Զրույց կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանի հետ
…«Ուշքի եկեք՝ պահը նորից մոտենում է: Հիմա այն հազվադեպ բարենպաստ պահերից մեկն է, երբ մենք կրկին կանգնած ենք մեր հնարավորությունների իրագործման շեմին եւ միայն մեզանից է կախված՝ օգտվելո՞ւ ենք, թե՞ ոչ…»,- սա կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանի արձագանքն է եղել ընդդիմադիր ուժերի նախաձեռնած ակցիաներին, որը վերածվել է Դիմադրության շարժման՝ ընդդեմ Արցախը հանձնած, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած եւ արդեն Հայաստանի գոյությունն օրեցօր ավելի վտանգող իշխանությունների:
-Պարոն Մեսրոբյան, դուք մշտապես, ձեռքը պահած երկրի զարկերակին, բարձրաձայնել եք բոլոր մարտահրավերների մասին: Եվ վերջին օրերի իրադարձությունների մասին ձեր միտքն եք վերահաստատել. «2008-ից ցայսօր ակտիվ ոչնչացնում էին Հայի Ոգին, իսկ այժմ եկել է Հայի մեջքն ուղղելու պահը՝ հզոր Հայոց Երկիր հիմնելու նպատակով»: Որո՞նք են լինելու «հզոր Հայոց Երկիր» կառուցելու ուղիներն իշխանափոխության հասնելուց հետո: Որտե՞ղ ենք սայթաքել Հայաստանի անկախացումից ի վեր:
-Ես մի քանի դրույթ կառանձնացնեմ, որոնք ճակատագրական են եղել մեզ համար:
Առաջին. 1918-ից եւ 1991-ից մեր պետությունը սկսել ենք կառուցել առանց ռազմավարական ծրագրի: Դա անընդունելի է: Մի պարզ ու կոպիտ փաստարկ բերեմ. երբ սովորական բիզնեսմենը մի «դախլ» է ուզում բացել, նրան ասում են, որ պետք է գնա բանկ եւ վարկ ստանալու համար ներկայացնի բիզնես պլան: Ի՞նչ է՝ Հայաստան-պետությունը մի «դախլի» չափ չկա՞, որ ռազմավարական ծրագիր չունենք, երբ հրաժարվում ենք ծրագրային պետականաստեղծ մոտեցումից, բերելով «հիմա դրա ժամանակը չէ» հիմար հիմնավորումը:
Երկրորդ. դարերի ընթացքում, երբ գրեթե 7 հարյուրամյակ չունեինք պետականություն եւ մեր մեջ էլ ավելի է արմատավորվել բացասական ընտրասերումը, մեր հասարակությունում, որպես կանոն, անմիտ, անարժան մարդն իրեն ավելի կոմֆորտ է զգում: Անարժանին ավելի մեծ հնարավորություն է ընձեռվում կարիերայի սանդուղքով բարձրանալու համար, քան արժանի մարդուն: Ես չեմ տա տարբեր ժամանակների նախագահների, վարչապետների եւ նախարարների որակավորումները: Բայց ունենալով կակոկրատական (կակոկրատիա. հունարենից՝ կակոս – անարժան, կրատոս – իշխանություն) հոգեկերտվածք, երբ թե՛ առօրյա կյանքում եւ թե՛ պետական նշանակումներ անելիս կիրառում ենք բացասական ընտրասերումը, նախապատվությունն, ի վերջո, տալով անարժաններին, հրապուրվելով նրանց կեղծ բարեհունչ խոսքերով ու խոստումներով: Իսկ դա սկսվում է դեռ դպրոցից: Առանց արժանի կադրերի, կայուն եւ հզոր պետություն ստեղծելն անհնարին է:
Երրորդ. համահայկական ավերիչ բացասական կողմը՝ մեր սարսափելի կեղծավորությունն է: Ես հետեւում եմ եւ՛ իրական կյանքում, եւ՛ համացանցում շատերի գործունեությանը. մարդիկ կան, որոնք ինչքան անբարո են, այնքան ավելի շատ են ճառում վեհ արժեքների մասին: Իսկ ըստ աշխարհահռչակ հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի տեսության՝ մարդը բարձրաձայնում է այն, ինչից զուրկ է:
Ահա այս կործանարար հատկանիշներն են մեր երկիրը քանդում: Դրա համար չունենք մտավորականություն: Մինչդեռ մտավորականությունն՝ ազգի իմունային համակարգն է: Երբ ազգը չունի մտավորականություն, նրա «իմունային համակարգը» դառնում է խոցելի մարտահրավերներն ընկալելու եւ դիմադրելու հանդեպ:
-Կարո՞ղ ենք այս շարքին հավելել նաեւ ազգին շարունակ «ներկաների-նախկինների» ճամբարների բաժանելու ոչ պակաս կործանարար քարոզչական թեզերը…
-Փայլուն դիտարկում: Բաժանարար գծերը միտումնավոր տանում են ոչ միայն ներկայիս, այլ նաեւ անցյալի նկատմամբ, ինչպես նաեւ ոչ միայն մեր երկրի պարագծից ներս, այլ նաեւ դուրս: Մի օրինակ բերեմ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց մոտ 2.5 տարի եւ ավարտվեց Ալեքսանդրապոլի անփառունակ պայմանագրով, ըստ որի մեզ մնում էր 10.000 քառ. կմ պակաս տարածք: Եկավ Խորհրդային Հայաստանի շրջանը, երբ Հայաստանն ուներ շուրջ 30.000 քառ. կմ տարածք: Ես Խորհրդային Միության ջատագովը չեմ եւ ուսումնասիրել եմ այդ ժամանակահատվածի պատմության մութ էջերը: Բայց ես փորձագետ եմ եւ երեւույթները դատում եմ ըստ արդյունքների: Եվ երբ գրանտալափները մեր երկրի դարդերը թողած գիշեր ու զօր քարոզում են ռուսատյացություն, խեղաթյուրելով պատմությունը, փաստենք, որ 30.000-ը շատ ավելի մեծ է 10.000-ից: Պետք է վիճաբանել փաստերով: Երկիրը խոսքերով չի կառուցվում: Եվ կեղծ «ներկաների-նախկինների» ծիրում փաստենք, որ 20-րդ դարի վերջին ունեցանք ազատագրված Արցախ, որը պահպանվել է հենց «նախկինների» օրոք, մի կողմից, իսկ մյուս՝ այսօրվա մեր իշխանությունների կազմում տարբեր բարձր պաշտոններում ներգրավված են կարկառուն «ամենանախկիններն»՝ ի դեմս ՀՀՇ-ի կադրերի, սկսած այսօրվա նախագահից:
-2018-ին փողոցները եւս մարդաշատ էին: Եվ տարատեսակ տեխնոլոգիաների միջոցով ժողովրդական ալիքի վրայով իշխանության եկան թրքա-անգլոսաքսոնական կոնգլոմերատին ծառայող ուժերը եւ արդյունքում՝ կորցրեցինք Արցախ, կորցրեցինք մի ամբողջ սերունդ… Դիմադրության շարժման շնորհիվ կկարողանա՞նք հեռացնել այս վարչախմբին՝ որպես երկիրը պահպանելու կենսական քայլ:
-Դարձյալ հիշենք պատմությունը. Առաջին Աշխարհամարտի ժամանակ ո՞ր պետության զորքերն էին գտնվում Ադրբեջանում: Անգլիական, ճի՞շտ է: Անգլիան 19-րդ դարի կեսերից իր մշտնջենական շահերն ունի Ադրբեջանում՝ կապված, մասնավորապես, «Բրիտիշ Պետրոլիում» ընկերության հետ: Այսօր էլ իրենց համար դա անփոխարինելի է: Եվ նշված պայմաններում 2018-ին ինչո՞ւ հաջողվեց Հայաստանում իշխանության բերել նման օտարահպատակ ուժեր: Պատասխանը մեկն է. որովհետեւ ամենից առաջ չունենք երկրի զարգացման ծրագիր, իսկ հետո այն, որ մեր երկրում գոյություն ունի գրանտալափների շատ վտանգավոր խնդիրը: 2018-ի իրադարձությունները ֆինանսավորվում էին դրսից եւ Հայաստանում բոլոր գրանտալափները լծվել էին իշխանափոխության գործին…
Դեռ անցյալ դարի 90-ականներից ես ասում եմ, որ Հայաստանում գրանտալափությունն արգելող օրենք պետք է մշակել եւ ընդունել, ինչպես ԱՄՆ-ում 1930-ականներին ընդունվեց մի փայլուն օրենք՝ FARA-ի (Foreign Agents Registration Act) օրենքը: Նման օրենք պետք է ընդունվեր Արցախյան հաղթանակից անմիջապես հետո՝ 1994-ին: Առաջին վտանգավոր ազդանշանը եղել էր 2008-ին: Եվ ինչո՞ւ մինչ օրս դիմադրության շարժման կազմակերպիչները չեն բարձրաձայնել այս թիվ 1 վտանգի մասին: Դա պետք է մեր ազգային անվտանգության հիմքը լինի:
Ի դեպ, մեր մշակած «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի մեջ հատուկ նշանակություն է տրված հենց FARA-ի օրենքի հայկական տարբերակին, այդ թվում՝ Սփյուռքի հետ աշխատելիս, որովհետեւ օտարերկրյա ուժերը Սփյուռքի միջոցով էլ փորձում են գործակալական ցանց ներդնել մեր երկրում:
-Պարոն Մեսրոբյան, ուզում եմ հիշենք, որ 2018-ին, երբ իշխանության եկան ներկա ուժերը, առաջին քայլերից մեկը Հայ Առաքելական եկեղեցուն՝ հարվածելն էր: Երբ իշխանափոխություն լինի, հնարավոր համարո՞ւմ եք, որ, որպես ազգային պետության կայացման քայլերից մեկը ստեղծվի Ազգային խորհուրդ, որտեղ ընդգրկվեն նաեւ հեղինակություն վայելող հոգեւորականներ՝ Ազգ-Եկեղեցի-Պետություն կոնցեպտը վերականգնելու համար:
– Եթե պետական մարմիններում աշխատեն արժանիներ եւ պետական կառավարման համակարգը փոխվի, որեւէ լրացուցիչ կառույցի անհրաժեշտությունը չենք ունենա: Մի բանի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել. երբ ԱՄՆ-ում որեւէ մարդ քաղաքացիություն է ստանում, նա անգամ երդում է տալիս, որ ծառայելու է միմիայն ԱՄՆ-ի պետական շահերին: Եվ երբ մեր երկրում պետական պաշտոնյաների՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմիններում նշանակումներ են անում, հաշվի չեն առնվում այս բացահայտ մարտահրավերը: Հիմա մենք, լինելով աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, սա հաշվի պիտի առնե՞նք, թե՞ ոչ: 1991-ից բոլոր պաշտոնյաները ստուգվե՞լ են, թե ո՞ր երկրի քաղաքացի են եղել կամ կան: Գոնե այս տարրական փաստը պետք չէ՞ հաշվի առնել մեր պարագայում:
-Պարոն Մեսրոբյան, այսօրվա դիմադրության շարժման քարոզչական տեխնոլոգիաների մասին կուզենայի խոսեք, մանավանդ, որ արձանագրել եք՝ այս շարժումից, ի տարբերություն 2018-ի, ազգային հոտ է գալիս:
– Հարցին պատասխանեմ բարոյահոգեբանական տեսանկյունից:
Առաջին. այս շարժման մեջ շատ եմ նկատում հայացքներ ու դեմքեր, որոնք ես տեսել եմ նաեւ 1988-ին, իսկ 2018-ին՝ ոչ:
Երկրորդ. ես ուրախ եմ, որ շատ են հնչում «ազգ» եւ «ժողովուրդ» բառերը, որը կարեւոր է: Գրեթե չի գործածվում «հանրություն» արհեստական եւ վտանգավոր եզրույթը: Դա 10-12 տարի առաջ միտումնավոր ներմուծվեց մեր բառապաշար գրանտալափների կողմից, իսկ հետո օրվա իշխանությունները «թութակի պես» սկսեցին այն կրկնել: Միթե՞ այդքան անսկզբունքային ենք, որ «ազգ» կամ «ժողովուրդ» բառերը դուրս ենք մղել մեր բառապաշարից: Նայեք ու լսեք թեկուզ 1988-ի բոլոր հանրահավաքների ելույթների ձայնագրությունները եւ գոնե 1 անգամ չեք լսի այդ արհեստածին՝ «հանրություն» բառը: Սիմվոլները եւ բառերը կերտում են մեր լեզվամտածողությունը եւ հոգեկերտվածքը: «Ժողովուրդ» եզրույթը կարեւոր է, քանի որ «ժողովել» նշանակում է՝ «հավաքել, ի մի գալ»: Իսկ «ազգ» եզրույթն ունի իմաստային խորքային արմատներ: Այս բառերը դուրս մղելով, մեզ կտրում ենք մեր արմատներից: Թվում է թե մանրունք է, բայց դա այդպես չէ:
– Ի՞նչ պիտի անեն դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերը, որ պառակտումներ չլինեն եւ ժողովրդական ալիքից հետո մի ապազգային խմբակին ակամա մեկ այլ գործակալով փոխարինելու վտանգի առաջ չկանգնենք ու չտապալվենք:
-Պատկերավոր նկարագրելու համար բերենք հենց Ուկրաինայի օրինակը: 2014-ին «գունավոր» հեղափոխության ալիքի վրա քողարկված իշխանության եկան «ազգայնական» գրատնալափները, որոնք սնվում էին անգլոսաքսոնական կենտրոններից: Ես անգլոսաքսոնական կառավարման մասնագետ եմ, դա լավ եմ ուսումնասիրել եւ պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն դեռ խորհրդային ժամանակներին: Իսկ 2019-ին Ուկրաինայում ընտրությունների արդյունքում իշխանության եկան ապազգային գրատնալափ ուժերը, որոնք նույնպես սնվում են նույն կենտրոններից: Անգլոսաքսոնական կառավարման մեջ գործում է «ճոճանակի սկզբունքը». Ուկրաինայի ժողովուրդը, փաստորեն, հոգնելով «ազգայնականներից», 2019-ին ընտրեց, թվում է թե, նրանց հակառակորդներին՝ ապազգայիններին, բայց Ուկրաինայի օտարերկրյա տերերը, իրականում, չեն փոխվել:
2018-ին Հայաստանում իշխանության եկան ապազգայինները: Իսկ այսօր «ազգայնական» գրանտալափների դիմագրքի էջերում շատ են Ուկրաինայի եւ ռուսատյաց թեմաները: Ու գրեթե չեն խոսում Արցախից, պատերազմից, մեր ծանր կորուստների մասին, չեն նկատում, որ արդեն Հայաստանն էլ ենք կորցնում: 2016-ին՝ քառօրյա պատերազմից հետո, երբ կազմակերպվեց ՊՊԾ գնդի գրավումը, նրանք պատճառաբանում էին, թե մի քանի հարյուր հեկտար հող է անցել թշնամուն: Իսկ 2020-ին Արցախում ոչ թե մի քանի հարյուր հեկտար ենք կորցրել, այլ 10.000 քառ. կմ տարածք, բայց ի պատասխան դրան, ոչ մի բան չեն «գրավում»: Զարմանալի չէ՞…
Անգլոսաքսերն արդեն մի քանի դար մահացու պատերազմ են մղում ընդդեմ Ռուսաստանի: Ի դեմս Ուկրաինայի՝ նրանց հաջողվեց ունենալ հակառուսական ուժ, դաշնակից: Հիմա նույնն ուզում են անել այստեղ, ինչը հանգեցնելու է մեր երկրի վերջնական կործանմանը, ինչպես մեր աչքի առաջ կործանվում է Ուկրաինան:
-Պարոն Մեսրոբյան, կուզենայի մեր զրույցն ավարտենք հենց «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի մասին խոսելով: Ինչպե՞ս կառուցել կայուն ու հարատեւ երկիր:
-Մենք չպետք է թույլ տանք, որ հերթական անգամ պետականություն կորցնենք: Իսկ դրա համար «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի հիմքում դրել ենք հետեւյալ կարեւոր ուղղությունները. Մերիտոկրատական պետական կառավարման համակարգի ձեւավորում, Պետականության անխախտ եւ կայուն հարատեւման ապահովում, Անվտանգության երաշխավոր հանդիսացող բանակի ձեւավորում, Նախաձեռնողական արտաքին քաղաքականության ձեւավորում, Իրավական համակարգի ձեւավորում, Մրցունակ տնտեսական մոդելի ներդրում, Տարածքային համաչափ զարգացում, Ժողովրդագրական դրական դինամիկայի ապահովում, Սփյուռքի համախմբում եւ կառուցվածքային համակարգում, Մրցունակ ազգային սերունդների ձեւավորում…
Մեկ կարեւոր հարց եւս. հաշվի առնելով, որ մեր պետությունն արագ գահավիժում է, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրում ստիպված սկսում ենք Անցումային դրույթների մշակումը, որպեսզի նախատեսվի կարեւոր փուլ, երբ մեր պետությունն անհրաժեշտ է պատրաստել «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի մեկնարկին:
Սա է միակ մոտեցումն ազգային, հզոր պետություն ունենալու համար:
Զրուցեց՝ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ