Ամերիկահայ դերասանուհի եւ թատերագիր Թալին Մոնահոնը հայտնի է իր ինքնատիպ ու սուր երգիծական գործերով: Բոսթոնում ծնված եւ Նյու Յորքում բնակվող Թալինն ունի հայկական եւ իռլանդական արմատներ, որոնք հաճախ արտացոլվում են նրա ստեղծագործություններում՝ ինքնության, ներգաղթի, մշակութային հիշողության եւ պատկանելության թեմաների միջոցով: Որպես թատերագիր Թալին Մոնահոնը հայտնի է «Ինչպես լիցքավորել հրացանը», «Ջեյն Էնգր», «Բարի Ջոն Փրոքթորը» եւ հատկապես «Ծանոթացեք Քարթոզյանների հետ» թատերախաղերով: Վերջինս պատմում է ամերիկահայերի երկու սերունդի մասին՝ ներգաղթի, ազգային ու մշակութային ինքնության, ինչպես նաեւ ամերիկյան հասարակությանը «պատկանելու» խնդիրների վերհանմամբ: Պիեսի առանցքում 1920-ականներին ԱՄՆ-ում տեղի ունեցած դատավարությունն է, որի ընթացքում քննվել է հայերի՝ սպիտակ ռասային պատկանելու հարցը: Անցյալ տարի այն ներկայացվել է Նյու Յորքի Սեքոնդ Սթեյջ թատրոնում՝ հայազգի դերասաններ Թամարա Սեւունցի, Անդրեա Մարթինի եւ Րաֆֆի Բարսումյանի դերակատարմամբ, իսկ վերջերս մտել է Փուլիցերյան մրցանակի եզրափակիչ փուլ՝ «թատերգություն» անվանակարգում:
Բացի գրելուց, Թալին Մոնահոնը նաեւ ակտիվորեն զբաղվում է դերասանությամբ եւ դասավանդում է թատերագրություն: 2023 թվականին նրան ներառել են «Նոր բարձրացող թատերական աստղերի» ցանկում:









