Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Աշոտ Մինասյանն ազատություն ստացավ, գրավով

“Սիսական” ջոկատի հրամանատար, արցախյան երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը (“Աշոտ Երկաթ”) դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ նա արդեն մի քանի ամիս կալանավորված էր: Նա սկզբում մեղադրվում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի, “Պատիվ ունեմ” խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, Դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանի հետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման  եւ իշխանությունը յուրացնելու մեջ: 2021 թվականի դեկտեմբերին այդ գործը կարճվեց, գրավով:

Աշոտ Մինասյանը մեղադրվում էր նաեւ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու մեջ, ինչի համար էլ գտնվում էր կալանքի տակ:

Հունվարի 26-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ քննվել է խափանման միջոց կալանքը փոխելու դիմումը:

Աշոտ Մինասյանը դատարանին ասել է. “Նախ, ինձ համար անակնկալ էին զենքերի տեսակները, նաեւ զենքերի տարեթվերը: Երբ կարդում ենք զենքերի տարեթվերը, 1898 թվականից սկսած զենքեր կան հայտնաբերված, որոնք եկել են Առաջին համաշխարհային պատերազմով, հետո հեղափոխությունով, հետո Երկրորդ համաշխարհային պատերազմով, հետո Չեչնիայի պատերազմով, Արցախի 1-ին, 2-րդ պատերազմներով: Լավ, ես էն թվերի՞ց եմ պատրաստվել այդպիսի  բան անել: Իմ կալիբրի մարդըՙ 3 պատերազմներով անցած, 20 տարի մաքսային ծառայության ղեկավար աշխատած, հրամանատար, տիրապետելով զենքի բոլոր տեսակներին, ուրեմն խելքս չէր կտրո՞ւմ, որ ունենայի “Կոռնետ”, “Ֆագոտ”, էդ թվի զենքերը պետք է հավաքեի՞: Իմ կալիբրի մարդը տանում, զենքերը լցնում է մի տեղ ու հետո մտածում այդ անտեր վիճակի մասի՞ն: Ես չէի կարո՞ղ մի դեպուտատի, մի գեներալի, մի գործարարի ասեիՙ զենքերը պահի: Անտեր վիճակում լցնում էի այնտե՞ղ:

“Ես դատվելուց չեմ վախենում, ազնվորեն եմ ասում: 20 տարվա մեղադրանք եք դնում, դուք երաշխիք ունե՞ք, որ սրանից հետո ես դեռ 20 տարի ապրելու եմ: Ես այդ երաշխիքը չունեմ: Չեմ վախենում դատվելուց, ինձ միշտ հետաքրքիր է եղել իմ պետության ճակատագիրը: Մեկ տարի եղել եմ ազատության մեջ, 4 անգամ այցելել եմ Արցախ, ամեն այցելելուց զանգել եմ ԱԱԾ քննիչներին, տեղյակ եմ պահել, որ գնում եմ Արցախ: Եթե մի  տեղ ունեմ գնալու, էդ Արցախն է”:

Դատարանի որոշմամբՙ Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց 2 միլիոն գրավի դիմաց եւ չհեռանալու մասին ստորագրությամբ:

ՆԱԻՐ ՅԱՆ