը՝ 51 մետր: Այդ դեպքում ջրամբարի հայելու մակերեսը կազմում է 40 հեկտար:

Պատարայի ջրամբարը Արցախի անկախության տարիների ամենամեծ տնտեսական ծրագիրն էր: 22 կիլոմետրանոց խողովակաշարի անցկացման համար ծախսվել է հինգ միլիարդ դրամ: Խողովակաշարը Պատարա գետից ձգվում է Ստեփանակերտ՝ ջուր մատակարարելով ավելի քան 10 բնակավայրի եւ ոռոգելով 2500 հեկտար տարածք:

Հիշեցնենք, որ սկզբնապես նախատեսված էր ջրամբարը օգտագործել միայն գյուղատնտեսական նպատակով:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր