Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախում երեխաներ են ծնվում

Կյանքը շարունակվում է

2020 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իր գործունեությունը իրականացնում էր թվով 17 բուժհիմնարկների միջոցով: Պատերազմի հետեւանքով 4 շրջանային բուժմիավորում (Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի եւ Քարվաճառի), 1 տեղամասային հիվանդանոց,  9  գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: Գրեթե բոլոր բուժհաստատություններում տուժել են սարքավորումները, շենքային պայմանները: Ներկայումս Արցախում հետեւողական աշխատանքներ են կատարվում տեղահանված բուժաշխատողներին այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցում:

Աշխատանքներ են կատարվում պատերազմից տուժած բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման համար: Ավարտվում է մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի շենքի շինարարությունը:2021 թվականին Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության աջակցությամբ Մարտակերտի եւ Մարտունու շրջանային բուժմիավորումների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները կապիտալ վերանորոգվել են: Աշխատանքներ են կատարվում Վանք գյուղի տեղամասային հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրելու հարցում:

Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր քաղաքացիները տեղերում ստանում են անվճար բուժօգնություն. բացառություն են կազմում ստոմատոլոգիական եւ ոչ բժշկական ցուցումներով պլաստիկ ու էսթետիկ ծառայությունները:

  2021 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից 734-ը՝ տղա, 729-ը՝ աղջիկ: Արցախի Հանրապետության Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում այժմ գրանցված են արտամարմնային բեղմնավորման  կարիք ունեցող 180  զույգ:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ